Կատարում Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններ կանցկացվեն միջուկային գործարքի շուրջ
17:40 - 27 հունիսի, 2022

Կատարում Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններ կանցկացվեն միջուկային գործարքի շուրջ

Մոտակա օրերին Կատարում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Իրանի և Միացյալ Նահանգների միջև, այսպիսով Եվրամիությունը ձգտում է հաղթահարել փակուղին, որն առաջացել է 2015 թ-ի միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցություններում, գրում է Reuters-ը։

«Բանակցությունների անցկացման համար Իրանն ընտրել է Կատարը՝ Դոհայի և Թեհրանի միջև առկա բարեկամական կապերի պատճառով», - իրանական ISNA տեղեկատվական գործակալությանը հայտնել է միջուկաին գործարքի շուրջ բանակցություններում Իրանի գլխավոր ներկայացուցչի մեդիախորհրդատու Մոհամմադ Մարանդին։

Մարտին, թվում էր, համաձայնագիրը մոտ է ստորագրման, երբ բանակցությունները համակարգող ԵՄ-ն դրա կողմերի արտգործնախարարներին հրավիրեց Վիեննա՝ Թեհրանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի միջև 11-ամսյա անուղղակի բանակցություններից հետո համաձայանգրի վերջնական համաձայնեցման համար։

Սակայն բանակցությունները փակուղի մտան գլխավորապես այն բանից հետո, երբ Իրանը սկսեց պնդել, որ Վաշինգտոնն ահաբեկչական կազմակերպությունների իր ցանկից հեռացնի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։

Նշենք, որ 2015 թ-ի համաձայնագրով՝ սահմանափակումներ էին կիրառվում Իրանի միջուկային գործունեության վրա, որի դիմաց չեղարկվում էին այդ երկրի նկատմամբ միջազգային պատժամիջոցները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թ-ին Միացյալ Նահանգները դուրս բերեց այդ գործարքից՝ կրկին խիստ պատժամիջոցներ սահմանելով Թեհրանի նկատմամբ։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել