Այս տարվա ռազմաուսումնական հաստատություններ ընդունվողները 2026 թ․-ին անմիջապես կստանան իրենց բնակարանները․ ԱԺ-ում քննարկվեց կառավարության նախագիծը
14:26 - 06 հուլիսի, 2022

Այս տարվա ռազմաուսումնական հաստատություններ ընդունվողները 2026 թ․-ին անմիջապես կստանան իրենց բնակարանները․ ԱԺ-ում քննարկվեց կառավարության նախագիծը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում ներկայացրեց «Զինվորական ծառայության» և «Զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախարարը նշեց, որ օրինագծով նախատեսվում է ռազմաուսումնական հաստատությունը ավարտած և պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար սահմանել բնակարանային ապահովության նոր տեսակ, այն է ՝ անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք։

Պապիկյանի խոսքով՝ առաջարկվող բնակարանային ապահովությունը կխթանի և առավել գրավիչ կդարձնի ռազմաուսումնական հաստատություններում սովորելու միջոցով բազային ռազմական  կրթություն ստանալը և կադրային զինվորական ծառայություն ընտրելու գործընթացը։ «Առաջարկվող բնակարանային ապահովությունը ենթադրում է 2022 թ․-ի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարանների հատկացում, իսկ 20 տարվա զինծառայության ժամկետը լրանալու, ինչպես նաև մինչև պայմանագրի ժամկետը լրանալը առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինծառայությունից արձակվելու և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավուքն ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը զինծառայողին անհատույց կարգով տրամադրում»։

Նա ավելացրեց՝ զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու  դեպքում զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանը սահմանված կարգով անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է զոհված  զինծառայողի ընտանիքի անդամներին:

Սուրեն Պապիկյանը մանրամասնեց՝ զինծառայողը Երևան քաղաքում կստանա 3 սենյականոց բնակարան, որի առավելագույն գինը 28.5 միլիոն դրամ է սահմանված․ «Սա ենթադրելու է, որ այս տարվա ընդունվողները արդեն 2026 թ․-ին անմիջապես կստանան իրենց բնակարանները և կտնօրինեն մինչև ծառայության ավարտը ամեն կերպ՝ բացառությամբ դա վաճառելու իրավունքը։ Որ պահին 20-ամյա ծառայությունից նրանց ծառայությունը կդադարեցվի, տարբեր պատճառներով ու եթե դրանք վերը նշված պատճառները չեն՝ հիվանդություն, Աստված մի արասցե, մահացության պատճառով, ապա տվյալ պարագայում նրանցից բնակարանը ետ կվերցվի և կգտնվի պաշտպանության նախարարության բալանսում»։

Ըստ նախարարի՝ սեփականության իրավունքը սպան կստանա 20 տարվա ծառայությունից հետո, այդ ժամանակ կարող է վաճառել բնակարանը։ Նա նաև նշեց, որ զինծառայողները կարող են վարձակալության հանձնել բնակարանները։ 

«Գնման գործընթացի մեկնարկը պետք է սկսի 2023 թ․-ից, որպեսզի կարողանանք 2026 թ․-ին մեր գործընկերներին ապահովել բնակարաններով»,-հավելեց Պապիկյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել