Տեղեկությունը, թե Թուրքիայի նախագահի կայքում Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն չի տարածվել, սխալ է
12:05 - 12 հուլիսի, 2022

Տեղեկությունը, թե Թուրքիայի նախագահի կայքում Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն չի տարածվել, սխալ է

Երեկ Հայաստանի կառավարությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում 16։38-ին գրեց, որ Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում որևէ տեղեկություն չկա հեռախոսազրույցի մասին, և թուրքական կողմն այդ հեռախոսազրույցին նշանակություն չի տվել։ Էդգար Ղազարյանը կից նաև հրապարակել էր Թուրքիայի նախագահի կայքից լուսապատճեն, որտեղ բացակայում էր հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը։

Նրա գրառումից մոտ մեկ-մեկուկես ժամ անց, սակայն, Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում տեղադրվեց հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը։ Հաղորդագրությունը հրապարակվեց նաև նախագահականի թվիթերյան էջում։

Չնայած այս փաստին՝ Էդգար Ղազարյանը չհեռացրեց գրառումը, իսկ մի քանի կայքեր՝ blognews.am-ը, hayeli.am-ը, blog.168.am-ը, վերահրապարակեցին այն (արխիվացված հղումներ՝ 1, 2, 3)։ Եթե առաջին երկու կայքերը այն հրապարակել են երեկ՝ Ղազարյանի գրառումից 1-2 ժամ անց, ապա blog.168.am-ն այն հրապարակել է այսօր՝ 08:40-ին։

Այպիսով, Թուրքիայի նախագահի կայքում Էդգար Ղազարայնի գրառումից հետո տարածվել է Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հեռախոսազրույցի մասին պաշտոնական հաղորդագրություն, սակայն որոշ կայքեր, առանց ստուգելու գրառման հավաստիությունը, սխալ տեղեկություն են տարածել, թե նման հաղորդագրություն չի եղել։

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել