Ահաբեկչական հարձակում Չիկագոյում. կա 6 զոհ և շուրջ 30 վիրավոր
 |hetq.am|
16:13 - 05 հուլիսի, 2022

Ահաբեկչական հարձակում Չիկագոյում. կա 6 զոհ և շուրջ 30 վիրավոր |hetq.am|

hetq.am: Չիկագոյի իշխանությունները հայտնել են, որ ԱՄՆ երրորդ խոշորագույն քաղաքի էլիտար թաղամասերից մեկում՝ Հայլենդ պարկում Անկախության օրվան նվիրված շքերթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 6 և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել ավելի քան 30 մարդ։ BBC-ի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հայտնաբերվել է հրացան։

5 մարդ զոհվել է տեղում, ևս 1-ը մահացել հիվանդանոցի ճանապարհին։ Զոհերից մեկը՝ Նիկոլաս Տոլեդոն, 70 տարեկան էր, իսկ վերջին շրջանում, հիվանդության պատճառով, հազվադեպ էր տնից դուրս գալիս։ Հարազատների խոսքով՝ նրան չէր կարելի առանց ուշադրության թողնել, իսկ բարեկամները ցանկանում էին տեսնել արարողությունը, այդ իսկ պատճառով Տոլեդոյին վերցրել էին իրենց հետ։ Մյուս զոհերի անունները չի նշվում։

Նախնական տվյալներով՝ հանցագործը կրակը բացել է տանիքից։ Ինչպես հայտնել է ոստիկանությունը, նա աստիճաններով բարձրացել է զբոսաշրջային ապրանքների խանութի կտուրը և սկսել կրակել մարդկանց ուղղությամբ։

Որոշ ականատեսների վկայությամբ՝ մարդիկ միանգամից չեն հասկացել, որ կրակահերթ են լսում՝ մտածելով, թե հրավառություն է սկսվել, որն իրոք նախատեսված էր միջոցառումների ծրագրում։

Կասկածյալին հաջողվել էր դեպքի վայրից թաքնվել։ Նրա ինքնությունը արագորեն պարզվել էր։ Դա 22-ամյա Ռոբերտ Ի. Կրիմո III-ն էր։ Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Չնայած դեպքի վայրում թողած հրացանին, ոստիկանությունը նախազգուշացրել էր, որ կասկածյալը, ամենայն հավանականությամբ, նախկինի պես զինված է և իրենից վտանգ է ներկայացնում։ Շուտով ոստիկանները նրան նկատել են մեքենայի ղեկին և կարճ հետապնդումից հետո ձերբակալել։

Դեռևս չի նշվում հարձակման հնարավոր մոտիվները։

Իլինոյս նահանգի նահանգապետ Ռոբերտ Փրիցքերը հայտարարել է, որ զանգվածային հրաձգությունը դառնում է ամերիկյան տխուր ավանդույթ։ «Միշտ կգտնվեն մարդիկ, որոնք կասեն, որ դեռևս չի եկել ժամանակը սկսել լրջորեն խոսել զենքի մասին, որ այսօր դեռևս այն օրը չէ, երբ արդեն ժամանակն է։ Բայց ձեզ հայտարարում եմ, որ հիմա ճիշտ ժամանակն ու տեղն է»,- ասել է Փրիցքերը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, մեկնաբանելով ողբերգությունը, ասել է, որ չի հանձնվի, քանի դեռ երկրում զենքի շրջանառության հարցը չի լուծվել։ Նախորդ շաբաթ նա ստորագրել էր վերջին 30 տարվա մեջ այս ոլորտում ամենանշանակալի բարեփոխումը։ Այն ենթադրում է զենքի երիտասարդ գնորդների ինքնության լրացուցիչ ստուգումներ և մեխանիզմ առաջարկում նահանգների իշխանություններին՝ սեփականատերերից զենքի առգրավման համար, որոնք ենթադրաբար կարող են սպառնալիք հանդիսանալ հասարակության համար։ 

Շարունակությունը՝ hetq.am-ում

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել