Ռուբեն Ռուբինյանը անդրադարձավ նիստերից ընդդիմության բացակայությանը
15:06 - 06 հուլիսի, 2022

Ռուբեն Ռուբինյանը անդրադարձավ նիստերից ընդդիմության բացակայությանը

«Պաշտպանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու» մասին նախագծի քննարկման ընթացքում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նախագծի հարակից զեկուցող, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանից հետաքրքրվեց՝ ընդդիմությունը ներկա եղե՞լ է հանձնաժողովի նիստերին, որոնց ընթացքում քննարկվել է «Պաշտպանության մասին» օրենքում և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակ մասին» օրենսդրական նախաձեռնությունները։

«Հավանաբար նկատել եք, որ ընդդիմությունը այս նիստին ներկա չէ։ Այս նախագծերը երբ հանձնաժողովում քննարկում էիք, գուցե ընդդիմությունը այդտեղ էր ներկա էր»,- ասաց Ռուբինյանը։

Վիլեն Գաբրիելյանն էլ պատասխանեց՝ տվյալ նախագծերի քննարկմանը ընդդիմությունը ներկա չի եղել․ «Բայց ես որքան տեղյակ եմ, ընդդիմությունը հիմա ավելի շատ կապված պաշտպանության նախարարության հետ այլ բողոքներ ունի, որ իրենց համակիրներին հիմա զորահավաքի են հրավիրում։ Գուցե դրա համար չկան»։

Ռուբինյանն էլ արձագանքեց․ «Տարօրինակ բան է ստացվում։ Փաստորեն ընդդիմությունը հայտարարում է, որ Ազգային ժողով կգա միայն իրենց օրակարգով և միակ տրամաբանական եզրահանգումը, որին կարող ենք գալ, այն է, որ պաշտպանությունը և զինվորական ծառայությունը և զինծառայողի կարգավիճակը իրենց օրակարգի մաս չեն կազմում»։

Այնուհետև Ռուբինյանը այս առնչությամբ նաև ելույթ ունեցավ․ «Եթե իրենց օրակարգը փողոցում չի, այստեղ չի, պաշտպանությունը չի, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը չի, բա ո՞րն է իրենց օրակարգը։ Ես կարծում եմ՝ իրենց օրակարգի մասին պատկերացում կարելի է կազմել վերջին օրերի իրենց հանրային ակտիվությամբ, իսկ իրենց հանրային ակտիվությունը վերջին օրերին սահմանափակվել է հետևյալով․ հրաժարականներ իրենց պաշտոններից, մի քանի հոգու դեպքում էլ մանդատների վայր դնում։ Հետևաբար, կարծում եմ՝ կարող ենք եզրակացնել, որ այս օրերին ընդդիմության միակ օրակարգը Ազգային ժողովից գլխիկոր փախնելն է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել