Նիգավանում հնչած կրակոցների հետևանքով մահացած քաղաքացիների հարազատները ակցիա էին իրականացնում |tert.am|
13:34 - 25 հունիսի, 2022

Նիգավանում հնչած կրակոցների հետևանքով մահացած քաղաքացիների հարազատները ակցիա էին իրականացնում |tert.am|

tert.am: Ապարանում այսօր բողոքի ակցիա էին իրականացնում վերջերս Նիգավանում հնչած կրակոցների հետևանքով վիրավորված և հրազնենային վնասվածքներից մահացած քաղաքացիների հարազատները։ Նրանք պնդում են, որ փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր տղան է հրահրել միջադեպը։

Ակցիայի մասնակիցները ասում են, որ Փարվանյաններն Ապարանից պետք է գնան, և պահանջում են օբյեկտիվ քննություն։

Լրագրողների հետ զրույցում Ապարանում կրակոցներից սպանված Տիգրան Հարությունյանը հայրը ասաց, որ վիճաբանությանը ներկա են եղել Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր տղաները և Մաթևոս Ասատրյանի եղբայրը․ «Մեր պահանջն այն է, որ արդար քննություն ընթանա և բոլոր մեղավորները պատժվեն։ Բոլորի համար տարօրինակ է, որ սպանությունից մեկ շաբաթ անցել է, բայց ձերբակալվել է ընդամենը 1 հոգի»։

Նա նաև հավելեց, որ պահանջատեր են լինելու, որ բոլոր մասնակիցները պատժվեն։

Իսկ Ապարանում սպանված Հմայակ Միքայելյանի եղբայրը հայտնեց, թե փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր տղան՝ Ռոմանն է զանգել, կանչել բոլորին, միջադեպ հրահրել ու անհետացել․ «Ռոմանը ներկայացել է որպես Ապարանում հարց լուծող։ Գազալցակայանում առաջինը ծեծել են Ռաֆոյին։ Ռոմանին ոչ ոք չի ճանաչում որպես Ապարանում հարց լուծող, իր հարց լուծելը այսպիսի բաների է հանգեցրել, շատ դեպքեր են եղել, որոնք արյունալի չեն եղել և հրաշքով պրծել են։ Ռոմանը հավաքում է մի քանի հոգու, կռիվ հրահրում, ու ինքը անհետանում է այդտեղից։ Ապարանում եթե կա մեկը, որ կասի՝ դա այդպես չէ, ես իր աչքերի մեջ երկար կնայեմ։ Ռոմանը դեռ ձերբակալված չէ, այսքան մարդ դրա համար է հավաքվել, որ Ռոմանի տնեցիները հավաքեն իրենց իրերը ու հասկանան, որ Ապարանում իրենք տուն չունեն»։

Իսկ Ժորա Փարվանյանը՝ Ռոման Փարվանյանի հայրն ասաց․ «Ռոմանը չի զանգել հրավիրել, հակառակը՝ ինքն ասել է՝ չգաք գազալցակայան։ Երևանից եկած երեք տղաների հետ ընկերություն չի արել Էդգարը, կարող է ճանաչել է, ես չգիտեմ։ Ես չգիտեմ Ռոմանին տարել են այդ օրը ոստիկանական բաժին, թե ոչ, ես տանն էլ չեմ եղել դեպքի օրը։ Բանդա է ստեղծվել, ամեն ինչ լավ կազմակերպված է եղել, շատ լավ ամեն ինչը արված է։ Իրավապահ մարմինները կպարզեն»,- ասաց նա։

Հարցին, թե ինչ են պատրաստվում անել՝ հաշվի առնելով, որ սպանվածների հարազատները պահանջում են, որ նրանք հեռանան գյուղից, Ժորա Փարվանյանը նշեց․ «Ո՞վ կարող է մեզ ասել, որ գնանք այստեղից, սա իմ պապի ազատագրած հողն է, ես այստեղից ոչ մի տեղ չեմ գնա, եթե չգիտեք, գնացեք Սարդարապատ, այնտեղ գրած է պապիս անունը՝ Փարվանի Խաչո, սա իմ տունն է։ Վտանգավորն իրենք են»։

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 19-ին։ Մինչ պաշտոնական տեղեկատվության տարածումը մամուլում շրջանառվել է, թե դեպքը առնչություն ունի ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատների և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդու հետ։ Ոստիկանությունը պաշտոնապես գրել էր, որ «միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին՝ պատճառը կենցաղային է», իսկ Մաթևոս Ասատրյանը հերքել էր իր կամ իր հարազատների մասնակցությունը միջադեպին

Այս պահին, ըստ պաշտոնական տվյալների, ձերբակալված է 32-ամյա տղամարդ։

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել