Խոշտանգումների և կոռուպցիոն որոշ հանցագործությունների վերաբերյալ քրգործերի նախաքննությունը վերապահվել է ՔԿ-ին
18:18 - 20 հունիսի, 2022

Խոշտանգումների և կոռուպցիոն որոշ հանցագործությունների վերաբերյալ քրգործերի նախաքննությունը վերապահվել է ՔԿ-ին

Հայաստանի Հանրապետությունում ընթացող օրենսդրական բարեփոխումների շրջանակներում վերջերս ընդունվել և 2022 թ. հունիսի 18-ից ուժի մեջ են մտել Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին մի շարք դրույթներ, որոնցով նախատեսվում է խոշտանգումների և կոռուպցիոն որոշ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը հետայսու վերապահել ՀՀ քննչական կոմիտեին: Այս մասին հայտնում  են ՔԿ-ից։ 

Օրենսդրական վերը նշված փոփոխությունների համաձայն՝ ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ ՔՕ) համապատասխան հոդվածներով սահմանված որոշ հանցագործությունների նախաքննությունն այսուհետ  իրականացնելու է ՀՀ քննչական կոմիտեն:

Այսպես՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից է կատարվելու առևտրային կաշառքի (ՀՀ ՔՕ 200-րդ հոդված), արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելու (ՀՀ ՔՕ 201-րդ հոդված), առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու (ՀՀ ՔՕ 214-րդ հոդված) վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունը:

Ավելին, ՀՀ քննչական կոմիտեում են քննվելու կոռուպցիոն բնույթի մի շարք այլ հանցագործություններ ևս, որոնք չեն կատարվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդված 3-րդ և 4-րդ մասերով սահմանված պաշտոնատար անձանց կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից:

Կոմիտեին  են փոխանցվել նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (ՀՀ ՔՕ 308-րդ հոդված), պաշտոնեական լիազորություններն անցնելու (ՀՀ ՔՕ 309-րդ հոդված) և իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության (ՀՀ ՔՕ 375-րդ հոդված) հոդվածներով նախատեսված այն հանցագործությունների վերաբերյալ գործերի քննությունը, երբ այդ արարքները կատարվել են ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով և զուգորդվել՝ բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով:

Հավելենք, որ Քննչական կոմիտեում է իրականացվելու նաև խոշտանգման (ՀՀ ՔՕ 309.1-րդ հոդված), դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի կողմից ցուցմունք կամ բացատրություն կամ կեղծ եզրակացություն տալուն կամ սխալ թարգմանություն կատարելուն՝ խոշտանգմամբ զուգորդված հարկադրելու (ՀՀ ՔՕ 341-րդ հոդվածի 2-րդ մաս) վերաբերյալ, ինչպես նաև խոշտանգմամբ զուգորդված լինելու դեպքում՝ ՀՀ ՔՕ 341-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված քրեական գործերով նախաքննությունը:

Այս ամենով հանդերձ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հանրորեն վտանգավոր վերոգրյալ հանցագործությունների առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում իրականացվելու է պատշաճ և համակողմանի քննություն՝ հիմքում ունենալով նախաքննական մարմնի ինստիտուցիոնալ և գործառութային անկախության ողջ գերակայությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել