Կոթի․ խստահայաց սարերի ու մարդկանց հյուրընկալ եզերքը [մարzoom]
00:54 - 02 հուլիսի, 2022

Կոթի․ խստահայաց սարերի ու մարդկանց հյուրընկալ եզերքը [մարzoom]

Տավուշի սահմանամերձ Կոթի գյուղը հսկող սարերը խստահայաց են։ Երկինքն էլ այսօր մռայլ է, եւ Կոթիում շրջելու համար օրը սկզբում շատ ջերմ չի բացվում․ մենք գյուղ ենք մտնում այն պահին, երբ հուղարկավորության թափորը շարժվում է գերեզմանատուն։ Այդ արարողությունը շրջանցելու համար Գուգլ քարտեզով գյուղամեջ տանող այլ ճանապարհ եմ գտնում ու քայլում աջ թեւով ներքեւ իջնող արահետով։ Ամռանը Կոթիում ամենամուգ կանաչն է ամենուր, ամենախիտ բացատներն ու այգիներն են, որոնց ծառերի արանքից դժվար են նշմարվում տները։ Սալորենիներ, ընկուզենիներ՝ ամեն քայլափոխի։

Աչքս քարտեզից կտրել՝ մի հարմար ցոգոլ եմ փնտրում մի լքված թվացող այգու մեջ ու հայացքս հանկարծ ընկնում է գերեզմանաքարերին․ փոքրիկ գերեզմանատուն կա այգիների արանքում։ Հետո իմանում եմ, որ Կոթիում այդպիսի փոքրիկ գերեզմանատներ շատ են հանդիպում, ընտանեկան են։ Գերեզմանները հիշողություններ են՝ ամփոփված հողում, որին ավելի ես կապվում հարազատի կորստի հետ ու լքել-գնալ չես կարող։ Այդպես են մտածում նաեւ Կոթիում, որտեղ մարդիկ հեշտ բնավորություն չունեն, ինչպես իրենց սարերը։ 

Ֆեյսբուքյան խմբերից մեկի անունը «Կոթիի բարդ հասարակություն է»։ Իրենք իրենց այդպիսին են համարում։ Ես էլ մտածում եմ՝ հարց ու փորձ անեմ՝ ինչի՞ց է ծագել այդ կարծիքը։ Եւ հենց առաջին իսկ պատահած անցորդը վառ օրինակն է լինում այդ բնավորության արտահայտման․ շիկահեր, գեղեցկադեմ մի կին, որն այնքան էլ շփվել չի սիրում անծանոթների հետ, արագ-արագ քայլելով անցնում է, իսկ հարցերին՝ ո՞նց եք, գյուղամեջ ճի՞շտ եմ գնում, կտրուկ պատասխաններ տալիս ու շարունակում իր ճամփան։ 

Կեսօրն արդեն մի քիչ զավեշտալի է թվում, երբ հասնում եմ մի ճաշարան, որտեղի աշխատող տիկինը ծանոթանալու արարողակարգային երկու րոպեից հետո հրավիրում է ներս՝ սուրճ խմելու, ու պարզվում է՝ քիչ առաջ տեսած թաղման ժողովուրդը հիմա հոգեհացի է գալու։ Մինչ նրանք տեղավորվում են, հասցնում եմ նաեւ իմանալ, որ մի քիչ ներքեւ Լաուրիկ տատն է ապրում, որին անպայման պիտի հյուր գնալ։ Մուտքի գաղտնաբառը՝ կանչել Լաուրիկ տատի։ Լաուրիկ տատի տունը թաքնված է փայտե կանաչ ցանկապատների արանքում։ «Լաուրիկ տատի՜, Լաուրիկ տատի՜․․․»։ Կանչելով իջնում եմ աստիճանները, ու համարյա հույսս կտրում եմ՝ կարծելով՝ այսօր իմ օրը չէ, ինձ ընդառաջ է գալիս փոքրամարմին տատիկն ու զարմացած նայում, թե՝ էս ո՞վ է։

Դե՜, պատմում եմ՝ ինչի եմ գյուղ եկել, ու որ ինձ ասել են՝ տատի հետ զրույցի առիթը հանկարծ բաց չթողնեմ, տատն ինձ միանգամից հրավիրում է բակ, ու առանց ավելորդ համոզում-առաջարկությունների ձեռնամուխ լինում սուրճի սեղան դնելուն։ Տատիկը, չնայած տարիքին, արագաշարժ ու ճարպիկ է։ Մինչ ես բակի դետալներն եմ ուսումնասիրում, հյուրընկալս լույսի արագությամբ տնից բերում է սուրճի բաժակները, երբ առաջարկում եմ ինքս պատրաստել սուրճը, նույն արագությամբ հայտնվում է կողքիս, դիմացս դնում սրճեփը, սուրճն ու շաքարը, ու անհետանում։ Ձայն եմ տալիս՝ «տա՜տ, էդ ուր գնացիր, սուրճը հեսա լինում ա»։ Մեկ էլ ձայնը լսում եմ այգուց՝ «կա՛ցի, կա՛ցի, մոռ եմ բերում»։

Լաուրիկ տատը

Բերում, լվանում է, շաքար լցնում վրան, ու ասում, որ ամբողջն ինձ համար է հավաքել, չուտել չեմ կարող։ Հետն էլ բացում է հենց երեկ փակած կոմպոտը, լցնում բաժակները, խոսքի մեջ ասում, որ իր թոռի անվանակիցն եմ։ 

Տատն ասում է՝ ֆիզիկական աշխատանքից հեչ չի նեղվում, բայց ծանր կյանք է ունեցել՝ ցավալի կորուստներ․ «25 տարեկան թոռս ավարիա տվուց, մահացավ։ Աղջիկս 53 տարեկանում ուռուցքով հիվնդացավ, մահացավ։ Մյուս թոռանս՝ տղիս աղջկա ջահել մարդը գնաց պատերազմ, զոհվեց, երկու երեխեքի հետ թոռս մենակ մնաց»։ Ամեն վերջակետից հաջորդ նախադասությունն ընկած վայրկենական արանքում տատը ծանր հոգոց է հանում․ «Ֆիզիկական աշխատանքը մարդուն բան էլ անում չի։ Բայց էդ կորուստնին մարդուն շատ ա ցավ պատճառում»։ 

Թեման ծանր է, փոխում ենք։ Միանգամից հարցնում եմ տատին՝ Կոթիի ժողովրդին ինչի՞ են ասում բարդ հասարակություն։ Էն էլ տատն առաջին անգամ է նման բան լսում։ Բայց սկսում է մտածել․ «Դե՜, բարդ ասելով՝ ի՞նչ ենք հասկանում։ Ուղղակի երեւի պակասությունը մարդկանց ագրեսիվացրել ա։ Սահմանն էլ մոտիկ ա։ Իննսունականներին շատ ջախջախվեցինք։ Մենք սհե չենք էլել․․․ Իրեք հեդը Գրադի սնարյադը մեր դռանը վեր ա ընգել։ Էս ժղովուրդը պրոբլեմներ շատ ա ունեցել, վերջը, ժղովուրդ ա, էլի։ Համ էլ, էդ «Կիսաբաց լուսամուտներ» ա, ինչ ա, մի օր տեհա․․․ Հլա կոթեցիքին չեն հվանմ»,- ասում է տատն՝ իր զարմանքն արտահայտելով, թե ոնց կարող են ջահել, առողջ տիկնայք գնալ այդ հաղորդմանն ու ասել, թե գործ չունեն։

Տատն իր օրինակն է բերում՝ 80-անց է, բայց մինչեւ հիմա մշակում է այգին։ Ընդ որում՝ ամենայն մանրակրկտությամբ, նկարչի հմտությամբ։ Լաուրիկ տատը, որ աշխատանքի համար մեդալ է ստացել անգամ, կարծում է՝ հիմա ժողովուրդը «լոդրացել է»։ Ասում է՝ երեւի հիասթափվել է, աշխատանք չի սիրում։

Տատն աշխատասեր է, բայց հիմա առողջությունն առաջվանը չէ․ «Դանդաղ մեռնելու վախտն ա։ Որ Աստված ինձ հարգել է, լավ կլներ՝ մահս հեշտ լիներ, շատ եմ տանջվել։ Նենց էլ գնահատված կնիկ չեմ եղել, որ ասեմ հա՜»։

Խոսակցության ժամանակ Լաուրա տատիկի ամուսինն է գալիս՝ Սամվել պապիկը, որ գործերով գյուղամեջ էր դուրս եկել։ Տատը գնում կանգնում է ամուսնու կողքին, ում հետ կյանք է կիսել ուղիղ 63 տարի։

Հոգու հետ է խաղում․ «Ես 18 տարեկան էի, ինքն էլ բանակից նոր էր եկել, փախցրուց ինձ։ Ես չէի սիրում, ուրիշին էի սիրում»,- ասում է տատն, իսկ պապը, թե՝ «հո-հո-հո», իբր՝ չի հավատում։ Սամվել պապը խոստովանում է, որ կնոջը շատ է սիրում։ 

Տատը մոռի մուրաբայի մի բանկա է դնում պայուսակիս մեջ, հրահանգում՝ ընկերներիդ հետ կուտես։ Խոստանում եմ, որ իրենց էլի հյուր կգամ ու հաջողություն եմ մաղթում։ Բայց սրտիս մեջ ոնց որ տրտմություն մտավ, երբ տատը շնորհակալություն ասաց իրենց հյուր գնալու համար։

Լաուրա տատիկենց տան մոտ է Կոթիի գյուղապետարանը՝ շրջապատված խնամված պարտեզով։ Գյուղապետարանի պատին Մարշալ Բաղրամյանի նկարն է փակցված․ Բաղրամյանը ծնունդով Կոթիից է եղել։ Աշխատասենյակներից մեկի պատուհանի ապակին, որ նայում է հակառակորդի դիրքերին, կոտրված է․ անցքը թշնամու կրակոցից է բացվել՝ 2015-ին։ 

Մի ուրիշ սենյակում պահարանի վրա շարված են տարբեր տրամաչափի զինատեսակներից հակառակորդի կողմից արձակված զինատեսակների բեկորներ, փամփուշտներ։ Այդ կտորները կարծես հավերժական հիշեցում լինեն։

Կոթիի վարչական ղեկավարը՝ Անդրանիկ Հախվերդյանը, իմ այցի պահին դաշտերում է՝ արտհնձի աշխատանքներին է հետեւում։ Բանն այն է, որ արտերը հակառակորդի դիտարկման տիրույթում են, գյուղապետն էլ հետեւում է հնձի աշխատանքներին, կազմակերպում ընթացքը, որ կոմբայնավարները համաչափ անեն իրենց աշխատանքը, միայն իրենց նախընտրած հատվածները չհնձեն։

Բայց Հախվերդյանը հեռախոսով բարեհամբույր զրուցում է մեզ հետ։ Ասում է՝ ցորենի դաշտերը միջդիրքային տարածքում են։ Դեպքեր են եղել, երբ հակառակորդը կրակել է այդ ուղղությամբ, ու արտը հրդեհվել է։ Այս տարի այդպիսի դեպք, բարեբախտաբար, չի եղել։ Կոթիի 1500 հա վարելահողերից շուրջ հազարն այսօր չի մշակվում․ հակառակորդի ուղիղ դիտակետում են։ Դա նաեւ անասնապահությամբ զբաղվելուն է խոչընդոտում։ Այժմ գյուղում հազարից մի փոքր ավելի խոշոր եղջերավոր անասուն կա։ 

Գյուղապետն ասում է՝ Կոթիում խմելու ջրի հաճախականության խնդիր կա, բայց այժմ այդ հարցով էլ են զբաղվում․ պլանավորման աշխատանքներ են տարվում, որ ամենօրյա ջուր լինի։ Ունեն նաեւ հեռահար ծրագիր՝ կառուցել 10.000 տոննա տարողությամբ ջրամբար, որը հնարավորություն կտա 300-ից ավելի հա ոռոգել, հիմա կարգին ոռոգվում են միայն տնամերձ հողերը։ Պլանավորում են նաեւ Կոթիի գտածոների թանգարան բացել, ինչը, գյուղապետի համոզմամբ, կգրավի զբոսաշրջիկներին։

Նոյեմբերյանի համայնքապետարանի առաջատար մասնագետ, Կոթիի գյուղապետարանում համայնքային ծառայող Արայիկ Բեջանյանն էլ մեր զրույցում պատմում է, որ տեղացիներն արդեն վաղուց հարմարվել են իրենց աշխարհագրական դիրքին, եւ ոչ մեկի մտքով էլ չի անցնում թողնել-հեռանալ։ «Մարդիկ կապված են էս հողին։ Ու չեն թողնի իրենց հարազատների գերեզմանները պղծեն։ Պատմություն ունեն էստեղ, արմատներ»,- ասում է Բեջանյանը։ Երբ խոսում ենք կոթեցիների բարդ բնավորության մասին, նա մեկնաբանում է, թե՝ էստեղ մեկը մեկից խելացի են, ամեն ինչ յուրովի են բացատրում, պարզամիտ չեն, դրա համար բարդ են թվում։ 

Արայիկ Բեջանյանը

Լաուրա տատիկն, ամեն դեպքում, մի քիչ կոտրել է այդ կարծրատիպը, հիմա շտապում եմ Կոթիի 2000-ին մոտ բնակիչներից մեկի՝ նկարիչ Կարո Բեջանյանի տուն։ Ճիշտ է՝ ճանապարհին հանդիպող մարդիկ ձեռքը բավականին հեռու էին պարզում՝ ցույց տալով Կարոյանց տունը, բայց այն լավ էլ մոտ էր՝ գյուղապետարանից ոտքի ճամփա։ Հասնում եմ մի տան մոտ, բակում սուրճի սեղանի մոտ հավաքված մարդիկ կան։ Հավասար կտրած բեղերով, կոկիկ սափրված տղամարդուն դիմելով՝ ասում եմ՝ ներեցեք, Կարոն Դուք եք, չէ՞։ Ասում է՝ հա՜, նման եմ չէ՞։

Կարո Բեջանյանը

Կարո Բեջանյանը դասավանդում է գյուղի դպրոցում։ Նա նաեւ գերեզմանաքարերի վրա է նկարներ անում, թեեւ, ասում է, իրեն կտավներն են հոգեհարազատ․ նկարելն իր տարերքն է, քարի վրա նկար անելը՝ ուղղակի աշխատանք։

Կարոն սովորել է Երեւանի պետական մանկավարժական համալսարանում, հետո աշխատանքի բերումով եկել է հարազատ կողմերը, բայց գործուղել են կողքի գյուղ՝ Բարեկամավան։ Կարոն ծիծաղելով ասում է՝ բայց լավ էր, տիկնոջս էնտեղից բերի։ Հետո տեղափոխվել է Կոթի ու հաստատվել այստեղ․ 1986թ․-ից Կոթիի դպրոցի նկարչության ուսուցիչն է։ 

Կոթին շատ է սիրում, իր կտավներում գյուղից շատ բնապատկերներ կան։ Կարոն կարծում է՝ արվեստագետները գյուղին շատ մոտ պիտի լինեն․ «Նկարիչը 10-րդ հարկում գործ չունի, հասկանո՞ւմ ես»,- ասում է նա։ Հետո քարի գործից խոսում՝ շեշտելով, որ դա իր նախասիրած աշխատանքը չէ, «ուղղակի հազար ումի հարցեր կան»։

Ասում է՝ երեխեքը նկարել սիրում են։ Հիմա գծագրությունը դպրոցից հանել են, բայց ինքը գծագրություն պարապում է երեխաների հետ, ու չի եղել դեպք, որ իր աշակերտներն ուսումնական հաստատություններ ընդունվելիս մասնագիտական քննությունները չստանան։ Շուտով դպրոցում նկարչության խմբակ էլ պետք է բացվի․ Կարոն այդ առիթով բավականին ոգեւորված է․ «Ես չեմ ուզում խմբակում երեխեն առանց պրակտիկ իրերի գա, ուղղակի նայի։ Ես ուզում եմ համ ես ստեղծագործեմ, իմ մոլբերտը դնեմ, համ երեխեքը»,- ասում է Կարոն։

Համայնքը հաստիք է բացել, աշխատավարձ սահմանել, ուստի խմբակն էլ ամբողջությամբ անվճար կլինի։ Կարոն հույս ունի՝ հնարավոր կլինի երեխաներին ապահովել անհրաժեշտ պարագաներով․ «Խմբակը սեպտեմբերից կգործի։ Եւ դա շատ կարեւոր բան ա։ Էդ էրեխանց հետ զբաղվել ա պետք, շնորհալի էրեխեք ունենք։ Սահմանային գոտի ա․․․ Գիտես ինչ, ես մի բանից եմ մի քիչ շատ վատ զգում, որ ամբողջ Հայաստանը սարքել են Էրեւան»,- ասում է Կարոն ու կարեւորում, որ սահմանամերձ գյուղերում էլ երեխաները լավ կրթություն ստանալու, հետաքրքիր զբաղմունքներ ունենալու հնարավորություններ ունենան։

Հետո Կարոն շտապում է իր գործերը ցույց տալ։ Նա առանձնահատուկ կիրք ունի հատկապես գծանկարների հանդեպ, թեեւ շատ կոլորիտային կտավներ էլ ունի, որոնցում զիլ արտահայտված է Կոթիի բնությունը։ 

Կարոյի թոռներն օգնում են պապին հատ-հատ ցույց տալ նկարները, հետո փոքրիկ Արտյումն էլ իր նկարներն է ցույց տալիս, երկուսով գալիս, բոլորում են պապին, ու սիրահոժար լուսանկարվում հայրենի սարերի ֆոնին։

Երեխաները, որ Ռուսաստանից եկել են պապի տուն, վազվզում, խաղում են բակում ու տանը, որի պատուհաններից մեկին հակառակորդի արձակած փամփուշից բացված անցք կա։ Այդ անցքից երեւի քամի է սողոսկում սենյակ՝ բերելով խոտհունձի տաք բույրեր ու դուրս տանելով կտավների արանքում հավաքված փոշին։

Հայարփի Բաղդասարյան
Լուսանկարները՝ Լիլիթ Նազարեթյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել