Վրաստանը չի ընդունի ռուսական նավթը, որով բեռնված է Բաթումի նավահանգիստ մտած նավը
16:09 - 27 հունիսի, 2022

Վրաստանը չի ընդունի ռուսական նավթը, որով բեռնված է Բաթումի նավահանգիստ մտած նավը

Վրաստանի կառավարությունը հաստատել է, որ Բաթումի նավահանգիստ է մտել պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթով բեռնված նավ, սակայն պնդում է, որ մաքսատունը չի ընդունելու այն, հայտնում է News Georgia-ն։

Այն մասին, որ նավը Բաթումի նավահանգստում է, ավելի վաղ հայտնել էր վրացական ընդդիմադիր «Մտավարի» հեռուստաընկերությունը։

Երկրի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի միջոցով պատժամիջոցների շրջանցման փաստ «երբեք չի եղել և ապագայում էլ չի լինելու»։

Նա հաստատել է բեռնանավի՝ նավահանգիստ մտնելու մասին փաստը, սակայն հերքել է լուրերը, թե ռուսական նավթը, որով այն բեռնված էր, վերաաձևակերպվել է՝ պատժամիջոցները շրջանցելու համար։

Նախարարի խոսքով՝ Վրաստանի մաքսային մարմիններն ուսումնասիրում են փաստաթղթերն ու որոշումներ կայացնում՝ «ելնելով իրենց պատասխանատվության շրջանակից»։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու է ռուսական նավթով բեռնված նավը մտել հենց Բաթումի նավահանգիստ՝ Դավիթաշվիլին լրագրողներին առաջարկել է «շարժառիթների հարցով դիմել բեռի սեփականատիրոջը»։

«Վրաստանի պետական մարմինները գործում են առավելագույն պատասխանատվությամբ, և այսօրվա դրությամբ՝ մաքսային մարմինները համաձայնություն չեն տվել նման բեռ ստանալուն։ Այդ պատճառով էլ, ինչ էլ ցանկանա նավահանգիստը, անկախ մասնավոր անձանց ցանկությունից, այդ բեռն առանց մաքսատան համաձայնության, իհարկե, չի կարող Վրաստանում և Վրաստանի մաքսային տարածքում հայտնվել», - ասել է նախարարը։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել