Վանաձորի ավագանու արտահերթ նիստը կրկին չկայացավ
 |hetq.am|
13:52 - 06 հուլիսի, 2022

Վանաձորի ավագանու արտահերթ նիստը կրկին չկայացավ |hetq.am|

hetq.am: Վանաձորի ավագանու արտահերթ նիստը կրկին չկայացավ, քվորում չապահովվեց: Նիստին ներկա էին միայն «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությwun (ՀԱՍԿ) և «Ապրելու երկիր» խմբակցությունների անդամները։ «Ասլանյան» դաշինքի ու «Հայրենիքի» անդամները բոյկոտում են ավագանու նիստերը: Ներկա էր ավագանու 15 անդամ, քվորումի համար հարկավոր է ավագանու 17 անդամի ներկայություն:

Ինչպես նախորդ նիստում, այնպես էլ այսօր օրակարգում ներառված էր 23 հարց, այդ թվում՝ Վանաձոր համայնքի 2022 թվականի բյուջեի որոշման նախագիծը:

Նիստը վարում էր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը:

Ընտրությունների արդյունքների վերահաշվարկի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության բողոքարկման պահանջի հետևանքով վարչական դատարանն արգելանք է սահմանել, որի համաձայն՝ ավագանին իրավունք չունի համայնքապետ ընտրելու օրակարգով նիստ հրավիրել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին ՀԱՍԿ-ի ցուցակի առաջին համար Արկադի Փելեշյանին նշանակել է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Վերջինս հայտնի է իր քրեական անցյալով: Ընտրություններին նրա օգտին քվեարկել էր 4809 քաղաքացի:

Նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին կայացած ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել էր «Ասլանյան դաշինքը», սակայն չէր ձևավորել մեծամասնություն:

Ընտրությունների ավարտից օրեր անց դաշինքի առաջնորդ, նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նախ ձերբակալվել, ապա կալանավորվել էր: Նա մեղադրվում է համայնքապատկան հողերի նշանակության փոփոխության և պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Ասլանյանը, սակայն, առաջադրված մեղադրանքը չի ընդունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել