Դատարանը մերժեց դատավորներ Գևորգ Նարինյանի, Արա Կուբանյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը
22:39 - 15 հուլիսի, 2022

Դատարանը մերժեց դատավորներ Գևորգ Նարինյանի, Արա Կուբանյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

#Կարճասած

  • ՀՀ սնանկության դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավորներ Գեւորգ Նարինյանի, Արա Կուբանյանի եւ եւս երկու անձի վերաբերյալ գործով այսօրվա դատական նիստին պաշտպանական կողմը քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացրեց՝ այն հիմնավորմամբ, որ 2003 թ․ Քրեական օրենսգիրքը, որով նախատեսված հոդվածները նրանց մեղսագրվում են, օրեր առաջ՝ 2022 թ․ հուլիսի 1-ին, ճանաչվել է ուժը կորցրած։
  • Հանրային մեղադրող (դատախազ) Արամ Արամյանը, սակայն, առարկեց միջնորդության դեմ՝ պնդելով, որ մեղսագրվող արարքները, միեւնույն է, հուլիսի 1-ին ուժի մեջ մտած նոր օրենսգրքով եւս քրեականացված են։ Տուժող Սիմոն Աղեկյանը միացավ նրա առարկությանը։
  • Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ առանձին սենյակ՝ միջնորդության վերաբերյալ դատական ակտ կայացնելու, որտեղից կարճ ժամանակ անց վերադառնալով՝ որոշեց մերժել միջնորդությունը։

#Մանրամասն

Իրավաբանական համայնքն արդեն քանի օր է՝ քննարկում է այն հարցը, թե Քրեական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո նախկինում կատարված ենթադրյալ հանցանքին տրված որակման հետ ինչպես է պետք վարվել․ առաջադրված մեղադրանքը պե՞տք է համապատասխանեցնել նոր օրենսգրքին, եթե այն չի ապաքրեականացվել, թե՞ պետք է պահպանել արարքի կատարման պահին գործող, սակայն այժմ ուժը կորցրած իրավակարգավորումը։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում, ուր այսօր նշանակված էր Սնանկության դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավորներ Գեւորգ Նարինյանի, Արա Կուբանյանի եւ մյուսների գործով դատական նիստը, այս հարցը դարձյալ քննարկման առարկա դարձավ։

Գեւորգ Նարինյանը, հիշեցնենք, մեղադրվում է ապօրինի հարստանալու, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կամ կեղծելու, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն եւ հրապարակային սակարգությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելուն դրդելու, իսկ Արա Կուբանյանը՝ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նարինյանի մորաքրոջ որդին՝ Տիգրան Մարտիրոսյանը, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, իսկ սնանկության գործով կառավարիչը՝ Աշոտ Խատատրյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու եւ հրապարակային սակարգությունների իրականացման կարգը խախտելու մեջ։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

Այս մեղադրանքները նրանց առաջադրվել են 2003 թվականին ընդունված եւ մինչեւ վերջերս գործող Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Այդ օրենսգիրքը, սակայն, օրեր առաջ՝ 2022 թվականի հուլիսի 1-ին, ճանաչվեց ուժը կորցրած։ Նույն օրը ուժի մեջ մտան Ազգային ժողովի կողմից ավելի վաղ ընդունված Քրեական եւ Քրեական դատավարության նոր օրենսգրքերը։

Հանրային մեղադրողը մեղադրանքների փոփոխության անհրաժեշտություն այս փուլում չի տեսնում

Այս փոփոխությունը հաշվի առնելով՝ այսօրվա նիստի սկզբում Արա Կուբանյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանն ասաց, որ անորոշություն է առաջացել, եւ պաշտպանության  իրավունքի լիարժեք իրացման նպատակով դատախազը պետք է հստակեցնի՝ ի՞նչ դիրքորոշում ունի, արդյո՞ք գործը պետք է այս մեղադրանքով շարունակվի, ի վերջո ի՞նչից պետք է պաշտպանության կողմը պաշտպանվի: Արձագանքելով հարցերին՝ հանրային մեղադրող Արամ Արամյանն ասաց, որ ներկա փուլում ինքը չի պատրաստվում մեղադրանքը փոփոխելու միջնորդությամբ հանդես գալ, եւ կարծում է, որ առկա իրավական կարգավորումներով անորոշություն եւ դատական նիստը շարունակելու խոչընդոտ չկա։ 

Լուսանկարում՝ հանրային մեղադրող Արամ Արամյանը

Ըստ Արամյանի՝ օրենքի փոփոխությամբ մեղսագրված հանցավոր որեւէ արարք չի ապաքրեականացվել․ հին օրենսգրքով նախատեսված 190-րդ հոդվածը ներկայումս նախատեսված է նոր օրենսգրքի 296-րդ հոդվածով, 310․1-դ հոդվածը՝ 443-ով, 314․3-րդը՝ 444-րդով, 308-րդը՝ 441-ով, 196-րդը՝ 283-ով։ Նա մեջբերեց  2022 հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՔՕ-ի 8-րդ մասը, ըստ որի՝ արարքի հանցավորությունը, պատժելիությունը եւ քրեաիրավական այլ հետեւանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով, իսկ այս կանոնից բացառությունը միայն մեղմացնող օրենքի առկայության պարագայում է։ Արամյանը հիշատակեց նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը, համաձայն որի՝ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչեւ դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ․ «Պետք է արձանագրենք, որ պաշտպանի բարձրացրած հարցը վերաբերում է պաշտպանության իրավունքի խախտմանը, իսկ ես գտնում եմ, որ խախտում առկա չէ, եւ լրացուցիչ գործողություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է»,- ասաց նա։

Դատավոր Ջոն Հայրապետյանը հետաքրքրվեց՝ ճի՞շտ է հասկանում, որ մեղադրողն ուսումնասիրել եւ գտել է, որ հին եւ նոր օրենքներով հոդվածների դիսպոզիցիաները, արարքի նկարագրությունները չեն փոխվել, ուստի առաջադրված մեղադրանքների հոդվածները համապատասխանում են նրա վկայակոչած հոդվածներին, ինչին Արամյանը դրական պատասխան տվեց։ Քիչ անց, սակայն, դատավորը նկատեց, որ հոդվածների դիսպոզիցիաներում ձեւակերպումների փոփոխություն, ամեն դեպքում, առկա է․ «Արարքները, որոնք մեղսագրվում են, ապաքրեականացված չեն, փոփոխություններ կան, այո, բայց իմ ասածը վերաբերում է ներկա փուլում գործողությունները շարունակելուն, միգուցե հետագայում լրացուցիչ փոփոխությունների կարիք լինի, բայց դրանք խոչընդոտ չեն»,- արձագանքեց հանրային մեղադրողը։

Պաշտպանական կողմի համոզմամբ, սակայն, առաջադրված մեղադրանքները պետք է փոխվեին եւ համապատասխանեցվեին գործող օրենսգրքին հենց այս փուլում։ Նման կարծիք հայտնեց նաեւ Աշոտ Խաչատրյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը՝ նշելով, որ պաշտպանական իրավունքի լիարժեք իրացման համար է պետք հստակ իմանալ, թե երկու հոդվածներից ի վերջո որը պետք է կիրառել։ Դատավորն ընդգծեց, որ օրենքը երկու շաբաթ է, ինչ փոխվել է, եւ միասնական պրակտիկա դեռ ո՛չ դատախազությունն ունի, ո՛չ փաստաբանական համայնքը, ուստի առաջարկեց այսօր սկսել գրավոր նյութերի ուսումնասիրությունը, իսկ այս հարցի քննարկումը թողնել մեկ այլ նիստի․ «Կարող է լինել իրավիճակ, երբ արարքի դիսպոզիցիան նույնը լինի, եւ այդ դեպքում միայն հոդվածի վկայակոչումը կարող է հերիք լինել, բայց եթե դիսպոզիցիայում փոփոխություն կա, միգուցե պարոն Արամյանը հետագայում իր դիրքորոշումը էլ ավելի հստակեցնի, եթե կա արտահայտությունների, ձեւակերպումների փոփոխություն, դա հստակեցում է պահանջում»,- ասաց նա։ Գեւորգ Նարինյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը, սակայն, նշեց՝ փաստը մնում է փաստ, որ այս պահի դրությամբ առաջադրված են մեղադրանքներ, որոնց լույսի ներքո շարունակվում է կիրառվել մի օրենսգիրք, որը ուժը կորցրել է․ «Միայն այն հանգամանքը, որ դատախազը վերջնական դիրքորոշում չի հայտնում, տեղ է թողնում, որ կարող է վաղը-մյուս օրը ինչ-որ բան փոխվել, նշանակում է, որ խնդրի առաջ ենք, եւ եթե այսօր շարունակենք, բայց վաղը միասնական դիրքորոշումը այլ տեսք ունենա, ինչքանո՞վ մեր այսօրվա գործողությունները օրինական կլինեն կամ հարցականի տակ չեն դրվի»,- ասաց նա՝ առաջարկելով հետագայի համար լրացուցիչ խնդիրներ չստեղծել։ Դատավորը հետաքրքրվեց, թե նախկինում, երբ ընդունվում էր 2003 թ․ Քրեական օրենսգիրքը, այս հարցը ինչպե՞ս են լուծել, ինչին ի պատասխան՝ Վարոսյանն ասաց, որ անցումային դրույթներում եղել է նորմ, որը ժամկետ է սահմանել մեղադրանքները նոր օրենքին համապատասխանեցնելու համար, եւ մինչ դա չէր արվում, գործն առաջ չէր գնում։

Պաշտպանական կողմը միջնորդեց դադարեցնել մեղադրյալների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը 

Հաշվի առնելով, որ հանրային մեղադրողը նախկին օրենսգրքով առաջադրված մեղադրանքները նոր օրենսգրքին համապատասխանեցնելու անհրաժեշտություն այս փուլում չի տեսնում՝ Արա Կուբանյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ խնդրելով գոյություն չունեցող մեղադրանքի պայմաններում օրենքի եւ իրավունքի ուժով դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը եւ վերացնել ընտրված խափանման միջոցը։ Գեւորգ Նարինյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը, Աշոտ Խաչատրյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը եւ Տիգրան Մարտիրոսյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միացան միջնորդությանը՝ խնդրելով այն քննարկել նաեւ իրենց պաշտպանյալների նկատմամբ։

Մեջբերելով նախկին եւ ներկա իրավակարգավորումները՝ Հովսեփ Սարգսյանը պնդեց՝ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը չի կարող շարունակվել չգործող քրեական օրենսգրքի համապատասխան որակմամբ, իսկ շարունակվելու դեպքում կխախտվեն նրա՝ ՀՀ Սահմանադրությամբ եւ  Եվրոպական կոնվենցիայով ամրագրված պաշտպանության եւ արդար դատաքննության իրավունքները։

Սարգսյանի կարծիքով՝ դատարանի առջեւ կանգնած անձի արդյունավետ պաշտպանության իրավունքն այս հարցի կենտրոնական մասն է, քանի որ քրեաիրավական հարաբերությունների տիրույթում հայտնված անձը պետք է հստակ իմանա, թե իր կատարած արարքը որ հոդվածով է որակված, որպեսզի տարրական հնարավորություն ունենա գոնե այն բացելու եւ կարդալու: Ըստ նրա՝ անձը պաշտպանվում է հավասարաչափ նաեւ արարքի որակումից, իսկ որակումը միշտ ենթադրում է քրեական օրենքի հոդվածի, մասի, կետի հստակ նշում․ «Այլ կերպ ասած՝ եթե անձը, որի վերաբերյալ քրեական վարույթ է իրականացվում դատարանում, չիմանա, թե ինչ հոդվածով է մեղադրվում, ամբողջությամբ կչեզոքացվի նրա պաշտպանության իրավունքը, եւ դատավճիռ կայացնելիս արարքի վերջնական որակումը նրա համար կլինի անակնկալ։ Դրանից բացի, անձի համար վարույթի ընթացքում տեսանելի չէ հին օրենքի եւ նոր օրենքի էական կամ ոչ էական փոփոխությունները, անձը պարտավոր չէ ունենալ պաշտպան կամ իրավաբանական կրթություն»,- ասաց նա։

Որպես հիմնավորում՝ Սարգսյանը մեջբերեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Պելիսին եւ Սասսին ընդդեմ Ֆրանսիայի գործով դիրքորոշումը, ըստ որի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի դրույթները մեղադրյալին իրավունք են վերապահում տեղեկացված լինելու ոչ միայն մեղադրանքի համար առիթ հանդիսացած նյութական փաստերի մասին, այլ նաեւ այդ փաստերի մանրամասն իրավական որակման մասին։ Մեջբերելով Վճռաբեկ դատարանի՝ Արկադի Պապյանի վերաբերյալ գործով որոշումը՝ պաշտպանն ասաց՝ Վճռաբեկ դատարանն էլ արձանագրել է, որ դատական քննության սահմաններն ընդգծելու եւ մեղադրյալի պաշտպանության իրավունքն ապահովելու տեսանկյունից անհրաժեշտ է, որ «մեղադրանք» եզրույթը հասկացվի որպես արարքի քրեաիրավական որակման եւ դրա հիմքում ընկած փաստական հանգամանքների ամբողջություն:

Հովսեփ Սարգսյանի գնահատմամբ՝ որ ոչ մի իրավակիրառող, այդ թվում՝ դատարանը, չի կարող հիմնվել ուժը կորցրած օրենքի վրա, քանի որ այդ օրենքը դադարել է գոյություն ունենալ, եւ դա չպետք է շփոթել մասնավոր իրավահարաբերությունների ծագման ժամանակ գործող օրենքի կիրառման հետ։ Պաշտպանի խոսքով՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածը՝ օրինականության սկզբունքը, որոշում է արարքի հանցավորությունը եւ պատժելիությունը, այլ ոչ թե որակումը․ «Ավելի պարզ ասած՝ «արարքի հանցավորությունը, պատժելիությունը եւ քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով» կանոնը պաշտպանում է մարդուն ոչ հանցավոր արարքը հետագայում քրեականացնելուց եւ պատասխանատվության կանչելուց, որը երբևէ չի կարող մեկնաբանվել զուտ հետադարձության համատեքստում»,- ասաց նա՝ միջնորդելով քրեական հետապնդումը դադարեցնել հանցակազմի բացակայության հիմքով։

Հանրային մեղադրող Արամ Արամյանը առարկեց միջնորդության դեմ՝ հղում կատարելով իր արդեն իսկ նշած դիրքորոշմանը եւ հավելելով, որ քրեական հետապնդման դադարեցման հիմքերը բացակայում են։

Լուսանկարում՝ տուժող Սիմոն Աղեկյանը

Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ տուժող Սիմոն Աղեկյանը՝ կարծիք հայտնելով, որ վերջերս դատավոր նշանակված Արթուր Դավթյանը հնարավոր ամեն ինչ արել է Կուբանյանին աջակցելու, իր գնահատմամբ՝ օրենքի այսպիսի բացեր ստեղծելու համար։ Նշենք, որ խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Արթուր Դավթյանի մասին է, որը հունիսի 28-ին ընտրվեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր․ «Կուբանյանի եւ Նարինյանի կալանքի քննության օրը, երբ Նարինյանը կալանավորվեց, իսկ Կուբանյանը՝ ոչ, ես ինքս տեսել եմ՝ նա ոնց Կուբանյանին նստեցրեց իր մեքենան ու տարավ․․․ Սա մեծ կոռուպցիոն հանցագործություն է, եւ երբ մենք կանցնենք ապացույցների փուլին, դրանք կներկայացվեն, ես տիրապետում եմ, թե ով ինչ է արել, եւ գտնում եմ, որ այստեղ նստած ամբաստանյալները արժանի են այդ հոդվածներին»։ Դատավորը հորդորեց դիրքորոշում հայտնել կոնկրետ միջնորդության վերաբերյալ, ինչից հետո տուժողն ասաց, որ միջնորդությունը տեղին չէր, եւ ինքը համաձայն է դատախազի դիրքորոշմանը․ «Մինչեւ օրենքը տրամաբանություն կա․ մարդը որ մարդու հանդեպ անմարդկային սխալ է անում, նրան մեղադրում են, եւ եթե չլիներ դատարան, պիտի մարդիկ հավաքվեին, խոսեին, հասկանային՝ վա՞տ բան է արել եւ կամ ի՞նչ պատիժ է հասնում, որ արածների համար պատասխան տա»։ Տուժողը հույս հայտնեց, որ դատարանը արդար որոշում կկայացնի։

Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ առանձին սենյակ՝ դատական ակտ կայացնելու, որտեղից վերադառնալով՝ հրապարակեց դրա եզրափակիչ մասը։ Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 31-ին։

 

Գլխավոր լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել