Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն արդարացվել է
 |hetq.am|
11:17 - 25 հուլիսի, 2022

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն արդարացվել է |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանի, արդարացրել է «Մապի Ալիկ» անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանին, ով մեղադրվում էր բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին փողերի լվացման հարցում օժանդակելու մեջ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:

Ալեքսան Պետրոսյանն, ըստ գործի, հանդիսանալով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «ՄԱՊ» ՓԲ ընկերության սեփականատեր, իսկ 2003-2007թթ. ընթացքում զբաղեցնելով Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը, մտերիմ հարաբերություններ է ունեցել ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններում տարբեր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Արամ Հարությունյանի հետ:

Արամ Հարությունյանի վերաբերյալ գործի համաձայն՝ վերջինս, 2007թ. հունիսի 8-ին նշանակվել է Բնապահպանության նախարար և կառավարության որոշման համաձայն՝ ի պաշտոնե հանդիսացել նաև ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ:

2007թ. ընթացքում Ալեքսան Պետրոսյանի որդին՝ «ՄԱՊ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մակար Պետրոսյանը, հանքարդյունաբերությամբ զբաղվելու մտադրություն է ունեցել և, հանդիսանալով նաև «Լուլիար» ՍՊ ընկերության սեփականատեր և տնօրեն, լիազորված անձի միջոցով 2007թ. հոկտեմբերի 5-ին մասնակցել է Արամ Հարությունյանի ղեկավարած ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից կազմակերպված ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման առաջնահերթություն ստանալու աճուրդին, որտեղ հաղթող է ճանաչվել «Լուլիար» ՍՊ ընկերությունը, որին տրվել է ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության «թիվ 55» հատուկ լիցենզիան` Տավուշի մարզի Սառնաղբյուրի պղնձի երևակումում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու համար:

2007թ. աշնանը Արամ Հարությունյանը «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, իր մտերիմ Սուրեն Միքայելի Ավագյանից տեղեկացել է, որ գործարար Սիլվա Համբարձումյանն ունի ՀՀ-ում հանքարդյունաբերությամբ զբաղվելու մտադրություն և հետաքրքրություն է դրսևորել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության լիցենզիաներ ձեռք բերելու հարցում:

Արամ Հարությունյանը, քննարկումների ժամանակ Սիլվա Համբարձումյանից տեղեկանալով, որ նա հետաքրքրություն է դրսևորել ՀՀ տարբեր բնակավայրերում գտնվող երեք հանքերևակումների, այդ թվում՝ Տավուշի մարզի Սառնաղբյուրի պղնձի հանքերևակման նկատմամբ, նրան հայտնել է, որ Տավուշի մարզի Սառնաղբյուրի ուսումնասիրության հատուկ լիցենզիան արդեն իսկ ձեռք է բերել իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, «ՄԱՊ» ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանը, սակայն նա ունի հնարավորություն գումարի դիմաց կազմակերպել նշված, ինչպես նաև մյուս երկու լիցենզիաները Սիլվա Համբարձումյանին տրամադրելու գործընթացը: Սիլվա Համբարձումյանը համաձայնել է, որից հետո Արամ Հարությունյանը, նյութական շահագրգռվածությունից ելնելով, Սիլվա Համբարձումյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն՝ կազմակերպել է «Լուլիար» ՍՊ ընկերությունը լիցենզիայով հանդերձ Սիլվա Համբարձումյանին փոխանցելու գործընթացը:

Այնուհետև, հերթական հանդիպումների ժամանակ Արամ Հարությունյանը, Սիլվա Համբարձումյանից հավաստիանալով, որ նա պատրաստակամ է առանձնապես խոշոր չափերի կաշառք տալ թվով 10 ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ ձեռք բերելու համար, տվել է իր համաձայնությունը նրա օգտին իր լիազորությունների շրջանակներում գործողություններ կատարելու հարցում և առաջարկել ուսումնասիրել երկրաբանական ֆոնդի տվյալներն ու ներկայացնել առաջարկություն հետաքրքրող կոնկրետ հանքերևակումների վերաբերյալ:

Արդյունքում` 2008թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Սյունիքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի տարբեր բնակավայրերում գտնվող վերոհիշյալ հանքերևակումների ուսումնասիրության թվով 10 հատուկ լիցենզիաներն անցել են Սիլվա Համբարձումյանին պատկանող ընկերությունների տրամադրության տակ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2008թ. հունվար ամսից մինչև նույն տարվա նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, ուսումնասիրության հատուկ լիցենզիաները Սիլվա Համբարձումյանին փոխանցելու գործընթացին զուգահեռ՝ վերջինս «ՎՏԲ-Հայաստան» բանկի գլխամասի իր տնօրինության տակ գտնվող հաշվեհամարներից կանխիկացրել և Սուրեն Ավագյանի միջոցով Արամ Հարությունյանին է տվել 6 մլն ԱՄՆ դոլար կաշառքի գումարը:

Պահանջված կաշառքի գումարի մյուս մասը՝ 8 մլն ԱՄն դոլարը, Արամ Հարությունյանը Սիլվա Համբարձումյանից 2008-2011թթ. ընթացքում ստացել է բանկային փոխանցումների եղանակով ու այդ հարցում պաշտոնատար անձին օժանդակել են նրա մտերիմներ Արմեն Խաչատրյանը, Գագիկ Կարապետյանը, Վիկտոր Մարտիրոսյանը և վերջին երկուսի ու Արամ Հարությունյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, 1990-ական թվականներից Արաբական Միացյալ էմիրություններում մշտական բնակություն հաստատած, անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող, ՀՀ քաղաքացի Արաքս Դիլանյանը:

Ալեքսան Պետրոսյանի վերաբերյալ գործի համաձայն՝ վերջինիս Արամ Հարությունյանն առաջարկել է օժանդակել իրեն:

Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի ձևակերպման համաձայն՝ 2011թ. սկզբներին Ալեքսան Պետրոսյանը բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արամ Հարությունյանից տեղեկացել է, որ նրա պաշտոնավարման ընթացքում թույլ տված վերոհիշյալ հանցավոր գործունեության արդյունքում ստացված գումարից ավելի քան 5 մլն ԱՄՆ դոլարը մուտքագրվել է Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող, նրա կողմից տնօրինվող բանկային հաշվեհամարներին և նպատակադրվել է հանցավոր ճանապարհով ստացված գումարի ծագման իրական աղբյուրը քողարկելու, դրանց օրինական տեսք տալու նպատակով գումարները փոխանցել ՀՀ տարածք, այդ կերպ դրանք տնօրինելու հնարավորություն ստանալ, որպիսի գործողությունները կատարելուն օժանդակելու առաջարկություն է ներկայացրել Ալեքսան Պետրոսյանին:

Ալեքսան Պետրոսյանն, ըստ մեղադրանքի, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն օժանդակելու դիտավորությամբ, առաջարկն ընդունել է և պատրաստակամություն հայտնել կազմակերպել իրեն պատկանող, Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված՝ «Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության և Հայաստանում գործունեություն իրականացնող «ՄԱՊ» ՓԲ ընկերության միջոցով գումարները Հայաստանի Հանրապետություն փոխանցելու, դրանք կանխիկացնելու և պաշտոնատար անձին տրամադրելու գործընթացը:

Այնուհետև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ալեքսան Պետրոսյանը Արամ Հարությունյանին է տրամադրել «Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության՝ Շվեյցարիայի Համադաշնության Ցյուրիխ քաղաքում գտնվող բանկերից մեկում իր հաշվեհամարը, որից հետո Արամ Հարությունյանը կազմակերպել է Սիլվա Համբարձումյանից ստացած առանձնապես խոշոր չափերով կաշառքի գումարի՝ 5.049.005 ԱՄՆ դոլարի փոխանցումն այդ հաշվեհամարին:

Ըստ մեղադրանքի՝ Արամ Հարությունյանի պահանջով նրա մտերիմ Վիկտոր Մարտիրոսյանը 2011թ. մարտի 24-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի բանկերից մեկի իր հաշվեհամարից 2.001.005 ԱՄՆ դոլար, իսկ 2011թ. մարտի 29-ին Արամ Հարությունյանն անձամբ Աբու Դաբի քաղաքի նույն բանկի իր հաշվեհամարից 3.047.975 ԱՄՆ դոլար գումարները փոխանցել է «Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության վերը նշված հաշվեհամարին: Այնուհետև Ալեքսան Պետրոսյանն իրեն պատկանող կազմակերպության հաշվեհամարին ստացված գումարներից 1.901.000 ԱՄՆ դոլարը՝ 2011թ. մարտի 28-ին, իսկ 3.048.000 ԱՄՆ դոլարը՝ մարտի 29-ին փոխանցել է Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող բանկի իր անձնական հաշվեհամարին, ապա տարբեր ժամանակահատվածներում դրանք կրկին մուտքագրել «Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության ինչպես վերոհիշյալ, այնպես էլ այլ բանկերում եղած տարբեր հաշվեհամարների:

Դրանից հետո «Տառասկո Ինվսեթմենթ» ՍՊ ընկերության և «ՄԱՊ» ՓԲ ընկերության միջև 2009թ. հունվարի 5-ին կնքված անտոկոս փոխառության պայմանագրի ուժով 2011թ. մարտի 29-ից մինչև 2014թ. օգոստոսի 25-ն ընկած ժամանակահատվածում Ալեքսան Պետրոսյանը նշված գումարից 2.792.730 ԱՄՆ դոլարը փոխանցել է «ՄԱՊ» ՓԲ ընկերության Հայաստանյան բանկերում եղած հաշվեհամարներին, իսկ մնացած մասը տնօրինել «Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության միջոցով, օգտագործել բիզնես գործունեության նպատակով:

«Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարներից «ՄԱՊ» ՓԲ ընկերության հաշվին գումարներ փոխանցելուն զուգահեռ Ալեքսան Պետրոսյանը ինչպես հիշյալ գումարներից, այնպես էլ իր անձական միջոցներից, 2011թ. ապրիլ ամսից մինչև 2016թ. դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Արամ Հարությունյանին մաս-մաս տվել է նրա կողմից «Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության հաշվեհամարին փոխանցված ընդհանուր 1.861.586.143 ՀՀ դրամին համարժեք 5.049.005 ԱՄՆ դոլար գումարը:

Այսինքն՝ ըստ մեղադրանքի՝ Ալեքսան Պետրոսյանը վերը նշված գործողություններով օժանդակել է պաշտոնատար անձ Արամ Հարությունյանի կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերած՝ առանձնապես խոշոր չափերով՝ 14 մլն ԱՄՆ դոլար կաշառքի մաս կազմող՝ 5.049.005 ԱՄՆ դոլար գումարն օրինականացնելուն, սակայն, նկատի ունենալով, որ Պետրոսյանն արդարացվել է, կարելի է եզրակացնել, որ Հարությունյանին վերջինիս կողմից օժանդակելու հանգամանքը դատարանում գործի քննության արդյունքում չի հիմնավորվել, Ալեքսան Պետրոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել: Դատարանում գործի քննության ընթացքում մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս վերջինս նշել է, որ իրավական առումով իր համար պարզ է, թե ինչ հոդվածով են իրեն մեղադրանք առաջադրել, սակայն մեղադրանքի էությունը պարզ չէ, մասնավորապես՝ իրեն պարզ չէ, թե ինքը ե՞րբ է սկսել օժանդակել Արամ Հարությունյանին, ե՞րբ՝ ավարտվեց օժանդակելը, ինչպես է օժանդակել, ի՞նչ գործողություններով, իր համար պարզ չէ նաև, թե Արամ Հարությունյանն ինչպե՞ս է լվացել փողերը, որտե՞ղ, ի՞նչ գործողություններով և որտեղի՞ց ինքը պիտի իմանար այս ամենի մասին:

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում դատավճիռն ամբողջությամբ դեռևս տեղադրված չէ, մեզ հայտնի չէ, թե դատավորը կոնկրետ ի՞նչ հիմնավորումներով է արդարացրել նախկին պատգամավորին:

Ալեքսան Պետրոյսանի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվել երկուսուկես տարի առաջ՝ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին: Այդ ժամանակ գործը մակագրվել էր դատավոր Վարդան Արմենակի Գրիգորյանին: Դատավորն արդեն ավարտին էր մոտեցնում գործի քննությունը, սակայն դատավճիռ չհասցրեց հրապարակել: Վերջինիս լիազորությունները դադարեցին՝ դատավոր լինելու համար սահմանված տարիքը լրանալու կապակցությամբ, որից հետո` 2020 թվականի օգոստոսին, գործը վերամակագրվեց դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանին, ով Պետրոսյանին արդարացնել է մեկ ամիս առաջ՝ 2022 թվականի հունիսի 26-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել