Իմ կյանքի իմաստը տեսնում եմ այն հայրենիքի ստեղծման մեջ, որ երազել է որդիս․ 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու է
17:26 - 27 հունիսի, 2022

Իմ կյանքի իմաստը տեսնում եմ այն հայրենիքի ստեղծման մեջ, որ երազել է որդիս․ 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու է

Ազգային ժողովում շարունակվում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատավորների թեկնածուների ընտրության հարցի քննարկումը։

Այս պաշտոնում ԲԴԽ-ն առաջադրել է նաև Նաիրա Հովսեփյանի թեկնածությունը, ով 1996 թ․-ից առ այսօր աշխատել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավոր։ «Եվ որպես դատավոր, և որպես դասախոս գտնում եմ, որ օրենքը փորձություն է անցնում առաջին ատյանի դատարանում, և առաջին ատյանի դատավորն է տեսնում և բարձրաձայնում օրենքի բացերը, որը արել եմ»։

Թեկնածուն նշեց՝ 2006 թ․-ին ՀՀ-ում միակ դատավորն է եղել, որ ասել է՝ սոցքարտերի բացակայությունը չպետք է խոչընդոտի կենսաթոշակի ստացմանը։ «Այլ կարծիք են հայտնել Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները, բայց Սահմանադրական դատարանը 2006 թ․-ի հոկտեմբերի 4-ի որոշմամբ համաձայն է եղել իմ դիրքորոշման հետ, իր որոշման մեջ նշել է իմ վճռի մասին և օրենսդրության մեջ կատարվել է համապատասխան փոփոխությունը։  Քրեական ոլորտում ես միակ դատավորն եմ եղել, որ գտել եմ, որ տուգանքը չի կարող փոխարինվել հանրային աշխատանքներով, որովհետև տուգանքը ավելի մեղմ պատժատեսակ է, քան հանրային աշխատանքները և մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՍԴ, իմ որոշումների հիման վրա ՍԴ-ն գտել է, որ այո, օրենքը ունի սահմանադրականության խնդիր և օրենքում կատարվել է փոփոխություն»։

Նախկինում գործող Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը արգելում էր, որ անգործունակ ճանաչված անձը վիճարկի իր անգործունակությունը․ «Ես ղեկավարվել եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպով և դրանից հետո օրենսդրության մեջ կատարվել է փոփոխություն։ Ես այսօր էլ պրպտում եմ այն բացերը, որոնք կան օրենքում, փորձում եմ հայտնել դրա մասին իմ կարծիքը, որպեսզի կատարվեն համապատասխան փոփոխություններ»։

Նաիրա Հովսեփյանն այնուհետև ասաց, թե ինչու է դիմել Վճռաբեկ դատարանի հակակառուպցիոն պալատում աշխատելու համար։

«2020 թ․-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծվեց պատերազմ, որին մասնակցեց նաև իմ որդին։ Իմ որդին բացառիկ ունակությունների տեր անձ էր, դրա մասին է վկայում այն, որ տղաս միաժամանակ սովորել է ԵՊՀ իրավաբանության, փիլիսոփայության և հոգեբանության և Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում։ Համալսարանի երկու ֆակուլտետները ավարտել է գերազանց, դարձել է Դավիթ Անհաղթի անվան կրթաթոշակառու, եղել է համալսարանի գիտխորհրդի անդամ, գիտական կոչումներ շնորհող հանձնաժողովի անդամ, համալսարանի բրոնզե մեդալակիր, «Հայ ասպետ» խմբով համալսարանի թիմում մասնակցել է և որպես հաղթող մեկնել Արևմտյան Հայաստան։ Տղաս կամավոր մեկնել է բանակ, որովհետև ուներ տարկետման իրավունք՝ լինելով նաև մինուճար զավակ, պատվով ծառայել է, վերադարձել է 2020 թ․-ի օգոստոսի 13-ին ավագ լեյտենանտի կոչումով, ամիս ու կեսվա ընթացքում ընտրվել է Գիտակրթական հանձնաժողովի նախագահ և հիմք դրել ոչ ֆորմալ կրթությանը, հիմա նրա անունով ԵՊՀ-ում կոչվում է Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցը»։

Գևորգ Արշակյանը սեպտեմբերի 27-ին գնացել է զինկոմիսարիատ կավորագրվելու, սակայն նրան մերժել են, քանի որ նոր էր վերադարձել բանակից։ Սեպտեմբերի 28-ին ջոկատ է կազմել համալսարանում և մեկնել Մատաղիս։ «Հոկտեմբերի 13-ին վերադարձել է ռազմաճակատից, քանի որ ամբողջ խումբը հիվանդացել էր թոքաբորբով։ Երկրորդ անգամ տղաս տաքսիով մեկնել է ռազմաճակատ։ Ինչո՞ւ եմ շեշտում երկրորդ անգամ, որովհետև տղաս իմացել է՝ ուր է գնում, տեսել է պատերազմը իր աչքերով, մասնակցել է Շուշիի պաշտպանությանը, և վիրավորվել երեք անգամ։ Առաջին անգամ, երբ վիրավորվել է, ինքը իրեն ցավազրկել է, շարունակել է մարտը, որպեսզի կատարի ռազմական առաջադրանքը, փաթաթվել է խաչքարին, ինչպես ասում են ականատես ընկերները, կանգնած վիճակում, ստացել է երկրորդ, երրորդ վիրավորումը, բայց կատարվել է ռազմական առաջադրանքը։ Երբ իմացել է, որ կատարվել է մարտական առաջադրանքը, թույլ է տվել, որ զինվորները իրեն տանեն հիվանդանոց, որտեղ էլ որդիս անմահացել է։  Որդուս մականունը ֆանտաստիկ էր»։

Նարիա Հովսեփյանն ասաց՝ ցանկանում է, որ մեր երկիրը ազատվի կոռուպցիայից․ «Կոռուպցիան հրեշ է, ախտ է։ Բառը լատիներեն նշանակում է «փչացած», «այլասերված», պատերազմի, պարտության պատճառը կոռուպցիան է։ Իմ կյանքի իմաստը տեսնում եմ այն հայրենիքի ստեղծման, զարգացման մեջ, որ երազել է իմ որդին, որի համար կյանքն են տվել որդիս և նրա ընկերները և դրա համար ես դիմել եմ, որպեսզի դառնամ այդ դատարանի դատավոր»։

Թեկնածուն ընդգծեց՝ դատավորի համար գիտելիքները բավարար չեն, անհրաժեշտ է ներքին անկախություն, կամք, նվազագույն խոցելիություն։ «Կարծում եմ՝ իմ մասնագիտական գիտելիքները, իմ մանկավարժական փորձը, իմ ապրած կյանքը բավարար են, որպեսզի Ազգային ժողովը ինձ վստահի այդ պաշտոնը։ Ուրիշ ի՞ նչ հատկանիշներ են պետք, որ մարդը այդ պաշտոնում աշխատի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել