Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները քննարկել են ռուս-ուկրաինական հարաբերությունների և հացահատիկային միջանցքի ստեղծման հետ կապված հարցեր

 |armenpress.am|
13:50 - 12 հուլիսի, 2022

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները քննարկել են ռուս-ուկրաինական հարաբերությունների և հացահատիկային միջանցքի ստեղծման հետ կապված հարցեր |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական հարաբերությունների, Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող ռազմական գործողությունների և ծովով հացահատիկի արտահանման համար այսպես կոչված հացահատիկային միջանցքի ստեղծման հետ կապված հարցեր:  

Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը:

«Նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ: Նրանք քննարկել են իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների լույսի ներքո, ինչպես նաև Սև ծովով հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցքների ստեղծումը», - ասվում է հայտարարության մեջ:

Հեռախոսազրույցի ընթացքում էրդողանը նշել է, որ հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցքներ ստեղծելու պլանի իրականացմանն ուղղված գործողությունները սկսելու ժամանակն է:

Էրդողանը Պուտինի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել Սիրիային անդրսահմանային մարդասիրական օգնության մեխանիզմի ընդլայնման կարևորության վրա։

Այսպես կոչված հացահատիկային միջանցքի ստեղծման հարցը հունիսի 8-ին Անկարայում քննարկվել է Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի բանակցություններում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ ասել էր, որ Մոսկվան երաշխավորելու է ուկրաինական հացահատիկ տեղափոխող նավերի անխոչընդոտ անցումը, եթե Կիևը մաքրի իր նավահանգիստները ականներից և կարողանա ապրանքների արտահանումն ապահովել Ռուսաստանի կողմից վերահսկվող նավահանգիստներով, ինչպիսիք են Բերդյանսկը և Մարիուպոլը։

Հունիսի 21-ին Մոսկվայում Թուրքիայի և Ռուսաստանի ռազմական պատվիրակությունների միջև բանակցություններ են տեղի ունեցել ուկրաինական հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցք ստեղծելու հարցի շուրջ։ Թուրքիայի ԱԳՆ-ն և պաշտպանության նախարարությունը դրանք անվանել են դրական և կառուցողական՝ նշելով, որ որոշվել է շարունակել խորհրդակցությունները։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Անկարան պատրաստ է վերաարտահանել գյուղմթերքները, որոնք կտեղափոխվեն Սև ծովով։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի նավահանգիստներում մոտ 20 թուրքական առեւտրային նավ կա, որոնք պատրաստ են փոխադրման։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել