ԱԺ-ի վավերացմանը ներկայացվեց տիեզերական ոլորտում ԱՊՀ պետությունների համատեղ գործունեության իրականացման համաձայնագիրը


 |armenpress.am|
14:08 - 06 հուլիսի, 2022

ԱԺ-ի վավերացմանը ներկայացվեց տիեզերական ոլորտում ԱՊՀ պետությունների համատեղ գործունեության իրականացման համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովին ներկայացվեց  «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագիրը: Համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2018թ. նոյեմբերի 2-ին՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունների կողմից: «Համաձայնագրի նպատակն է խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում բազմակողմ համագործակցության իրավական ու կազմակերպական հիմքերը սահմանելը, ինչպես նաև համատեղ տիեզերական գործունեության որոշակի ուղղությունների մասով համաձայնագրեր ու այլ պայմանավորվածություններ մշակելու եւ դրանք կողմերի ու համատեղ գործունեության մասնակիցների միջեւ կնքելու համար իրավական հիմքի ստեղծմանն աջակցելը»,-ասաց Պողոսյանը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել  2019թ. սեպտեմբերի 20-ին: Այն ուժի մեջ է մտել Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի համար: Ըստ էության՝ միայն Հայաստանն է, որ չի վավերացրել: Համաձայնագիրը սահմանում է համագործակցության հետևյալ շրջանակները՝ հիմնարար եւ կիրառական տիեզերական հետազոտություններ՝ ներառյալ տիեզերական միջավայրի հեռավոր զոնդավորում, աստղագիտական հետազոտություն,Երկրի հեռակա զոնդավորում, համակարգող-ժամանակային եւ տեղորոշիչ ապահովում, տիեզերական աղբի օգտահանման խնդրի լուծում, աստերոիդ-գիսաաստղային վտանգի կանխարգելում և այլն:

«Համաձայնագրի շրջանակներում հնարավորություն կընձեռվի համագործակցել արբանյակային նավիգացիոն համակարգերի, դրանց հետ կապված տեխնոլոգիաների եւ ծառայությունների ոլորտներում: Այն հնարավորություն կտա նաև տիեզերական գործունեության արդյունքներն օգտագործել սոցիալ-տնտեսական զարգացման տարբեր ոլորտներում, պաշտպանել տիեզերական միջավայրը, կանխարգելել այն և հսկել տիեզերական աղբի կուտակումը, իրականացնել բնական պաշարների հետազոտություններ, ինչպես նաև՝ արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների մոնիթորինգ»,-ասաց փոխնախարարը:

Ըստ նրա՝ համաձայնագրի վավերացման նպատակահարմարությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի համապատասխան որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 34-րդ կետի կատարման անհրաժեշտությունից, որը մեծապես կնպաստի միջազգային համագործակցության ընդլայնմանը տիեզերական ոլորտում: Փոխնախարարը սա շատ կարևորեց՝ հաշվի առնելով վերջերս տիեզերք  արձակված արբանյակի կառավարման և դրա հետագա շահագործման, տվյալների փոխանակման հարցը:

Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ համաձայնագիրը ներկայացվել է կից վերապահումով և հետաքրքրվեց՝ ո՞րն է վարապահումը, ինչին ի պատասխան Պողոսյանն ասաց, որ վերապահումը վերաբերել է հարևան պետության հնարավոր մասնակցությանը համաձայնագրին, այն այս պահին համաձայնագրի անդամ չի հանդիսանում, իսկ հետագայում այդ վերապահումները հաշվի կառնվեն նման ցանկություն հայտնելու դեպքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել