Հայաստանյան լրատվամիջոցները մանիպուլյատիվ են ներկայացնում ԱՄՆ դեսպանության հայտարարությունը
15:28 - 20 հուլիսի, 2022

Հայաստանյան լրատվամիջոցները մանիպուլյատիվ են ներկայացնում ԱՄՆ դեսպանության հայտարարությունը

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ երեկվանից լուր են տարածում Հայաստանում Ամերիկայի դեսպանության հաղորդագրության վերաբերյալ։

Լուրի սկզբնաղբյուրն oragir.news կայքն է, որը երեկ «ԱՄՆ-ի դեսպանատունը մտահոգված է ՀՀ-ում բնակվող իր քաղաքացիների անվտանգությամբ» վերտառությամբ նյութ է հրապարակել։

«Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ կամավորների են հավաքագրում արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, էվակուացնելու ու վնասվածքների մասին հաղորդումներ տալու համար»,- ասվում է նյութում։ 

Իսկ վերջում նշվում է․ «Հարց է առաջանում․ արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը իսկապես այսքան լի է վտանգներով, ի՞նչ գիտեն ԱՄՆ-ի դեսպանատանը, որից մենք տեղյակ չենք, որ այսքան մտահոգված են իրենց քաղաքացիների անվտանգությամբ» (արխիվացված հղումը)։ 

Oragir.news-ին հղումով այս լուրը հրապարակել է նաև lurer.com-ը (արխիվացված հղումը)։

Armlur.am-ն էլ  գրել է․ «Այսքանից հետո հարց է առաջանում․ ինչ վտանգների մասին է ակնարկում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում, ինչ է հայտնի ԱՄՆ-ի դեսպանատանը, որ այսքան մտահոգված են իրենց քաղաքացիների անվտանգությամբ» (արխիվացված հղումը)։

Լուրը armlur.am-ի տեքստով հրապարակել է news.am(արխիվացված հղումը)։

 

Ի՞նչ հայտարարության մասին է խոսքը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հուլիսի 11-ին հաղորդագրություն է տարածել, որտեղ խոսվում է Համայնքային կապի կամավորների (Community Liaison Volunteer) պարտականությունների մասին, ինչպես նաև նշվում է, թե Հայաստանի որ հատվածներից կամավորների կարիք կա։

Այն երկրներում, որտեղ ԱՄՆ-ն դեսպանություն կամ հյուպատոսություն ունի, կամավորներն անհրաժեշտ են, որ տեղեկություններ փոխանցեն իրենց բնակության վայրերում ապրող ԱՄՆ քաղաքացիների մասին։

Օրինակ, եթե դեսպանատանն իմանան, որ տվյալ երկրի մայրաքաղաքից հեռու ամերիկացի  է վիրավորվել, կարող են խնդրել կամավորին այցելել հիվանդանոցում գտնվող վիրավորին և զեկուցել նրա վիճակի մասին:

Նմանատիպ հաղորդագրությունները, սակայն, չեն վերաբերում միայն ԱՄՆ-ի՝ Հայաստանում գործող դեսպանությանը։ Տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանությունների և հյուպատոսությունների պաշտոնական կայքերում կարելի է հանդիպել տարբեր ժամանակահատվածներում հրապարակված նմանատիպ բովանդակությամբ հաղորդագրությունների:

Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանության կայքում, օրինակ, ևս կա հաղորդագրություն այն մասին, որ դեսպանությունը փնտրում է կամավորների՝ Ֆրանսիայի տարբեր շրջաններում ԱՄՆ քաղաքաիցներին օգնելու համար, եթե դրա կարիքն ունեն։

Ճապոնիայում ԱՄՆ դեսպանության կայքի հաղոդրագրությունում էլ կարող ենք տեսնել, որ ինչպես Հայաստանի դեպքում, նշված են երկրի այն քաղաքները, որտեղից կամավորների կարիք կա։

Կամավորների մասին հաղորդագրություն կարող ենք գտնել նաև այլ երկրներում ԱՄՆ դեսպանությունների կայքերում (1, 2, 3, 4

Այսպիսով, հայաստանյան լրատվամիջոցները մանիպուլյատիվ են ներկայացնում ԱՄՆ դեսպանության հայտարարությունը։ Այս ստանդարտ հաղորդագրությունն իրենց կայքերում տեղադրում են տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանություններն ու հյուպատոսությունները: Իսկ նպատակն այդ երկրներում կամավորների հավաքելն է, որոնք կարիքի դեպքում կօգնեն բնական աղետներից կամ արտակարգ իրավիճակներից տուժած ԱՄՆ քաղաքացիներին։

Այսօր պարզաբանող հայտարարություն է տարածել նաև ԱՄՆ դեսպանությունը։ 

«Ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանությունները պարբերաբար հավաքագրում են համայնքի հետ կապի կամավորների, որոնք օգնում են տեղեկությունների փոխանցման և այլ երկրում բնակվող կամ ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում։ Սա հյուպատոսական ծառայությունների առօրյա աշխատանքի մաս է»,- ասվում է հայտարարության մեջ։ 

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել