ՀՀ կառավարությունն անում է հնարավորը GRECO-ի բոլոր խորհրդատվական պահանջները կատարելու համար. նախարար Անդրեասյան
18:29 - 04 հուլիսի, 2022

ՀՀ կառավարությունն անում է հնարավորը GRECO-ի բոլոր խորհրդատվական պահանջները կատարելու համար. նախարար Անդրեասյան

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) և Հայաստանի Հանրապետության Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կազմակերպված բարձրաստիճան համաժողովին՝ Հայաստանում հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների ներկայացման վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար, ԵԽ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և համագործակցության վարչության ղեկավար Հաննե Յունկերի, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի, Ալբանիայի արդարադատության փոխնախարար Ադեա Պիրդենիի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի և այլ տեղացի ու միջազգային բարձրաստիճան անձանց մասնակցությամբ միջոցառմանը Կարեն Անդրեասյանը ներկայացրել է հակակառուպցիոն ոլորտում ԵՄ աջակցությամբ Հայաստանի կառավարության գրանցած ինստիտուցիոնալ հաջողությունները:

«Նախարար Անդրեասյանը, որպես արդեն իսկ գրանցած շոշափելի արդյունք՝ կարևորել է Արդարադատության նախարարության աջակցության և նախաձեռնողականության արդյունքում ձևավորված Հակակոռուպցիոն դատարանները, Հակակոռուպցիոն կոմիտեն, Գլխավոր դատախազությունում ձևավորված՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության և Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Ըստ աղբյուրի՝ Անդրեասյանը, կարևորելով GRECO-ի մեծ դերը կոռուպցիայի դեմ պայքարում, նշել է, որ Կառավարությունը՝  ի դեմս Արդարադատության նախարարության և այլ պետական մարմինների անում է հնարավորը, որպեսզի կատարվեն GRECO-ի բոլոր խորհրդատվական պահանջները  և հույս է հայտնել, որ մոտ ապագայում չեն լինի այնպիսիք, որոնք դեռ կատարված չեն:

Նշվում է, որ ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարությանը՝ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման ու անխոչընդոտ իրականացման համար և այդ համատեքստում կարևորել է հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների մշակման ու ընդունման գործընթացը:

Համաժողովի ընթացքում ընդգծվել է նաև պետական պաշտոնյաների ուղղորդման, վերապատրաստման և հանրային ծառայության բոլոր մակարդակներում բարեվարքության խթանման կարևորությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել