Քրեական գործեր, կասկածելի գործարքներ և խախտումներ՝ Նորքի սրտաբանականում
 |hetq.am|
12:37 - 24 հունիսի, 2022

Քրեական գործեր, կասկածելի գործարքներ և խախտումներ՝ Նորքի սրտաբանականում |hetq.am|

hetq.am: Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, որն առավել հայտնի է «Նորքի սրտաբանական» անվամբ, մի շարք կասկածելի գործարքներ են իրականացվել։ «Հետք»-ն ուսումնասիրել է բժշկական կենտրոնի ֆինանսական աուդիտները, ԲԿ-ում պետական վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրությունը և ԲԿ-ի կարիքների համար արված գնումները, որոնց մի մասն իրականացվել է առանց գնման ընթացակարգերի՝ «զանգերով»։

Հիմնական բացահայտումները՝

  • 66 մլն դրամով գնվել է վիրահատական սարք, որը չի օգտագործվում։
  • Անգործության հետևանքով ԲԿ-ի բյուջե չի մուտքագրվել 30 մլն դրամ։
  • ԲԿ-ն շրջանցում է «Գնումների մասին» օրենքը եւ զանգով պատվերներ կատարում։
  • ԲԿ-ն վնասով է աշխատել։
  • 2 քրեական գործ՝ ԲԿ-ի գործունեության վերաբերյալ։

 

66 միլիոն դրամով գնված սարքավարումը չեն օգտագործում

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը 2020 թ.-ի մարտի 20-ին վիրահատական համակարգ ձեռք բերելու նպատակով բաց մրցույթ է հայտարարել։ Մոտ 2 շաբաթ անց՝ ապրիլի 8-ին, արդեն պայմանագիր է կնքել մրցույթի հաղթող «Մեդ Քեփիթլ» ՍՊԸ-ի հետ։ ՍՊ ընկերությունը 66 միլիոն դրամ արժողությամբ պայմանագրով պարտավորվել է բժշկական կենտրոնին մատակարարել «Ackermann Instrumente GmbH» ընկերության արտադրության վիրահատական համակարգ, որը նախատեսված է ընդհանուր լապարասկոպիկ, կրծքավանդակի և սրտային վիրահատությունների համար: Ըստ պայմանագրի, համակարգի բոլոր բաղկացուցիչ մասերը և պարագաները պետք է լինեն նույն արտադրողինը: Այս մրցույթի հապճեպ անցկացումը երևում է մրցույթի փաթեթի փաստաթղթերից։ Ապրիլի 6-ին միակ մասնակից «Մեդ քեփիթլ» ՍՊԸ-ն հաղթող է ճանաչվել, ապրիլի 7-ին ՍՊԸ-ին առաջարկվել է պայմանագիր կնքել, ապրիլի 8-ին ՍՊԸ-ն կնքված պայամնագիրը մուտք է արել «Նորք-Մարաշ» ԲԿ, նույն օրը ԲԿ-ն է ստորագրել պայմանագիրը։

«Մեդ Քեփիթլ» ՍՊԸ-ն 2019 թ.-ին հիմնադրել է Լիլիթ Քոչարյանը, սակայն վերը նշված գործարքից առաջ ՍՊԸ-ի 100% բաժնետեր է դարձել Յանա Բազիկյանը։ 66 մլն դրամ արժողությամբ պայմանագրի կնքումից հետո՝ 2021 թ.-ին, Յանա Բազիկյանը դուրս է եկել ընկերությունից՝ 100 % բաժնեմասը փոխանցելով ընկերության տնօրեն Աննա Բալայանին։

«Նորք Մարաշ» ԲԿ-ն, ձեռք բերելով 66 միլիոն դրամ կամ ներկայիս փոխարժեքով` 162 հազար ԱՄՆ դոլար արժեցող սարքը, մինչ օրս որևէ վիրահատություն չի իրականացրել։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, թե իբր նախատեսվել էր թանկարժեք այդ սարքը շահագործել արտասահմանից ժամանած վիրաբույժների միջամտությամբ, որոնց հետ վաղուց բանակցություններ էին վարվել։

«Սակայն Covid 19-ով պայմանավորված՝ համաշխարհային պանդեմիայի ընթացքում, այնուհետև պանդեմիային հաջորդած պատերազմական և հետպատերազմական շրջանում բժիշկները չեղարկել են իրենց այցը Հայաստան՝ տեղաշարժման սահմանափակումների պատճառով»,- փոխանցել են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։ Այս պարզաբանումը կարելի էր տրամաբանական համարել, եթե չտեսնեինք մրցույթի անցկացման ժամանակագրությունը։ Սարքավորման ձեռքբերման մասին ԲԿ-ն հայտարարել է 2020 թ.-ի մարտի 20-ին, երբ Հայաստանում արդեն տարածվել էր կորոնավիրուսային համավարակը և կար հաստատված 136 դեպք։ Այսինքն` մրցույթը հայտարարելիս արդեն հայտնի էր, որ բազմաթիվ երկրներ փակել են իրենց սահմանները, կարանտին հայտարարել և հայտնի էլ չէ, թե երբ է հնարավոր վերադառնալ նախկին կյանքին՝ առանց տեղաշարժի սահմանափակումների։ «Նորք Մարաշ» ԲԿ-նարդեն 2 տարի «քնեցրել է» անգործության է մատնել թանկարժեք սարքը ՝ գնում կատարելով մի ընկերությունից, որի բաժնետերը այդ գործարքին նախորդող ժամանակահատվածում փոփոխվել է, իսկ գործարքն իրականացնելուց հետո՝ դուրս եկել ընկերությունից։ 

30 միլիոն դրամի բռնագանձումը չի կատարվել

Պետական վերահսկողական ծառայությունը 2020 թ.-ին ուսումնասիրել է Նորք Մարաշ ԲԿ-ի գնումներից մեկը և առկա խախտումների մասին գրավոր տեղեկացրել Երևանի քաղաքապետին (այդ ժամանակ Երևանի քաղաքապետը Հայ Մարությանն էր)։ 

Ուսումնասիրության համաձայն, ԲԿ-ի կարիքների համար հայտարարված մրցույթներից մեկում հաղթող ճանաչված «Ալմաքսիմս» ՍՊԸ-ի հետ 2020 թ.-ի մարտի 13-ին 27 միլիոն 500 հազար դրամ արժեքով պայմանագիր է կնքվել։ ՍՊԸ-ն պետք է բժշկական կենտրոնին մատակարեր «Medtronic» և «Abbott» ընկերությունների արտադրած դեղապատ ստենտներ։ Պայմանագրի հավելվածի համաձայն, մատակարարը պատվիրատուին պետք է ներկայացներ ստենտներն արտադրող ընկերության տրամադրած երաշխիքային նամակը։ Պայմանագրի կնքումից հետո, երբ ԲԿ-ն ունեցել է համապատասխան ֆինասական միջոցներ, ընկերության հետ կնքել է համաձայնագիր։ Դրա հիման վրա «Ալմաքսիմս» ՍՊԸ-ն մատակարարել է պահանջված ստենտների առաջին խմբաքանակը՝ ԲԿ-ին ներկայացնելով ընդամենը մի փաստաթուղթ ապրանքների ձեռքբերման աղբյուրի վերաբերյալ։ Մինչդեռ պայմանագրի համաձայն, մատակարարը պարտավոր էր երաշխիքային նամակ ներկայացնել, ոչ թե մատակարարման աղբյուրի մասին փաստաթուղթ։ ԲԿ-ն մատակարարին գրավոր հայտնել է, որ չի կարող ընդունել ապրանքները։ Նույն պատմությունը մեկ անգամ էլ է կրկնվել, մատակարարը կրկին երաշխիքային նամակի փոխարեն նախկինում ներկայացրած՝ ապրանքի ձեռքբերման աղբյուրի մասին փաստաթուղթ է տրամադրել։ ԲԿ-ն 3 օր ժամանակ է տվել մատակարարին երաշխիքային նամակը ներկայացնելու համար: Այն այդպես էլ չի ներկայացվել։ Դրանից հետո մատակարար «Ալմաքսիմս» ՍՊԸ-ն 2020 թ.-ի հունիսի 26-ին դիմել է բժշկական կենտրոնին և խնդրել լուծել պայմանագիրը՝ մատակարարման համար անհաղթահարելի խոչընդոտների առկայության հիմքով։ ՍՊԸ-ն անհաղթահարելի խոչընդոտները բացատրել է կորոնավիրուսային հիվանդության պատճառով ամբողջ աշխարհում ստեղծված լոգիստիկ խնդիրներով։

Պետական վերահսկողական ծառայությունը համարել է, որ երբ մատակարարը չի ներկայացրել երաշխիքային նամակը, ԲԿ-ն պետք է միակողմանի լուծեր պայմանագիրը։ Բացի այդ, մատակարար «Ալմաքսիմս» ՍՊԸ-ից պետք գանձեր պայմանագրի ապահովման գումարը՝ 2.75 միլիոն դրամ, որակավորման ապահովման գումարը՝ 27.5 միլիոն դրամ և հաշվարկեր ու գանձեր 137 հազար դրամ տուգանք։ Ավելին, բժշկական կենտրոնը մատակարարին գնումներին մասնակցելու իրավունք չունեցող անձանց «սև ցուցակ» ներառելու նպատակով պետք է դիմեր Ֆինանսների նախարարություն, ինչը նույնպես չի կատարել։ 

ՊՎԾ-ն արձանագրել է, որ «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնն անգործություն է ցուցաբերել, որի հետևանքով, հօգուտ ԲԿ-ի չի գանձվել 30 միլիոն 287 հազար դրամ։

Պետական վերահսկողական ծառայությունն, այդուհանդերձ, Երևանի քաղաքապետին ընդամենն առաջարկել է ԲԿ-ի՝ իրենց պարտականություններում թերացած աշխատակիցների նկատմամբ կարգապահական տույժ կիրառել։ 

Երևանի քաղաքապետարանը նշված գործարքի վերաբերյալ ներքին աուդիտ է իրականացրել և բավարարվել է ԲԿ-ի տնօրենի բացատրությամբ, որ արտակարգ դրության պայմաններում չէր կարող այլ գործողություններ կատարել։

Տեխնիկական բնութագրերը խտրական ձեւով են կազմվել

2021 թ.-ին Երևանի քաղաքապետարարանն ուսումնասիրել է իր ենթակայությամբ գործող «Նորք-Մարաշ» ԲԿ-ի բաց մրցույթներից մեկը և կոպիտ խախտումներ հայտնաբերել։ 13 չափաբաժնից բաղկացած բաց մրցույթում ԲԿ-ի համար պահանջվող ապրանքների տեխնիկական բնութագրերը կազմվել են ոչ մրցակցային և խտրական ձեւով, քանի որ բոլոր ապրանքների դեպքում առկա են եղել հղումներ կոնկրետ ընկերության անվանման և առևտրային նշանի։ 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի ուսումնասիրության եզրակացության մեջ նշված է, որ «Նորք-Մարաշ» ԲԿ-ի պատասխանատու ստորաբաժանումները գնման հայտը նախագծելիս կոպտորեն խախտել են «Գնումների մասին» օրենքի պահանջները՝ տեխնիկական բնութագրերում հղում են կատարել կոնկրետ ընկերությունների և ապրանքային նշանների։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել