Պետական բյուջեից  մոտ 4.2 մլրդ դրամ կհատկացվի «Շանգրի Լա» խաղատան պետական տուրքը վճարելու համար
15:11 - 07 հուլիսի, 2022

Պետական բյուջեից մոտ 4.2 մլրդ դրամ կհատկացվի «Շանգրի Լա» խաղատան պետական տուրքը վճարելու համար

Կառավարությունը այսօր որոշեց 4,2 մլրդ դրամ տրամադրել «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի  կողմից շահագործվող «Շանգրի Լա» խաղատան պետական տուրքը մարելու համար։

Նախագծի հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հիշեցրեց, որ կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության շրջանակներում պարետի՝ դեռևս 2023 թվականի մարտի 23-ի որոշմամբ ՀՀ ողջ տարածքում ժամանակավորապես արգելվել էին որոշ տնտեսական գործունեության տեսակներ, այդ թվում՝ խաղատնային գործունեության կազմակերպումը:

Պետական տուրքի մասին օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ խաղատան կազմակերպման լիցենզիայի համար սահմանված է տարեկան պետական տուրք, այն վճարվում է եռամսյակային պարբերականությամբ, որը եռամսյակի համարը կազմում է 1 միլիարդ 375 միլիոն դրամ:

Փոխնախարարը հայտարարեց, որ ֆինանսների նախարարի 2020 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ՝ «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ին տրված խաղատան կազմակերպման լիցենզիան 2-րդ անգամ կասեցվել է՝ հիմք ընդունելով գործող օրենսդրությունը, այն դադարեցվել է:

Ընկերությունը վիճարկել է ֆինանսների նախարարի հրամանը, դատական գործընթացներ են սկսվել. Վարչական դատարանը ընկերության օգտին է վճիռ կայացրել:Հետագայում Վճռաբեկ դատարանը ևս հօգուտ ընկերության որոշում է կայացրել։

«Լիցենզիայի ուժը կորցրած ճանաչվելու օրվանից՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ից մինչև վարչական գործով կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը՝ 2022 թվականի մայիսի 18-ը, ընկերությանը տրված խաղատան կազմակերպման լիցենզիայի համար պետական տուրքի գծով պարտավորություններ չպետք է առաջադրվեն, իսկ առաջադրված լինելու դեպքում պետք է վերահաշվարկվեն»։

Արդյունքում, ինչպես նշեց Ֆինանսների փոխնախարարը, խաղատան կազմակերպման համար պետական տուրքի գծով ընկերության պարտավորությունները 2022 թվականի երկրորդ եռամսյակն ընդգրկող ժամանակահատվածի համար կազմում են 4 միլիարդ 162 միլիոն 812 հազար դրամ»։ 

Նրա խոսքով՝ կառավարությունը որոշել  է 4 միլիարդ 162 միլիոն 812 հազար դրամի տուրքը վճարել «Օնիրա քլաբի» փոխարեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել