ԲՏԱ նախարարն այցելել է աշխարհի ամենամեծ ստարտափ կլաստեր ընկերություն, ներկայացրել ՀՀ-ում ստարտափ էկոհամակարգի զարգացումը
22:10 - 22 հունիսի, 2022

ԲՏԱ նախարարն այցելել է աշխարհի ամենամեծ ստարտափ կլաստեր ընկերություն, ներկայացրել ՀՀ-ում ստարտափ էկոհամակարգի զարգացումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 12-ից 15-ը պաշտոնական այցով եղել է Ֆրանսիայի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացնում է նախարարության կայքը։

Պաշտոնական այցի շրջանակներում հունիսի 14-ին նախարարը հանդիպել է Ֆրանսիայի «Université Paris-Saclay» համալսարանի գիտական և ճարտարագիտական հետազոտությունների գծով փոխնախագահ Միշել Գիդալի հետ: Կազմակերպվել է շրջայց  «Soleil» գիտահետազոտական լաբորատորիայի տարածքով, որի ընթացքում լաբորատորիայի գլխավոր տնօրեն Ժան Դելանը ներկայացրել է լաբորատորիայի գործունեությունը:

Հանդիպման ընթացքում Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած պետական քաղաքականությունը, ոլորտի զարգացման նպատակով իրականացվող ծրագրերը։

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է նաև աշխարհի ամենամեծ ստարտափ կլաստեր «Station F» ընկերություն, որտեղ  հանդիպել է Ռազմավարական ծրագրերի և հաղորդակցության բաժնի ղեկավար Գրեգորի Մարտինեսի հետ: Քննարկվել են նորարարության, տնտեսական հզորացման, նորաստեղծ էկոհամակարգերի աճին և արդյունավետության խթանմանն ուղղված մի շարք հարցեր:

Միաժամանակ ընդգծվել է երկու պետությունների ձեռնարկությունների միջև գործընկերային կապերի հաստատման,  համագործակցության, ինչպես նաև փոխճանաչելիության մակարդակի բարձրացման նպատակով փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:

Ռոբերտ Խաչատրյանն իր հերթին ներկայացրել է Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացման կարևորությունը, վենչուրային կապիտալի ֆոնդի ձևավորման և գործունեության իրականացման  նպատակով կատարվող աշխատանքները, ստարտափ նախաձեռնությունների խթանման ու էկոհամակարգի զարգացմանն ուղղված դրամաշնորհային ծրագրերն ու օրենսդրական բարեփոխումները, որոնք միտված են դյուրացնելու Հայաստանում ոլորտային արտադրանքի ձևավորումը:

Ֆրանսիական կողմը հետաքրքրություն է  հայտնել հայկական ստարտափների, աքսելերատոր ծրագրերի և հետազոտությունների վերաբերյալ, առաջարկել հայկական ստարտափներին ներառել իրենց կողմից ստեղծված ֆոնդերի և ֆինանսավորվող նախագծերի մեջ, ակտիվացնել ոլորտային համագործակցությունը: Տեղի է ունեցել նաև շրջայց՝  կենտրոնի տարածքով, որի ընթացքում նախարարին է  ներկայացվել մանրամասներ ընկերության գործունեության վերաբերյալ:

Այցի շրջանակներում Ռոբերտ Խաչատրյանը հանդիպում է ունեցել հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել է Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել