Կարող եք Ավստրիան դիտարկել որպես հուսալի գործընկեր. Ավստրիայի Դաշնային խորհրդի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին
20:16 - 23 հունիսի, 2022

Կարող եք Ավստրիան դիտարկել որպես հուսալի գործընկեր. Ավստրիայի Դաշնային խորհրդի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին

Պաշտոնական այցով Ավստրիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հունիսի 23-ին ընդունել է Ավստրիայի Հանրապետության Դաշնային խորհրդի նախագահ Քրիստին Շվարց-Ֆուքսը:

ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջ հետ զրույցում նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Ավստրիայի միջև քաղաքական հարթակում նկատվում է երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկա. տեղի են ունեցել ակտիվ փոխայցելություններ, հանդիպումներ նախագահների, վարչապետների, արտգործնախարարների մակարդակով: Նա հավելել է, որ անհրաժեշտ է համագործակցություն հաստատել Հայաստանի խորհրդարանի և Ավստրիայի խորհրդարանի վերին պալատի միջև, քանի որ խորհրդարանական դիվանագիտությունը զգալի դեր է խաղում հայ-ավստրիական երկկողմ օրակարգի գործում ինչպես դաշնային, այնպես էլ ապակենտրոնացված մակարդակով:

Ալեն Սիմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնելու և խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության հետագա ամրապնդմանը: Այս իմաստով ըստ ՀՀ ԱԺ նախագահի՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը շրջադարձային պահ է, որը նոր հեռանկարներ կբացի Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման համար:

Զրույցի ընթացքում ելակետային են եղել Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման, Ավստրիայի՝ Հայաստանում Ավստրիայի Հանրապետության դեսպանություն բացելու, Երևանում ավստրիական վիզային ծառայությունների բացման վերաբերյալ հարցերը:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմին և դրա հետևանքով առաջացած բազում խնդիրներին՝ Ալեն Սիմոնյանը եւս մեկ անգամ ողջունել է Ավստրիայի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի ստեղծմանը, տարածաշրջանային համագործակցության զարգացմանը:

Կողմերն անդրադարձել են նաև Ավստրիայի բազմադարյա հայ համայնքի կարևորությանը, որը հուսալի կամուրջ է երկու երկրների միջև: Քրիստին Շվարց-Ֆուքսը հպարտորեն ընդգծել է հայերի մեծ ներդրումն իրենց երկրի մշակութային, տնտեսական և քաղաքական կյանքում:

Հանդիպման ավարտին ԱՀ Դաշնային խորհրդի նախագահը կարևորել է ՀՀ ԱԺ նախագահի այցը՝ նշելով, որ այն նոր հնարավորություններ կընձեռի Հայաստանի և Ավստրիայի միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման համար: «Մենք շահագրգռված ենք, որ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց համար բարենպաստ իրավիճակ լինի: Այս իմաստով կարող եք Ավստրիան դիտարկել որպես հուսալի գործընկեր»,- նշել է Ավստրիայի Հանրապետության Դաշնային խորհրդի նախագահ Քրիստին Շվարց-Ֆուքսը:

 

Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել