Երևանից և Բաքվից հաստատում եմ ստացել, որ սահմանազատումը ներկա փուլում ջանքերի կարևոր բաղկացուցիչ է․ Լավրով
15:35 - 24 հունիսի, 2022

Երևանից և Բաքվից հաստատում եմ ստացել, որ սահմանազատումը ներկա փուլում ջանքերի կարևոր բաղկացուցիչ է․ Լավրով

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են պատրաստակամությունը՝ մասնակցելու սահմանազատման հարցերով հանձնաժողովի շրջանակում երկրորդ հանդիպմանը և ազդակներ չեն փոխանցել այն մասին, որ մտադրությունը փոխել են։ Այս մասին Ադրբեջանի արտոգրծնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Բառացիորեն մի քանի շաբաթ առաջ իմ այցի ժամանակ մենք Երևանում խոսել ենք [Հայաստանի] վարչապետի և արտգործնախարարի հետ։ Նրանք վերահաստատել են մասնակցությունը սահմանազատման հարցերով հանձնաժողովի շրջանակում երկրորդ հանդիպմանը։ Այդ հանդիպումը համաձայնեցված է Մոսկվայում՝ մեր տարածքում, և մենք այժմ ամսաթվերն ենք որոշում, որոնք հարմար կլինեն երկու կողմերին։ Ես ազդակ չեմ տեսել այն մասին, որ կողմերը փոխել են իրենց միտքը կամ չեն ուզում մասնակցել այդ աշխատանքին»։

Լավրովը նշել է, որ Երևանում և Բաքվում բանակցությունների ընթացքում «հաստատում է ստացել, որ սահմանազատումը ներկայիս փուլում բոլոր ջանքերի կարևոր բաղադրիչն է»։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է մոտակա ժամանակներս Մոսկվայում կազմակերպել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի երկրորդ նիստը և կողմերից ակնկալում է այդ հանիպման ամսաթվերի վերաբերյալ առաջարկներ։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել