Զեղչ և ակցիա հասկացություններն օրենքով կամրագրվեն. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը
 |hetq.am|
17:38 - 06 հուլիսի, 2022

Զեղչ և ակցիա հասկացություններն օրենքով կամրագրվեն. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց և ընդունեց «Առեւտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է սահմանել ակցիայի սահմանումն ու դրա տեսակները, սահմանել զեղչի հասկացությունն ու կիրառման պայմանները:

Նախագիծը ներկայացրեց Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Նախատեսվում է զեղչի իրականացման ժամկետային սահմանափակում՝ 3 ամիս, զեղչի հաշվարկում, ելակետային գին, ինչպես նաև տարանջատել զեղչը և գնի քաղաքականության փոփոխությունը»,- ասաց Գևորգյանը:

Զեղչն ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գործող գնի կարճաժամկետ նվազեցումն է, որն իրականացվում է ապրանքի կամ ծառայության գնի նվազեցման տոկոսային արտահայտմա նկամ նվազեցված գնի նշման մասին հրապարակային տեղեկացմամբ և ենթադրում է զեղչի ավարտից հետո մինչև զեղչի իրականացումը սահմանված գնի վերականգնում, բացառությամբ եթե այլ գնի սահմանումը պայմանավորված է տնտեսական պայմաններով։

Գնի իջեցումը չի համարվում զեղչ, երբ վաճառողը կամ ծառայություն մատուցողը չի հայտարարում իր կողմից ակցիա իրականացնելու մասին և չի նշում գնի իջեցմանը նախորդող գինը։ Զեղչը յուրաքանչյուր դեպքում կարող է տևել ոչ ավել, քան մեկնարկի պահից հետո երեք ամիս անընդմեջ։

Իսկ ինչ վերաբերում է ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառմանը, ապա այն ակցիա իրականացողի կողմից կիրառվող կարճաժամկետ միջոցառում է, որի արդյունքում վաճառվող ապրանքի կամ ծառայության մատուցման իրացման գինը չի փոխվում, սակայն ակցիայի արդյունքում դրանց ձեռքբերումը դառնում է այլ կերպ շահավետ:

Գեղամ Գևորգյանի խոսքով` նախագծով առաջին հերթին ցանկանում են դաշտը հստակ կարգավորել, ինչը հնարավորություն կտա պաշտպանել սպառողների շահերը, ինչպես նաև տնտեսվարողներն ավելի կանխատեսելի միջավայրում իրենց գործունեությունը ծավալեն: Ըստ Գևորգյանի` փոփոխությունները հնարավորություն կտան հանձնաժողովին իրականացնել իր կանխարգելիչ ֆունկցիան:

«Սա կարևոր նախաձեռնություն է՝ սպառող և տնտեսավարող սուբյեկտների միջև վստահության բարձր մակարդակ սահմանելու և ՀՀ-ում բազմաթիվ զեղչերի, ակցիաների հանդեպ իրական հավատը վերականգնելու համար»,- ասաց նա:

Քննարկումից հետո նախագիծը դրվեց քվեարկության և առաջին ընթերցմամբ ընդունվեց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել