Ոսկեվան․ գյուղ, որտեղ խաղաղությունը կիթառի հնչյունների ձայնն ունի [մարzoom]
18:02 - 03 հուլիսի, 2022

Ոսկեվան․ գյուղ, որտեղ խաղաղությունը կիթառի հնչյունների ձայնն ունի [մարzoom]

Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղ եմ հասնում կեսօրն անց։ Այստեղ արեւն այնքան մոտ է թվում, որ անընդհատ ուզում եմ ուսիցս «քշել»՝ չկծմծի։ Ոսկեվանը մեծ չէ, մի ծայրից մյուսը ոտքով հեշտ ու հանգիստ կարելի է անցնել։ Անաղմուկ, խաղաղ մի անկյուն՝ թեեւ ուղիղ հակառակորդի դիտակետում։ Չնայած, տեղացիներն ասում են՝ պատերազմից հետո կրակոցներ չեն եղել գյուղի ուղղությամբ։ 

Գյուղի հենց սկզբում՝ ճանապարհի ձախ թեւին, իրար կողքի են վարչական ու մշակույթի տան շենքերը։ Առաջինը՝ բարվոք վիճակում, երկրորդը, սակայն՝ անմխիթար։ «Մշակույթից» եմ սկսում իմ պտույտը գյուղում, ինձ ուղեկցում է ոսկեվանցի Կարինե Ալեքսանյանը, որը մշակույթի տանը կիթառի դասընթացներ է վարում։ 

Կարինեն նվագել սովորել է բոլորովին վերջերս՝ 2017 թվականին։ Բայց կիթառ նվագելն իր մանկության երազանքն է եղել, միայն թե հնարավորություն չի ունեցել ու երազանքի իրականացումը հետաձգվել է։ Կարինեն, սակայն, որքան էլ երազկոտ է, նույնքան համարձակ։ Ասում է՝ կիթառ միայն հեռուստացույցով էր տեսել ու առաջին անգամ գործիքը ձեռքն է վերցրել ուսուցչուհու մոտ․ «Երբ իմացա, որ Դիլիջանից Նոյեմբերյան է եկել մի մասնագետ ու սիրողական դասընթացներ է անցկացնում, մասնակցեցի դրանց, մինչեւ ուսուցիչը գնաց Երեւան»,- պատմում է Կարինեն ու շարունակում, որ պատասխանատվությունը շատ մեծ էր, ուստի ինքը չի բավարարվել ստացած գիտելիքներով ու շարունակել է զբաղվել ինքնակրթությամբ։ Պատմելու ընթացքում Կարինեն կիթառը գրկից մի կողմ չի դնում, ձեռքերն էլ խնամքով դրել է վրան։ 

Կարինե Ալեքսանյանը

Արդեն որոշ ժամանակ անց Կարինեն լսել է մասնագետների կարծիքը, ներկայացրել իր գիտելիքները՝ հասկանալու՝ կարո՞ղ է դասընթաց կազմակերպել։ Իսկ մասնագետները շատ են հավանել, ու արդեն 2017-ի վերջին Կարինեն առաջին աշակերտներն է ունեցել։ 

Մեկ ամիս առաջ էլ սկսել է պարապմունքներ անցկացնել նաեւ ոսկեվանցի երիտասարդների հետ, ու շատ արագ թիմ է հավաքել․ Կարինեի մոտ այժմ Ոսկեվանի մշակույթի տանը կիթառի դասերի է գնում 19 երիտասարդ, ընդ որում՝ ոչ միայն Ոսկեվանից, այլ նաեւ հարեւան Բաղանիսից։ կիթառի դասերը սովորաբար վեց ամսից մեկ տարի են տեւում՝ կախված նրանից, թե աշակերտներն ինչպես են յուրացնում գիտելիքները։ Ոսկեվանի խմբային դասերից բացի՝ Կարինեն պարապում է նաեւ Նոյեմբերյանում՝ անհատական։ 

Կարինեն կես-կատակ ասում է՝ երեւի իր մոտ ավելի լավ ստացվում է գիտելիքները փոխանցել՝ մանկավարժություն անել, քան նվագել։ Զրուցակիցս մասնագիտությամբ բուժքույր է, նաեւ մանկավարժ՝ թեեւ ոչ բարձրագույն կրթությամբ։ Բայց, միեւնույն է, եկել-հասել է իր հոգու մասնագիտությանը։ 

Երբ Կարինեն որոշել է գնալ կիթառի դասերի, իմացել է, որ հարեւանի երեխան, որն իրենից փոքր է մոտ տասնհինգ տարով, եւս սիրում է կիթառ ու ինքն էլ է ուզում սովորել․ «Ես էլ ասում էի՝ երբ ես առնեմ կիթառ, դու էլ իմ կիթառով կնվագես, կսովորես, մինչեւ քոնն ունենաս։ Բայց էնպես ստացվեց, որ ինքն ավելի շուտ ունեցավ իր գործիքը՝ Ձմեռ պապիկն Ամանորին նվիրեց։ Էդ պահին ես չէի կարող ինձ համար գնել, ու երբ աղջնակն ունեցավ կիթառ, ասաց՝ որ կարող եմ իր կիթառից օգտվել, մինչեւ իմն ունենամ։ Հետո, երբ սկեսուրս լսեց՝ ինչպես եմ նվագում, երգում, ինքը շատ հուզվեց ու ասաց՝ թոշակս ստանամ՝ քեզ համար կիթառ եմ առնելու։ Սկեսուրիս օգնությամբ առանք իմ կիթառը»,- ժպտալով պատմում է զրուցակիցս։ Վախեր, իհարկե, ունեցել է, որ կարող է ինչ-որ բան չստացվել, բայց ժամանակը ցույց է տվել, որ այն, ինչ սրտումդ է, սիրով ես անում, անպայման հաջողվում է։ Կարինեն աշակերտների հետ «պայման է կապել»՝ ուսուցման իմաստն այն է, որ սովորողներն արդյունքում նվագեն ավելի լավ, քան իրենց ուսուցիչը․ «Կթվա՝ ուղղակի խոսքեր են, բայց հենց այդպես էլ եղավ՝ իմ սաներն ինձնից լավ են նվագում»։

կիթառը հիմա Կարինեի մտերիմ ընկերն է, չի լքում տխրության պահերին։ Իսկ Կարինեն տխրությունն իր մեջ չի ամփոփում-թաղում։ Ասում է՝ եթե գոյություն ունի մի բաժակ տխրություն, ու դա իր բաժինն է, ինքը բաժակի պարունակությունը չի թափում, արագ «խմում է», անցնում առաջ՝ ապրել է պետք, վայելել ամեն պահը, որ տրված է։

Կարինեն հուլիսի 9-10-ին փառատոն է կազմակերպում Նոյեմբերյանում՝ «Շնորհակալություն, մայ՛ր հող» խորագրով։ Ասում է՝ անընդհատ մտքեր է ունեցել՝ ո՞րն է մեր համընդհանուր սխալ քայլերի պատճառը․ «Մտքով սկսեցի քանդել էդ կծիկը ու հասկացա, որ մեր մայր հողը ըստ արժանվույնի չգնահատելն է։ Մայր հողը՝ որպես հայրենիք, մենք սիրում ենք, բայց սխալ ենք սիրում, բառերով չեն սիրում։ Մարդիկ պիտի բարի լինեն։ Մենք պիտի ուրախանանք, որ մեր երեխաներից լավ սովորող երեխաներ կան, մեզնից լավ աշխատավարձ ստացող մարդիկ։ Որովհետեւ դա համընդհանուր բարօրության համար է։ Եթե միայն մեկ-երկուսն այդպիսին լինեն, ապա հայրենիքը շենացնելու գործը միայն նրանց ուսերին կմնա։ Բայց այդ գործում բոլորի ջանքն է պետք, բոլորը պիտի ավելի զարգանան, ավելի կրթվեն, ավելի ունեւոր լինեն, որ փոփոխությունը զգալի լինի»,- իր մտորումներն է պատմում Կարինեն։ Նա կարծում է, որ կազմակերպելիք միջոցառումը հնարավորություն կտա արժեւորել մայր հողը՝ որպես հայրենիք, որպես բնություն, որպես արժեք։ Փառատոնի ժամանակ երաժշտության ուղեկցությամբ ուրցահավաք է լինելու Նոյեմբերյանի Սրբասարում, թեյի, սուրճի ընդմիջումներ են լինելու, թերթերուկ են թխելու, ձեռագործ իրերի ցուցադրություն-վաճառք է լինելու, նաեւ վարպետաց դասեր։ Մի քանի ընկերություններ իրենց արտադրանքով արդեն իսկ միացել են ու կմասնակցեն ցուցահանդես-վաճառքներին։ Իսկ թե ինչու հենց ուրցահավաք, Կարինեն մեկնաբանում է, որ այն մայր հողից ինչ-որ բան ստանալու խորհրդանիշ է․ «Նաեւ, ուրցն ինքնին դեղաբույս է, լավ կլիներ՝ առողջ կենսակերպի մշակույթը զարգանար մեզ մոտ, հետո, որ ուրցով թեյախմությունն էլ դառնա ավանդույթ։ Դա մտածելակերպ կարող է փոխել։ Ուրցի թեյախմությունն արվեստի պես բան է, այդ մթնոլորտը լավ տրամադրություն է բերում, լավ մթնոլորտ ստեղծում, դրանից էլ հաստատ ինչ-որ բան դեպի դրականն է փոխվում»։ Միջոցառումը թեեւ դեռ ֆինանսավորված չէ, բայց կազմակերպչական աշխատանքներն արդեն մեծ հաշվով արված են։ Մնում է գտնեն նաեւ ֆինանսավորողի՝ իրենց նպատակն ըստ պատշաճի կյանքի կոչելու համար, ինչը կնպաստի նաեւ տարածաշրջանում մշակույթի ու զբոսաշրջության զարգացմանը։

Մինչ մենք զրուցում ենք, մշակույթի տուն են գալիս Կարինեի աշակերտները։ Նրանցից մեկը՝ Էլեն Ալեքսանյանը, ծնվել է Երեւանում, բայց հիմա ապրում է Բաղանիս գյուղում, ու ամեն շաբաթ գալիս է հարեւան Ոսկեվան՝ մասնակցելու կիթառի դասերին․ «Էս գյուղ գալը իմ ամենալավ բաներից մեկն ա եղել։ Երեւանն էլ եմ շատ սիրում, բայց գյուղն իմ համար ուրիշ աշխարհ ա։ Գյուղում պապիկիս հետ էի ապրում, ու էստեղին կապող ամենակարեւոր օղակը նաեւ ինքն ա եղել։ Պապին հիմա չկա, բայց մեկ ա ես գյուղի տանն իր ներկայությունը զգում եմ։ Արմատներով ես ոսկեվանցի եմ, բայց Բաղանիսում ենք ապրում։ Բաղանիսն էլ եմ շատ սիրում։ Բաղանիսն էլ ա սահմանամերձ»,- ասում է Էլենն ու շարունակում, որ սահմանամերձ գյուղում ապրելն ուրիշ հպարտություն է, քեզ ավելի պարտավորված ես զգում։ Էլենն արդեն որոշել է՝ տուրիզմի ուղղությամբ է ուզում մասնագիտանալ, ինչը հնարավորություն կտա իր հարազատ գյուղերը ցույց տալ աշխարհին։ Այդ որոշման մեջ ավելի հաստատակամ է դարձել, երբ իր ուսուցչի տղան, որը եւս ուզում էր տուրիզմի ոլորտում մասնագիտանալ, զոհվել է 44-օրյա պատերազմում։ Էլենն ասում է՝ իրեն ավելի պարտավորված է զգում, լավ մասնագետ պիտի դառնա։ Նա կարծում է, որ իր ընտրած մասնագիտությամբ աշխատանքը կարող է համեմել կիթառ նվագելով։

Էլեն Ալեքսանյանը

Ոսկեվանցի Թերազա Հարությունյանն էլ է անչափ սիրում իր գյուղը։ Ասում է՝ գյուղում մարդիկ ավելի բարի են, ավելի մարդամոտ։ Իսկ սահմանին այդքան մոտ ապրելը իրեն չի անհանգստացնում․ «Ես չեմ վախենում ոչ կրակոցից, ոչ թշնամուց․ զինվորների քույր եմ։ Մեծ եղբայրս էլ է ծառայել, փոքր եղբայրս էլ՝ չնայած առողջական խնդրին։ Միջնեկ եղբայրս՝ Արմանն էլ է ծառայել, հետո անցել պայմանագրային ծառայության։ Բայց 2015թ․ հունվարի 17-ին զոհվել է»,- այս ասելիս Թերեզայի կոկորդը լցվում է, բայց նա չի լալիս ու պատմում է, որ այդ դեպքը մի ցավոտ կետ է եղել, որ իրեն ավելի է մոտեցրել գյուղին, հիմա չի ուզում ու չի պատկերացնում, որ որեւէ պարագայում կլքի Ոսկեվանը․ «Եթե գյուղից դուրս գանք․․․ սահմանին կանգնած զինվորն ամեն անգամ հետ կնայի ու կտեսնի, որ մարդիկ գնում են, կմտածի՝ ուրեմն ինքն անիմաստ է կանգնած դիրքում, եթե թիկունքին մարդիկ չկան»։ 

Թերեզա Հարությունյանը

Թերեզան դեռ հստակ չգիտի՝ ինչ մասնագիտություն է ընտրելու, որովհետեւ տարբեր մտքեր ունի։ Համ ուզում է ռազմական գործով զբաղվել, համ էլ ռուսերենի ուսուցիչ դառնալ։ Բայց, ոնց որ թե, ավելի շատ ռազմական ուսումնասարան գնալու միտքն է հաղթում, մնում է՝ ծնողների համաձայնությունը ստանա։ 

Գյուղի նկարազարդ կանգառը՝ տեղի խորհրդանիշերով

Մշակույթի տանը, բացի կիթառի դասընթացներից, նաեւ կավի, կարպետի ու նկարչության խմբակներ կան։

Շուտով ուզում են նաեւ դհոլի խմբակ բացել։ Բայց տարածքի պայմանները մտահոգող են։ Շենքը վերանորոգման կարիք ունի, հատկապես մեծ դահլիճը, որն այժմ օգտագործման պիտանի չէ․ կիսախարխուլ բեմ, քանդված հատակ, կիսակոտրած, լքված ու փոշոտ նստարաններ, որոնք, ի դեպ, ինչպես նշում է տնօրենը, ինչ-որ մեկը գնել է, բայց անգամ չի էլ տարել տարածքից։

Մշակույթի տան տնօրենը՝ Արթուր Մելքոնյանը, մեր զրույցում ասում է՝ 2000-ականների սկզբից մշակույթի տան այդ մեծ դահլիճն ուղղակի ունակ չէր գործելու։ Բայց ծրագրեր կան, որ այս տարի դահլիճը պիտի մասնակի վերանորոգվի։ Սուբվենցիոն ծրագրով որոշակի աշխատանքներ կարվեն, բեմը կսարքվի, բայց ծախսը շատ է լինելու, երեւի թե բոլոր հարցերը չլուծվեն։ 

Արթուր Մելքոնյանը

Մշակույթի տան պատուհանից երեւում է գյուղապետարանը։ Տանիքին ինչ-որ բան է նորոգում վարչական ղեկավարը։ Սպասում եմ ավարտի, մի քիչ զրուցեմ հետը։ Գնում եմ գյուղապետարան, դուռը թակում ու երբ սկսում եմ ներկայանալ, զգում եմ՝ ոնց որ արդեն տեղյակ է՝ ով եմ։ Պարզվում է՝ վարչական ղեկավարը՝ Սերգեյ Գրիգորյանը, մինչ այս աշխատանքին անցելը պայմանագրային զինծառայող է եղել, ու երեւի այդ հանգամանքի բերումով էլ մինչեւ իմ՝ գյուղապետարան մտնելը տեղեկացել է՝ ով է այս անծանոթ մարդը, որ աջ ու ձախ է պտտվում իրենց գյուղում։

Գյուղում 1343 մարդ է բնակվում, 277 փաստացի տնտեսություն կա։ Ոսկեվանում էլ, ինչպես Կոթիում, խոտհարքերը հակառակորդի դիտարկման տակ են։ Մարդիկ անասուններին չեն կարողանում արածեցնել որոշ տարածքներում․ գյուղում 500-ից մի քիչ ավելի խոշոր եղջերավոր անասուն կա։ Հիմա հունձի շրջանն է, գյուղապետն էլ պարբերաբար հետեւում է աշխատանքներին։ 

Սերգեյ Գրիգորյանը

Ոսկեվանում այգիները, դաշտերը նորմալ ոռոգվում են, բայց խմելու ջրի խնդիր կա․ ջուրը մոտիկ գյուղերից են բերում։ Ջրաֆիկացման հարցը լուծելու համար դիմել են համայնքապետարանին, բայց չգիտեն՝ երբ կլուծվի։ Գյուղը գազաֆիկացված է, փողոցային լուսավորություն էլ գրեթե բոլոր թաղամասերում կա։ Բայց ճանապարհների նորոգման հարց կա, դա էլ պիտի որ առաջիկայում լուծվի․ եկող տարի ճանապարհների տուֆապատում է նախատեսվում։

Գյուղապետը մի խնդիր էլ է առանձնացնում, Հայփոստը տեղափոխել են կողքի գյուղ՝ Բաղանիս։ Գյուղի տարեցները ստիպված ոտքով են գնում մի քանի կիլոմետր, որպեսզի թոշակ, նպաստ ստանան; Մի քանի ամիս է՝ այս հարցով դիմել են պատկան մարմիններին, բայց լուծում չի տրվել խնդրին։ Գրիգորյանն ասում է՝ փոստը Բաղանիս տեղափոխելու պատճառը տարածքի խնդիրն է եղել, բայց, ըստ նրա, կարելի էր փոստը բացել Մշակույթի տանը, մինչեւ նախկին շենքը կվերանորոգվեր։

Գյուղում պտտվելիս հեռվից տատիկների եմ տեսնում, մոտենում։ Այնպես են ողջունում, կարծես հենց ինձ էլ սպասում էին․ «Արի, ցավդ տանեմ, արի։ Որտեղացի՞ ես»,- իհարկե առաջինը հնչում է մշտական այս հարցը։ Ընկերուհիները՝ Վերան ու Լուսիկը, զրուցում էին գյուղից արտագնա աշխատանքի գնացողների մասին։

Լուսիկ տատիկը

Մտահոգվում են՝ լավ գյուղ է, բայց շատ աշխատանք չկա, եթե այգու, հողի գործ չես անում։ Հարցնում են՝ հավանե՞լ եմ գյուղը, ու երբ ասում եմ, որ շատ լավ, հանգիստ գյուղ է, տատիկներն առաջարկում են մնալ իրենց մոտ, հաստատ մի լավ իսան կգտնվի ինձ համար։

Վերա տատիկը

Բայց տատիկների «սիրտն այս անգամ կոտրում եմ», առողջություն մաղթում ու քայլում գյուղից դուրս եկող ճամփի ուղղությամբ, մինչեւ կգա մեր մեքենան ու ինձ կտանի Նոյեմբերյանի մի ուրիշ անկյուն՝ այլ բարի ու հավես մարդկանց մոտ, որոնց չեն կոտրում առօրյա խնդիրները, եթե կողքներին սիրելի հոգիներ կան։ Իսկ այսպիսի ջերմ գյուղերում այդ հոգիները կան։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել