Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն գործերով դատավորների ընտրության հարցը

 |armenpress.am|
17:00 - 29 հունիսի, 2022

Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն գործերով դատավորների ընտրության հարցը |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանը արտահերթ նիստում քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի 4 թափուր տեղերի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը:

Թեկնածուներին ներկայացրեց ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը:

Բարձրագույն դատական խորհուրդը առաջին պաշտոնի համար առաջադրել է Լիլիթ Գրիգորյանի, Արտակ Կրկյաշարյանի և Մուշեղ Հարությունյանի թեկնածությունները:

Թեկնածուներից Լիլիթ Գրիգորյանը նիստերի դահլիճում չէր, այսպիսով` ելույթ չունեցավ: Պատգամավոր Արման Եղոյանը հետաքրքրվեց թեկնածուի չներկայանալու պատճառով: Խաչատուրյանն ասաց՝ թեկնածուն պատճառների մասին չի հայտնել, պարզապես ասել է, որ չի գալու: Պատգամավորը դա անընդունելի մոտեցում համարեց: «Եթե ԲԴԽ-ն ներկայացրել է թեկնածությունը, մենք եկել ենք այստեղ որևէ մեկի թեկնածությունը որևէ պաշտոնում քննարկելու համար, իրենք պարտավոր են ներկայանալ, եթե իհարկե շատ հարգելի պատճառ չկա»,- ասաց Եղոյանը:

Երկրորդ պաշտոնի համար ԲԴԽ-ն առաջադրել է Լուսինե Աբգարյանի, Կարեն Բատիկյանի և Սերգեյ Չիչոյանի թեկնածությունները: Կարեն Բատիկյանը ևս ԱԺ չէր եկել: «Բատիկյանի կինը ևս դատավոր է Վերաքննիչ դատարանում: Թեպետ բացառվում է, որ նրա կնոջ որոշումները որևէ կերպ վերանայելի լինեին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում՝ առարկայական ընդդատության կանոնները հաշվի առնելով, այնուամենայնիվ, նա գտավ, որ հնարավոր է շահերի բախման մասին տպավորություն ստեղծվի հանրության մոտ, դրա համար թեկնածուն չի եկել»,-ասաց Խաչատուրյանը:

Երրորդ պաշտոնի համար ԲԴԽ ներկայացրած թեկնածուներն են Հովհաննես Ավագյանը, Կարեն Բիշարյանը և Նելլի Հարությունյանը: Չորրորդ պաշտոնի համար՝ Ռուբիկ Մխիթարյանը, Արսեն Նիկողոսյանը և Արթուր Սարգսյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել