ՀՀ-ին տարիներ շարունակ առաջարկվել է ներդնել կոռուպցիոն գործընթացների դեմ պայքարի մեխանիզմներ․ Հակոբյանը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին
15:48 - 27 հունիսի, 2022

ՀՀ-ին տարիներ շարունակ առաջարկվել է ներդնել կոռուպցիոն գործընթացների դեմ պայքարի մեխանիզմներ․ Հակոբյանը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին

Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը։ Խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատավորների թեկնածուների ընտրության հարցը։

Այդ պաշտոնում առաջադրված թեկնածուներից Լիզա Հակոբյանը, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի հարցին, իր տեսակետը հայտնեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ։

Լիզա Հակոբյանի խոսքով՝ հակակոռուպցիոն գործընթացի վերաբերյալ պահանջները տարիներ շարունակ մեր պետության առջև դրված են եղել միջազգային կառույցների կողմից։ «ՄԱԿ-ի, Եվրախորհրդի համապատասխան կոնվենցիաների հիմքով տարիներ շարունակ ՀՀ-ին առաջարկվել է ներդնել կոռուպցիոն գործընթացների դեմ պայքարի մեխանիզմներ։ Այդ մեխանիզմներից է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի քաղաքացիաիրավական բռնագանձումը։ Ճիշտ է, միջազգային ստանդարտը չի պարտադրում ընդունել քաղաքացիաիրավական բռնագանձումը, սակայն թույլ է տալիս նման միջոցներ ունենալու, երբ կան քրեաիրավական ճանապարհով այդ գույքի բռնագանձման խնդիրներ»։

Թեկնածուն ընդգծեց՝ քաղաքացիաիրավական բռնգանձումը չի հակասում միջազգային ստանդարտներին․ «Այն բավականին լայն կիրառում ունի հատկապես անգլոսաքսոնական երկրներում, և երկրորդը այն նաև հնարավոր է բխի ՀՀ կոնտեքստից։ Այսինքն՝ քրեական գործերի քննության հետ կապված խոչընդոտները, որոնք տեղի են ունենում, կարող են հիմնավորել քաղաքացիական կարգով գույքի բռնագանձմանը։ Իհարկե, դրանք ունեն որոշակի առանձահատկություններ, այդ օրենքով բռնագանձվող գործընթացը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին, այն պետք է կիրառվի բացառիկ դեպքերում, երբ քրեաիրավական կարգով բռնագանձելու այլ տարբերակ չկա, և այն պետք է համապատասխանի մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի  վեցերորդ հոդվածին, այսինքն՝ արդար դատաքննության չափանիշներին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել