ՌԴ դեսպանատան մոտ քաշքշուկ տեղի ունեցավ գերիների ծնողների եւ ոստիկանների միջեւ |news.am|
13:29 - 29 հունիսի, 2022

ՌԴ դեսպանատան մոտ քաշքշուկ տեղի ունեցավ գերիների ծնողների եւ ոստիկանների միջեւ |news.am|

news.am: Երեւանում Ռուսաստանի դեսպանատան մոտ, որտեղ այսօր՝ հունիսի 29-ին, բողոքի ակցիա են իրականացնում Խծաբերդում գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները, ինչ-որ պահի իրավիճակը լարվեց, քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ:

Նշենք, որ գերեվարվածների հարազատները պահանջում են ՌԴ դեսպանի հետ հանդիպում։  Նրանք վրդովվեցին, որ շուրջ մեկ ժամ է այստեղ են, սակայն այդպես էլ չեն հասկանում՝ իրենց որեւէ մեկն ընդունելու է, թե ոչ, դեսպանը տեղում է, թե ոչ:

«Զանգեք, թող գան: Չեն կարո՞ղ 15 րոպեով ընդունել։ Հլը իրենց երեխաները գերի լինեին, տեսնեինք նույն ձեւ էին լինելո՞ւ»,- ասաց ծնողներից մեկը:

Ոստիկաններից մեկը կոչ արեց ավելորդ լարվածություն չստեղծել: Որոշ ժամանակ անց գերիների ծնողների, հարազատների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ, վիճաբանություն եղավ։ Ծնողները ցանկանում էին դեսպանատուն մտնել։ Մայրերից մեկի ինքնազգացողությունը վատացավ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն առցանց մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանատվությունը վերագրեց ՌԴ խաղաղապահ առաքելությանը՝ ասելով, որ «հաստատված գերեվարված անձանց 90 եւ ավելի տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո եւ նրանց պատասխանատվության գոտում», ինչից հետո գերիների հարազատները բողոքի գործողությունները սկսեցին Գյումրիում ՌԴ հյուպատոսության առաջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել