«Ալիևը պետք է իմանա՝ Նիկոլը Հայաստանում երկար կյանք չունի»․ Իշխան Սաղաթելյան |tert.am|
22:23 - 18 հունիսի, 2022

«Ալիևը պետք է իմանա՝ Նիկոլը Հայաստանում երկար կյանք չունի»․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Մեզ պետք է օրվա իշխանության կործանարար, ապազգային քաղաքականությանն այլընտրանք առաջարկող իշխանություն, որը տեր կկանգնի մեր հաղթանակներին, կվերցնի պատմական ու քաղաքական պատասխանատվություն, կօգտագործի հնի դրականը, կհամադրի փորձը և երիտասարդությունը, իրապես կառաջնորդվի արժանավորների իշխանություն ձևավորելու սկզբունքով, կառաջարկի ներկա վիճակից դուրս գալու հստակ լուծումներ,կհամախմբի ամբողջ ժողովրդի ներուժը և կգնա դրա իրականացման հետևից: Այս մասին այսօր` հունիսի 18-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքին ասաց «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

Սաղաթելյանը ասաց, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Փաշինյանի հետ բանավոր պայմանավորվածություն ունի, որպեսզի վերջինս երբեք չբարձրացնի Արցախի կարգավիճակի խնդիրը

«Իհարկե, թշնամուն հավատալ չի կարելի։ Բայց նախընթաց դեպքերը դրա վառ ապացույցն են, երբ մեր բոլոր նախաձեռնությունները խորհրդարանում՝ ուղղված Արցախի պաշտպանությանը, տապալվում և մերժվում էին ՔՊ-ի կողմից՝ սկսած Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելուց, օկուպացված Շուշիում ստորագրված թուրք-ադրբեջանական հռչակագրի դեմ հայտարարությունից, վերջացրած հունիսի 3-ին տեղի ունենալիք ԱԺ արտահերթ նիստի տապալումով և երկու ընդդիմադիր խմբակցությունների հեղինակած՝ «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության մերժումով:

Ավելին` երեք օր առաջ՝ հունիսի 15-ին, հողատուն կանգնում և երկրի հիմնական քաղաքական ամբիոնից հայտարարում է, մեջբերում եմ. «Բայց կա նաև մի կարևոր արձանագրում՝ ցանկացած կարգավիճակ, որ իրապես երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները, պիտի լուծում համարվի մեզ համար»։ Հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ է ասում։ Նա բաց տեքստով հայտարարում է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Եվ դա պիտի լուծում համարվի մեզ համար։ Պատկերացնո՞ւմ եք: Բաքվի և Սումգայիթի ջարդեր կազմակերպած Ադրբեջանը պետք է ապահովի արցախահայերի անվտանգությունը: Ժողովո՛ւրդ, դա կարո՞ղ է լուծում լինել մեզ համար։ Ո՛չ։ Մենք կարո՞ղ ենք թույլ տալ նման բան։ Ո՛չ։ Ինչպե՞ս կարող է հայ մարդը, այն էլ` երկրի ղեկավարը, գնա, Ալիևի ձեռքը սեղմի ու ասի, որ Արցախի կարգավիճակի խնդրի մասին այլևս երբեք չեմ բարձրաձայնելու։

Ըստ էության, Նիկոլը Ալիևի հետ պայմանավորվել է հայաթափել և վաճառել Արցախը։ Վաճառել մեր տղերքի արյունը։ Վաճառել մեր պատմությունը։ Վաճառել մեր եկեղեցիներն ու վանքերը, մեր պապերի շիրիմները… Ակնհայտ է, չէ՞, գրավոր և բանավոր պայմանավորվածություններով հանձնում է, ու դեռ կան մարդիկ, որ պատրաստ են դրա հետ կիսել այդ պատասխանատվությունը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Սաղաթելյանը նշեց, որ Ալիևը պետք է իմանա՝ Նիկոլը Հայաստանում երկար կյանք չունի, և նրա հետ ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է, իսկ սպառնալիքներով կարող է խոսել միայն Նիկոլի հետ, հայ ժողովուրդը Նիկոլը չէ, հայ ժողովուրդը հաղթած և ալիևներին ծնկի բերած նույն ժողովուրդն է, բան չի փոխվել, հայը երբե՛ք ծնկի չի գալու:

«Հաջորդը` Նիկոլը խորհրդարանում նաև հայտարարում է, որ ոչ ոք չի կարող երաշխավորել, թե իր խոստացած խաղաղության դարաշրջանը իրականություն կլինի։ Այսինքն` անցած տարի ՀՀ քաղաքացիներին խոստացել է Արցախի ինքնորոշում և խոստացել է բացել խաղաղության դարաշրջան, խաբել, վերարտադրվել է, հիմա երկուսից էլ հրապարակային հրաժարվում է՝ ասելով` երաշխիք չկա: Եվ դեռ ժողովրդի մանդատից խոսում է նա, ով գիշեր-ցերեկ սպասարկում է մեզ ոչնչացնել ցանկացողների շահը։ Ավելին ասեմ՝ Նիկոլի դավաճանության և ազգակործան որոշումների մասին սկսել է խոսել նրա մոտ երկրի նախագահ աշխատող անձը, որը Մոսկվա կատարած այցի շրջանակներում երկու դրվագով հերթական անգամ խոստովանեց իր շեֆի դավաճանությունը՝ հայտարարությունն այն մասին, որ պատերազմը հնարավոր էր կանգնեցնել դեռևս հոկտեմբերի 19-ին։ Բայց այդքանից հետո էլ Նիկոլը կանգնում ու ասում է, թե ամեն ինչում հներն են մեղավոր։

Չկա հին ու նոր, կա լավ ու վատ, կա կարող ու անկարող, կա պոպուլիստ ու խոսքի տեր, կա երկիր կառուցող, կա երկիր քանդող, կա հող ազատագրելու համար կյանքը զոհող, կա իշխանությունը պահելու համար հազարավոր կյանքեր զոհաբերող, կա հաղթող ու պարտվող։ Մենք լավի, կարողի, գործի մարդու, սկզբունքային մարդու կողմնակիցն ենք` լինեն հների շարքում, թե` նորերի։ Երբ այս իշխանությունները կիրառում են նման տերմիններ՝ նոր, հին, ծիծաղելի է։ Այս իշխանությունում կան մարդկ, որոնք ավելի հին են, քան «Պենտիում-1»-ը։ Այս իշխանությունում եղել են մարդիկ, որոնք ծառայել են ոչ միայն Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին, Սարգսյանին, այլ նաև հասցրել են ծառայել Բրեժնևին ու Գորբաչովին։ Այն, ինչ օգտակար է, պետք է վերցնել անցյալից։ Այն, ինչ օգտակար չէ, պետք է թողնել այդ անցյալում»,-ասաց նա։

Շարունակությունը՝ tert.am-ում

Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից

 

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել