Նպատակ ունենք ընդդիմությունից ընտրելու ԱԺ փոխնախագահի այնպիսի տեղակալի, որը կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի․ Ջուլհակյան
11:40 - 01 հուլիսի, 2022

Նպատակ ունենք ընդդիմությունից ընտրելու ԱԺ փոխնախագահի այնպիսի տեղակալի, որը կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի․ Ջուլհակյան

ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետ կանչելու հարցն է։

Նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ նախագիծը։

Ըստ Ջուլհակյանի՝ Իշխան Սաղաթելյանը 2022 թ․-ի հունվարի 17-ից հունիսի 29-ներառյալ, այսինքն 2022 թ․-ի առաջին օրացուցային կիսամյակի նիստերի թվով 342 քվեարկություններից ունեցել թվով 198 բացակա։  «ԱԺ խորհուրդը ձևավորման պահից, այսինքն 2021 թ․-ի օգոստոս ամսից առ այսօր գումարել է թվով 25 նիստ, ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը նշված 25 նիստերից միայն 7-ին է ներկա եղել, բացակայել է ԱԺ խորհրդի 18 նիստերից»։

Նրա խոսքով՝ Իշխան Սաղաթելյանի հաճախակի բացակայությունների պատճառով անհնարին է դարձել վերջինիս Ազգային ժողովի նախագահի կողմից հանձնարարություններ տալը։

Պատգամավորն ընդգծեց՝ ինչպես ՀՀ Ազգային ժողովի նախագահը, այնպես էլ վերջինիս տեղակալները ներկայացնում են ողջ Ազգային ժողովը, բոլոր պատգամավորներին, կոչված են ապահովելու ԱԺ բնականոն գործունեությունը, համերաշխություն ապահովելու ինչպես Ազգային ժողովի, այնպես էլ հանրության շրջանում։ «Բոլորովին պատահական չէ, որ պատգամավորի երդման տեքստում հստակ կերպով նշված է պատգամավորի պարտականությունը քաղաքացիական համերաշխություն ապահովելու հարցում, սակայն ինչպես թերևս բոլորս հիշում ենք, թե՛ Իշխան Սաղաթելյանը և՛ թե նրա գործընկերները հրաժարվեցին 8-րդ գումարման Աժ առաջին նիստի օրը տալու պատգամավորի իրենց երդումը»։

Ըստ Ջուլհակյանի՝ Իշխան Սաղաթելյանը չի կատարել քաղաքացիական համերաշխությանն ուղղված իր երդումը, այլ քանիցս հրահրել է բախումներ, օգտագործել ատելության խոսք, վիրավորել է հանրության մի շարք ներկայացուցիչների, Ազգային ժողովի պատգամավորների։

Նա նաև նշեց, որ այս որոշմամբ նպատակ ունեն հետագայում ընտրելու ԱԺ փոխնախագահի՝ ընդդիմության կողմից առաջադրված այնպիսի տեղակալի, որը կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի՝ ապահովելով ԱԺ բնականոն գործունեությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել