ՀՀ ՄԻՊ-ը տեսաուղերձով է հանդես եկել ՄԱԿ-ի Արտադատական, առանց դատի կամ կամայական մահապատիժների հարցերով Հատուկ զեկուցողի հետ քննարկմանը
18:37 - 23 հունիսի, 2022

ՀՀ ՄԻՊ-ը տեսաուղերձով է հանդես եկել ՄԱԿ-ի Արտադատական, առանց դատի կամ կամայական մահապատիժների հարցերով Հատուկ զեկուցողի հետ քննարկմանը

Հունիսի 22-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսաուղերձով է հանդես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նստաշրջանի (ս․թ․ հունիսի 13 – հուլիսի 8 ) շրջանակներում անցկացվող ՄԱԿ-ի Արտադատական, առանց դատի կամ կամայական մահապատիժների հարցերով Հատուկ զեկուցողի հետ քննարկմանը. տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։


«Իր ուղերձում Պաշտպանը բարձր է գնահատել Հատուկ զեկուցողի՝ արտադատական, ամփոփ կամ կամայական մահապատիժների ուղղությամբ կատարած աշխատանքը՝ ընդգծելով զեկուցողի մանդատն ամրապնդելու և ավելի շատ ռեսուրսներ տրամադրելու անհրաժեշտությունը:


Պաշտպանը անդրադարձ է կատարել 2020թ. Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո ադրբեջանական զինուժի կողմից հայ խաղաղ բնակչության, այդ թվում՝ ծերերի և ռազմագերիների նկատմամբ իրականացված խոշտանգումների, արտադատական​​ և ամփոփ մահապատիժների վերաբերյալ արձագանքին և նշել, որ համացանցով անգամ տարածվող նման ծայրահեղ դաժան արարքներին միջազգային արձագանքը եղել է մեղմ ասած անհամաչափ ու անբավարար՝ դրանով իսկ նախադրյալներ ստեղծելով այլ ընթացիկ հակամարտություններում արտադատական ​​և կամայական մահապատիժների գործելակերպերրի համար: 

Եզրափակելով ելույթը՝ Պաշտպանն ընդգծել է Հատուկ զեկուցողի կողմից տարածաշրջան ավելի շատ այցեր կատարելու հրամայականը՝ շեշտելով տեղում իրավիճակին ծանոթանալու անհրաժեշտությունը՝ որպես մանդատի արդյունավետ իրականացման երաշխիք։

Կարևորելով մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտների դերը տեղում իրավիճակի օբյեկտիվ գնահատման համար՝ Քրիստիննե Գրիգորյանը հայտնել է Հատուկ զեկուցողի հետ գործընկերության իր պատրաստակամության մասին»,- ասված է հաղորդագրությունում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել