Մենք գազային ճգնաժամի մեջ ենք․ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար
15:30 - 23 հունիսի, 2022

Մենք գազային ճգնաժամի մեջ ենք․ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար

Գերմանիայի իշխանությունը որոշել է ակտիվացնել, այսպես կոչված, տագապի ռեժիմը՝ գազի մատակարարման ոլորտում վթարային պլանի երկրորդ աստիճանը։ Այս մասին, ինչպես հայտնում է DW-ն, այսօր հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար, փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը։ Նա բացատրել է դա Ռուսաստանի գազի մատակարարման կրճատմամբ և գազի բարձր գներով։

«Մենք գազային ճգնաժամի մեջ ենք։ Այսուհետ՝ գազը դեֆիցիտ ապրանք է։ Գներն այսօր արդեն բարձր են, և մենք պետք է նախապատրաստվենք դրանց հետագա բարձրացմանը», - ասել է Հաբեկը։

Նրա խոսքով՝ ռուսական մատակարարումների կրճատումը «տնտեսական գրոհ է» Գերմանիայի նկատմամբ։

Վթարային պլանի երկրորդ աստիճանը հայտարարվում է գազամատակարարման խաթարումների առաջացման կամ գազի չափազանց մեծ պահանջարկի դեպքում։ Այս փուլում ենթադրվում է, որ շուկան դեռ ունակ է ինքնուրույն հաղթահարելու այս խնդիրներն՝ առանց արտաշուկայական միջոցների ձեռնարկման։

Վթարային պլանի երրորդ փուլն՝ արտակարգ իրավիճակն, ակտիվացվում է, երբ գազամատակարարումը վատթարանում է այնքան, որ դրությունն այլևս հնարավոր չէ շտկել առանց պետության միջամտության։

Պլանի առաջին աստիճանը հայտարարվել էր դեռևս մարտին։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել