Ջուջևան․ ոսկի տեղն ու «կանաչ տեսարժան վայրերը» [մարzoom]
23:14 - 30 հունիսի, 2022

Ջուջևան․ ոսկի տեղն ու «կանաչ տեսարժան վայրերը» [մարzoom]

«Փահլավա եմ սարքում, էսա կգամ»,- ասում է Անուշիկը, երբ զանգում եմ Ջուջևանում հանդիպելու համար: Արդեն գիտեմ, որ Անուշիկը յուրահատուկ սեր ունի խոհանոցի նկատմամբ ու կարող է ամբողջ օրը տորթ ու թխվածք թխել: Երազում է մի օր տորթերի սեփական բիզնեսն ունենալ, բայց հիմա դրա մասին շատ չի խոսում: Շնչակտուր հասնում է գյուղի կենտրոն ու միասին սկսում ենք շրջել Ջուջևանով: Այստեղ արդեն հասել է մորին: Անուշիկը գիտի դրանց բոլոր թաքնված վայրերը ու սկսում է դրանք հավաքել: Ամբողջ ամռան ընթացքում նա Ջուջևանի անտառներից հավաքում է բոլոր հնարավոր բարիքները՝ հատապտուղներ, խոտաբույսեր, մրգեր:

«Կարանք ծաղիկներ էլ փնջենք հետը»,- ասում է նա ու պատրաստում է ջուջևանյան բարիքներով փունջը: «Հա՜, քաղելը շատ-շատ եմ սիրում»,- պսպղուն աչքերով ասում է նա,- «ես քաղելու բոլոր գործերում կամ, անցած տարի նաև ուրց եմ վաճառել»:

Անուշիկը

Անուշիկ Իսրայելյանը 15 տարեկան է, ապրում է Տավուշի մարզի Ջուջևան գյուղում: Մտածում է արևելագետ դառնալու մասին:

«Չասեմ թուրքերենի հետ սեր ունեմ, բայց էդ լեզուն մի տեսակ պետք ա»,- ասում է նա:

Ջուջևանը Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհին է, նախորդում է Նոյեմբերյան քաղաքին: Այստեղ շատերը զբաղվում են անասնապահությամբ, և Ջուջևանը տարածաշրջանում հայտնի է իր արտադրած ամենահամեղ կաթնամթերքով:

Գլխավոր մայրուղուց երևում է գյուղապետարանի շենքը, որի ներսում են նաև գյուղի մանկապարտեզը, գրադարնն ու փոստը: Իսկ գյուղի ներսի նեղլիկ փողոցների աջ ու ձախ կողմերում՝ ծառերի խիտ շերտերի արանքներից արդեն երևում են գյուղի տները: Դրանց մի մասն արդեն դատարկ է, այնինչ այգու ծառերի ճյուղերը բերքից կախվել են: 

Փողոցում մի քանի երեխաներից բացի ոչ ոք չկա: Այստեղ ապրում է մոտ 500 հոգի: Անուշիկը պատմում է, որ առանձնապես տեսարժան վայրեր չունեն. տեսարժանն իրենց անտառներն են ու չկրկնվող բնությունը:

«Գնանք Սերոժի պապի ու Անժիկ տատի տուն, յուրահատուկ զույգն են, երևի գյուղի ամենատարեց զույգն են»,- առաջարկում է Անուշիկը: Մոտենում ենք տան բակին, բարձրահասակ, երկար ձեռքերը մեկնած տան դարպասին՝ Սերոժ պապն ինչ-որ բան է վերանորոգում:

Սերոժ պապը

«Ի՞նչ լավ բան կպատմես Ջուջևանից»,- ողջունելուց հետո հարցնում եմ Սերոժ պապին:

«Ուրեմն»,- սկսում է պապն ու խոսելիս երևում է միայն ներքևի միակ ատամը,- «Էս մի քանի վախտը մի ավտո անց կեներ, մեջիցը մի տղամարդ դուրս եկավ, թե՝ հոպար էստեղի՞ց ես: Ասի՝ այո, էստեղ ծնվել եմ, էստեղ մեծացել, էստեղ էլ ապրում եմ»,- հպարտ տոնայնությամբ պատմում է նա: «Ասավ՝ ես Լեննագանից եմ, դուք էս ինչ ոսկի տեղ եք ապրում: Հետո մտքիցս դուս չի գալիս էդ, որ ասավ՝ էս ինչ ոսկի տեղ ենք ապրում, բայց մենք սրա ղադրը (արժեքը) գիդենք ոչ»:

Խոսակցությունը լսելով՝ տան երկրորդ հարկից ներքև է շտապում Սերոժ պապի կինը՝ Անժիկ տատը, որը 89 տարեկան է:

Անժիկ տատն ու Սերոժ պապը

«Պատմե, որ էս մարդը 90 տարեկան ա, 90 հատ ծառ ա տնկել Ջուջևանի անտառներում», - ամուսնուն ցույց տալով՝ ասում է Անժիկ տատը:

Այնուհետև ամուսինները իրար կողքի նստում են իրենց բակի փայտե նստարանին, ու Սերոժ պապը սկսում է պատմել, թե ինչպես է երիտասարդ տարիքում սիրահարվել Անժիկ տատի երգին, ինչպես են ամուսնացել, ունեցել 4 երեխա:

«Հետո սաղ հարսանիքներին կանչեին երգելու, իրա պատվին ես էլ ուրխանեի»,- կնոջ մասին ասում է Սերոժ պապը:

Նրանց տնից դուրս գալուց հետո շարունակում ենք շրջել Ջուջևանով: Անուշիկը շտապում է ինձ ցույց տալ գյուղի եկեղեցին՝ սուրբ Գրիգորը, որը թվագրվում է 17-18-րդ դարերի: Գյուղի բնակիչները բազմիցս են դիմել թե՛ անհատների, թե՛ կառույցների՝ այն վերանորոգելու համար, սակայն արձագանք չեն ստացել: 

«Դե, մեր եկեղեցին մի քիչ շատ անմխիթար վիճակում ա»,- ասում է նա: Ես էլ մտածում եմ, որ երևի որոշակիորեն վնասված է վաղուց չվերանորոգված այլ կառույցների նման: «էսա՛, եկեղեցու դուռն էլ բաց ա»:

Ներքև տանող աստիճաններով մտնում ենք եկեղեցի, որտեղ հատակը անձրևներից հետո դեռ տիղմոտ է, իսկ տանիքում ծիծեռնակների անհամար բներն են:

«Ոնց ասեմ, էստեղ նույնիսկ նորմալ մոմ վառելու տեղ չկա, ինչքան էլ փորձենք նորմալ մաքրենք, մեկ ա՝ ավերակ ա մնում»,- ասում է Անուշիկն ու ցույց տալիս պատի խոռոչներից մեկը՝ պատված մոմով ու մրով․ եկեղեցու մոմ վառելու հատվածն է:

«Սպասեք էստեղ գոնե նկարներ դնեմ, որ նկարելիս սիրուն լինի»,- ասում է Անուշիկն ու հատակից բարձրացնում սրբապատկերները:

Եկեղեցուց դուրս ենք գալիս ու շարունակում քայլել գյուղով: Մոտենում ենք գյուղի համար նկատելի մեծ շինության՝ նախկին դպրոցն է: Պատուհանից երևում է դեռևս խորհրդային շուքով կահավորված տեխնոլոգիայի դասարանը:

Տեխնոլոգիայի դասարանը

Իսկ շենքի մնացած հատվածները կիսած են. այստեղ ապրում են տեղի մի քանի ընտանիքներ: 

Ջուջևանի դպրոցի նոր շենքի բացումը 2002-ին է եղել: Անցնող ուսումնական տարում այստեղ սովորել է 73 աշակերտ, որոնցից 6-ն այս տարի ավարտել են: Նրանց թվում է նաև Արթուրը՝ Անուշիկի ավագ եղբայրը: Այժմ նա պատրաստվում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ընդունելության քննություններին, հետո զորակոչվելու է բանակ:

Արթուրը 18 տարեկան է և արդեն մի քանի տարի է՝ զբաղվում է թե՛ փայտագործությամբ, թե՛ նկարչությամբ, թե՛ քանդակագործությամբ: Նա իր և իր գործերի մասին խոսել շատ չի սիրում, փոխարենը Անուշիկն է փորձում Արթուրի ձեռքի բոլոր աշխատանքները ներկայացնել: Նրանց տան փայտի կահույքի և իրերի (զարդատուփ, ժամացույց, սկուտեղ) մեծ մասը Արթուրի ձեռքի աշխատանքներն են: Երբ ժամանակ է ունենում, նաև պատվերներ է ընդունում: Արթուրի և Անուշիկի մայրիկը՝ Անահիտ Խոջյանը, հպարտությամբ ցույց է տալիս որդու պատրաստած նարդին, որը խնամքով պահում է. նարդու ամբողջ լայնությամբ փորագրված է Տաթևի վանքը: Անահիտն ասում է, որ շատերն են զարմանում, որ իրենց տղան այս տարիքում նման վարպետությամբ գործեր է պատրաստում:

Արթուրը

«Ո՞րն է եղել ամենադժվար գործը»,- հարցնում եմ Արթուրին:

«Դժվար գործ չկա»,- թեթև ժպտալով ու ամաչելով՝ պատասխանում է նա:

«Ով խելոք նստում ա, նրան էլ քանդակում ա»,- ծիծաղելով ասում է Անուշիկը:

Միասին իջնում ենք տան առաջին հարկը, որտեղ Արթուրի արվեստանոց/արհեստանոցն է: Նրա աշխատանքային սեղանին Գառոյի քանդակն է՝ գանգրահեր ու հույն փիլիսոփայի հիշեցնող լուրջ դեմքով մեզ է «նայում»: Մինչ այդ՝ իրական Գառոն բակում լուռ ու հանդարտ ծխում է. հին օրաթերթի մեջ փաթաթում է թութունն ու իրականում էլ նույն «հույն փիլիսոփայի դեմքով» նայում ու ծխում է:

Նա գալիս է օգնելու տնտեսության հարցերում, Արթուրն էլ այդ ընթացքում նրան քանդակել է: Ծնողների մահից հետո Գառոն մենակ է ապրում, գյուղացիները օրավարձով տարբեր աշխատանքներ են առաջարկում, որպեսզի ապրուստի միջոց ունենա: Գյուղացիները նրա մասին են հոգ տանում, ինքն էլ՝ գյուղի շների: Ասում են՝ գյուղում 2 էշ կա, մեկը Գառոյինն է, որով միշտ մոտակա անտառներից փայտ է բերում: Գյուղի կոլորիտային դեմքերից մեկն է Գառոն:

Անուշիկի հետ շարժվում ենք դեպի ընկեր Անուշենց տուն: Անուշ Ալեքսանյանը երկար տարիներ աշխատել է գյուղի դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Մտնում ենք տուն, որն ամբողջությամբ զարդարված է ընկեր Անուշի ձեռքի աշխատանքներով՝ մեծ ու փոքր գորգերով: Իսկ գորգերի վրա պատկերված են հայոց պատմության և գրականության ամենավառ դրվագներն ու դեմքերը: Վերջին աշխատանքը Տիգրան Մեծն է:

Ընկեր Անուշը

«Բոլոր պատկերներն իմ պաշտամունքային անձինք են, քանի որ մեզ այսօր ուժ է պետք, չենք կարող թուլանալ»,- ասում է Անուշ Ալեքսանյանը: Հաջորդիվ նախատեսում է աշխատել իր հնագույն վիշապագորգի վրա. ընկեր Անուշն իր մահճակալի բարձի տակից հանում է մաշված, բայց դեռ պահպանված գույներով գորգը, որին ցանկանում է երկրորդ կյանք տալ: Նրա երազանքն է հնարավորություն ունենալ գորգագործության խմբակ ունենալ Ջուջևանում, որպեսզի կարողանա իր գիտելիքը փոխանցել երիտասարդներին: Բացի դրանից՝ նա աշխատում է բուսաներկերով, որոնց ստացման գաղտնիքները ցանկանում է փոխանցել կրտսեր սերնդին: Բայց, ինչպես ինքն է ասում, «չի գտնում այդ համարձակ հովանավորին, որը նման բան կնախաձեռնի»:

Չնայած արդեն մի քանի տարի է՝ չի աշխատում դպրոցում, բայց գյուղի երեխաների հետ շարունակում է իր ակտիվ գործունեությունը Ջուջևնում:

«Երեխաների հետ կապը միշտ ամուր է, չեմ կարողանում առանց երեխաների, ծաղիկների չափ սիրում եմ»,- ասում է ընկեր Անուշը, իսկ նրա ամբողջ բակը լի է տարբեր գույների վարդերով:

Արդեն 30 տարի է՝ յուրաքանչյուր օգոստոսի 11-ին այստեղ Նավասարդ են նշում. ընկեր Անուշն իր շուրջն է համախմբում գյուղի դպրոցականներին ու երիտասարդներին, ու միասին կազմակերպում են համագյուղական մեծ միջոցառում:

«Դա էլ է իմ պաշտամունքից եկել»,- ասում է Անուշ Ալեքսանյանը,- «բայց նաև Ջուջևանի բնությունն եմ սիրում և մարդկանց, որոնք ազնիվ են, որոնք աշխատասեր են»: Մեզ ճանապարհելիս նա դուրս է գալիս իր բակ ու մեզ նվիրում է իր այգու վարդերից: Ես ու Անուշիկն էլ շտապում ենք կրկին մի քիչ մորի հավաքել Ջուջևանի «տեսարժան, կանաչ վայրերից»:

Ջուջևանով սիրով շրջեց Մերի Մամյանը


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել