Սոնա Մնացականյանի հարազատները պնդում են՝ գործով կարևոր ապացույցներ են ոչնչացվել
 |civilnet.am|
16:44 - 29 հունիսի, 2022

Սոնա Մնացականյանի հարազատները պնդում են՝ գործով կարևոր ապացույցներ են ոչնչացվել |civilnet.am|

civilnet.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան մեքենաներից մեկի կողմից ապրիլի 26-ին մահացու վրաերթի ենթարկված հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի ընտանիքի անդամներն ու փաստաբան Ռաֆիկ Ասլանյանը պնդում են, որ մի շարք ապացույցներ «ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից քննիչին չեն տրամադրվել»։

«Այդ հանգամանքը մեր կողմից ընկալվում է որպես ոչնչացում։ Այդ ապացույցները էական նշանակություն ունեն հատկապես այլ անձանց արարքների քրեաիրավական ճիշտ գնահատման համար, նաև էական նշանակություն ունեն վարորդի արարքի գնահատման համար՝ դեպքի վայրից փախուստի մասով»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այդ մասով իր առարկություններն ու եզրակացությունը դատախազն արդեն կալանքի վերաբերյալ նիստին ներկայացրել է դատարանին։

Ապացույցներ ոչնչացնելու՝ տուժող կողմի պաշտպանի հայտարարությունները մեղադրյալի փաստաբան Ռուբեն Բալոյանն անհիմն է որակում. «Եթե այսկերպ շարունակվի, մենք հաղորդում կտանք սուտ մատնություն կատարելու համար»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ որևէ ապացույց այս գործով չի ոչնչացվել։

Վարորդի փաստաբանը համոզմունք հայտնեց, որ դեպքի վայրից փախուստ չի եղել։ Ճշտող հարցին ի պատասխան, թե հրապարակված տեսագրությունում երևում է՝ ինչպես է հարվածից հետո մեքենան լքում դեպքի վայրը, Բալոյանը նոր մանրամասներ հայտնեց։

«Հաջորդ տեսախցիկով երևում է, թե նա ինչպես է կանգնում, նա ազատ տեղ է գտնում՝ հաշվի առնելով, որ հետևից 15 մեքենա է գնում։ Ինքը 60-70 մետր վերև է բարձրանում, աջ կողմում ազատ տեղ է գտնում ու կանգնում է»,- ասաց փաստաբանը։ Հետաքրքրվեցինք, թե արդյոք շտապել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկված կնոջը։ – Այդ ընթացքում, որ շարասյունն անցնում է, ռադիոկապով լսում է, թե շտապ օգնություն են կանչել։ Դա հաշվի առնելով՝ նա բարձրանում է վերև՝ «Նաիրի» ԲԿ-ի դիմաց կանգնում է, որտեղից տեսանյութ կա, շտապ օգնության մեքենան բերում է ու աղջկան մտցնում հիվանդանոց։ Նա ԲԿ-ի բժիշկների հետ է խոսում ու ասում՝ ամեն ինչ արեք, աղջկան փրկեք»։

Ըստ փաստաբանի՝ կողմն ամեն ինչ արել է, որ հաշտության գնա տուժողի ընտանիքի հետ, սակայն ապարդյուն․ նրանք չեն արձագանքել։ Բացի այդ, Բալոյանը կարծիք հայտնեց, թե այս գործը քաղաքականացվում է։

Շարունակությունը՝ civilnet.am-ում 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել