Պաշտպանները դատարանում պնդեցին՝ «Ռեստարտ»-ի անդամներն առաջադրված մեղադրանքում պետք է արդարացվեն
10:53 - 18 հունիսի, 2022

Պաշտպանները դատարանում պնդեցին՝ «Ռեստարտ»-ի անդամներն առաջադրված մեղադրանքում պետք է արդարացվեն

#Կարճասած

  • «Ռեստարտ» նախաձեռնության գործով պաշտպանները դատարանում հանդես եկան ճառով՝ պնդելով, որ իրենց պաշտպանյալներն առաջադրված մեղադրանքում պետք է արդարացվեն։
  • Դավիթ Պետրոսյանը նշեց, որ այս ողջ ընթացքում միակ դրական բանն այն էր, որ երեւույթը, որին իրենք բախվել էին, բարձրաձայնվեց, եւ իրենք հուսով են, որ իրավապահ մարմիններն այսուհետ նման դեպքերի հետ կապված ավելի կոմպետենտ վարքագիծ կդրսեւորեն, իսկ քաղաքացիները իրավունքներն էլ պաշտպանված կլինեն։
  • Դատական վիճաբանությունների փուլն այսպիսով ավարտվեց, մնաց լսել միայն ամբաստանյալների վերջին խոսքը։

#Մանրամասն

«Ռեստարտի տղաները Նարեկ Մալյանին առեւանգելու նպատակ չեն ունեցել, այլ ցանկացել են նրան նետել աղբարկղը՝ որպես ակցիա հայհոյանքի դեմ»։ Սա է այն գլխավոր պնդումը, որի շուրջ պաշտպանական կողմը երեկ կառուցեց իր պաշտպանական ճառը։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր նորք նստավայրում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց Դավիթ Պետրոսյանի եւ մյուսների վերաբերյալ գործի քննությունը։

«Ռեստարտ» նախաձեռնության վեց անդամները, հիշեցնենք, մեղադրվում են 2019 թ․ մարտի 4-ին Նարեկ Մալյանին առեւանգելու փորձի մեջ։ Նրանք առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։

Լուսանկարում՝ դատավոր Դավիթ Հարությունյանը

Սկսելով ճառը՝ պաշտպան Կարեն Մեժլումյանը հիշեցրեց՝ տղաների իրականացրած ակցիան պայմանավորված է եղել նրանով, որ Նարեկ Մալյանը տեւական ժամանակ հրապարակային հարթակներում հայհոյել է նրանց, իսկ նրանց սկզբունքները թույլ չեն տվել դրան հայհոյանքով պատասխանել, ուստի տղաները ցանկացել են Մալյանին նետել աղբարկղը, դա տեսագրել եւ հրապարակել՝ ցույց տալու համար, որ հայհոյողների տեղը աղբամանն է։

Ըստ Կարեն Մեժլումյանի՝ որպեսզի առկա լինի առեւանգում, պարտադիր է ազատությունից ապօրինի զրկած պահելու նպատակը, սակայն ո՛չ առաջադրված մեղադրանքում, ո՛չ մեղադրական եզրակացության մեջ, ո՛չ մեղադրական ճառերում նշված չէ, թե տղաները ցանկանում էին Մալյանին այլ վայր տեղափոխել եւ պահել․ «Այսինքն՝ առաջադրված մեղադրանքը չի պարունակում առեւանգման օբյեկտիվ կողմի հատկանիշները, էլ չեմ ասում հակառակը հիմնավորող ապացույցների մասին»,- ասաց պաշտպանը՝ ընդգծելով, որ հենց մեղադրող դատախազն էր իր ճառում իրավացիորեն նշում, որ առեւանգման օբյեկտիվ կողմը կարող է դրսեւորվել տուժողին իր կամքից անկախ իր բնական միկրոսոցիալական միջավայրից կտրելով, այլ վայր տեղափոխելով եւ այնտեղ պահելով․ «Այսինքն՝ այս արարքը կարող է ավարտված համարվել նշված եղանակով անձին իր միկրոսոցիալական միջավայրից հանելու պահից, եթե միայն հաստատվի վերջինիս այլ վայր տեղափոխելու եւ պահելու նպատակը»։

Որպես հիմնավորում՝ Կարեն Մեժլումյանը մեջբերեց Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի իրավական դիրքորոշումն այն մասին, որ օրենքի իմաստով անձի առեւանգումը պետք է հասկանալ որպես ապօրինի դիտավորությամբ գործողություն՝ կապված կենդանի անձին իր կամքից անկախ վերցնելու եւ այլ վայր տեղափոխելու հետ՝ հետագա պահելու նպատակով, իսկ Գերագույն դատարանի Պլենումի դիրքորոշմամբ էլ՝ քրեական օրենքի իմաստով՝ անձի առեւանգումը պետք է ընկալվի նրան ապօրինի բռնելը, տեղափոխելը, այլ վայրում պահելը՝ հետագայում այլ հանցանք կատարելու կամ այլ դրդապատճառներով»։

Սա, ըստ պաշտպանի, հավաստում է, որ մեղադրողը, գործով հետազոտված ապացույցներին  հղում կատարելով, պետք է հիմնավորեր, որ տղաները ցանկացել են Մալյանին տեղափոխել այլ վայր եւ այնտեղ իր կամքին հակառակ ազատությունից զրկած պահել, սակայն ըստ նրա՝ ոչ միայն դա հիմնավորող ապացույցներ չկան, այլ անգամ մեղադրանքի որոշման, մեղադրական եզրակացության եւ մեղադրական կողմի ճառերում նման պնդում, նման գործողությունների վերագրում տղաներին չկա․ «Այսինքն՝ ե՛ւ մեղադրանքում, ե՛ւ փաստացի առեւանգման կազմը բացակայում է»,- ասաց նա։

Ելույթ ունեցավ նաեւ պաշտպան Ինեսսա Պետրոսյանը՝ հայտարարելով, որ դատաքննության ընթացքում ամբողջությամբ հիմնավորվեց, որ գործով տուժող ճանաչված Նարեկ Մալյանը թիրախավորել էր «Ռեստարտ» նախաձեռնությանը եւ ամբաստանյալներին, եւ հանդես գալով որպես հասարակական գործիչ՝ տեւական ժամանակ իրեն թույլ է տվել ամբաստանյալների հասցեին հանրային հարթակներում հնչեցնել անձնական բնույթի վիրավորանքներ եւ սեռական հայհոյանքներ․ «Այդ կերպ նա մեր պաշտպանյալներին դրդել է, ինչու ոչ, նաեւ սադրել է իր դեմ գործողություններ կատարել կամ համահունչ կերպով պատասխանել, ինչին նրանք, ինչպես նշել են իրենց ցուցմունքներում, ընդունակ չեն, քանի որ նրանք իրենց նախաձեռնությամբ, նաեւ իրենց բարոյական կերպարով պայքարում են նման անօրինականությունների դեմ»։

Ըստ Պետրոսյանի՝ իրենց պաշտպանյալները, քաջ գիտակցելով, որ չպետք է տրվեն սադրանքների, միեւնույն ժամանակ հասկանալով, որ պետք է հանրայնացնեն Մալյանի ոչ իրավաչափ արարքը, ցանկացել են ընդամենը ակցիայի շրջանակում նրան տեղափոխել աղբարկղը եւ այդ մասին անմիջապես հայտնել իրավապահ մարմիններին․ «Ի դեպ, նշեմ, որ Մալյանը ոստիկանության բաժին տեղափոխվելուց հետո նույնիսկ բողոք չի ներկայացրել, քանի որ այդ պահին էլ իրեն քաջ հայտնի է եղել, թե ինչ է կատարվում, նա իր դատաքննական ցուցմունքում նշել է, որ նույն պահին տեղեկացել է, որ իրեն ցանկանում էին նետել աղբարկղը»։ Նման ցուցմունք, ըստ նրա, նաեւ գործով վկա ոստիկաններն են տվել՝ նշելով, որ ոստիկանության բաժին տեղափոխվելիս՝ դեռ ավտոմեքենայի մեջ, տղաները ասել են, որ կատարել են սոսկ ակցիա եւ ցանկացել են Մալյանին նետել աղբարկղը։

Պաշտպանը կարեւորեց այն հանգամանքը, որ տղաներն անձամբ են տեսանկարահանել են միջադեպի ընթացքը, եւ դրանից բացի, դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում, որտեղ շուրջբոլորը տեսախցիկներ են, ինչը փաստում է, որ նրանք որեւէ բան թաքցնելու միտում չեն ունեցել․ «Այլ հակառակը, ցանկացել են հանրայնացնել, որպեսզի պայքարեն այդ սարսափելի երեւույթի դեմ, երբ անձը կարող է իրեն թույլ տալ հայհոյանքներ հնչեցնել, մայր հայհոյել եւ այդ ամենը անել հանրային ձեւով»,- ասաց պաշտպանը՝ ընդգծելով, որ այդ փաստը Մալյանն էլ է դատարանում ընդունել․ «Կա՞ մեկ ապացույց, որը կվկայի, որ մեր պաշտպանյալները ցանկանում էին Մալյանին տեղափոխել եւ ինչ-որ տեղ պահել, չկա, չի կարող լինել, մարդիկ, կներեք, պիտի անմեղսունակ լինեին, որ նման բան մտածեին․ եթե այդ ամենը կատարվում էր Ամիրյան փողոցում՝ քաղաքի ամենաբանուկ մասում, ԱԱԾ շենքի կողքը, տեսախցիկների առջեւ, իրենք էլ էին նկարում, ի՞նչ առեւանգման մասին կարող է խոսք լինել կամ նպատակը ի՞նչ կարող էր լինել, եթե գործի նյութերով միանշանակ ապացուցված է Նարեկ Մալյանի վարքագիծը»։

Պետրոսյանն ընդգծեց, որ մեղադրողը իր ճառով հպանցիկ ձեւով է անդրադարձել Մալյանի՝ հայհոյանքներ հնչեցնելու հանգամանքին եւ չի նշել, որ պետք է տուժողի հակաօրինական վարքը եւս նկատի ունենալ․ «Բայց իր անդրադարձը վկայում է, որ մեղադրանքի կողմը շատ լավ գիտի, քաջատեղյակ է, որ այս ակցիան հենց այդ վարքագծի դեմ է, որ հանրային կերպով բոլորը տեղեկանան, որ հայհոյելը դատապարտելի է, խայտառակ արարք է, եւ ինչպես գիտենք, մեր պաշտպանյալներն էլ նշում էին, թե դրա պատճառով ինչքան սպանություններ եւ ինքնասպանություններ են եղել բանակում, հիմա մենք նույնը հանրային ենք տեսնում, եւ ի՞նչ պատասխան են տվել դրան, իմ կարծիքով՝ ամենագրագետ եւ ճիշտ պատասխանը, որովհետեւ եթե մարդկանց հայհոյում են, եւ չես ուզում ավելի վատ կերպով վարվել, պետք է հանրայնացնես, որպեսզի նա հասկանա, որ իր արաքը պարսավելի է եւ անընդունելի է»,- ասաց պաշտպանը՝ նման ակցիան առեւանգման փորձ որակելը աբսուրդ համարելով․ «Այս արարքներում մեր պաշտպանյալները պետք է արդարացվեն»,- եզրափակեց նա։

Լուսանկարում՝ ամբաստանյալները, պաշտպան Կարեն Մեժլումյանը

Ելույթ ունեցան նաեւ ամբաստանյալներից երկուսը։ Մասնավորապես, Դավիթ Պետրոսյանը նշեց, որ իրենք ի սկզբանե մեկ կանխատեսում եւ մեկ նպատակ են ունեցել․ կանխատեսումը եղել է այն, որ եթե նման վարքագիծը հանրության կողմից անհանդուրժողական վերաբերմունքի, իսկ իրավապահ մարմինների կողմից համարժեք գնահատականի չարժանանա, կեղեքելու է պետությունը, ինչպես կոռուպցիան, եւ թունավոր մթնոլորտ է ստեղծելու։ Ուստի իրենց ակցիայի նպատակը, ըստ Պետրոսյանի, եղել է երեւույթը հանրայնացնելը․ «Միակ դրական բանը այն էր, որ այս երեւույթը բարձրաձայնվեց, սրա մասին խոսվեց, եւ մենք հուսով ենք, որ մեր իրավապահ մարմինները նման դեպքերի հետ կապված ավելի կոմպետենտ վարքագիծ կդրսեւորեն, քաղաքացիները իրավունքները պաշտպանված կլինեն, իսկ քաղաքացիներն էլ  իրենց կարծիքը բարձրաձայնելիս չեն շրջանցի Սահմանադրությամբ իրենց տրված իրավունքները, չեն օգտագործի սեռական բնույթի հայհոյանքներ, այլ՝ միայն թույլատրելի միջոցներ, այսինքն՝ բանավեճ, խոսք, փաստարկներ»։

Ըստ Դավիթ Պետրոսյանի՝ ՀՀ-ում հայհոյանքի եւ ծանր վիրավորանքի քրեականացումը ամենաբացահայտ ապացույցն էր այն բանի, որ երկրում կար օրենսդրական բաց։ Այնուհանդերձ, նա ընդգծեց, որ մինչ օրենսդրական այդ փոփոխությունը, երբ համանման դեպքեր եղան այլ քաղաքացիների, անգամ պաշտոնատար անձանց հետ, նույն Դատախազությունը քրեական հետապնդում հարուցեց հենց հայհոյողի, ոչ թե պատասխանողի նկատմամբ։

Պետրոսյանը նշեց՝ որպես ՀՀ քաղաքացի՝ ուզում է հասկանալ՝ մեզ մոտ օրենքի՞ գերակայություն է թե՞ իրավունքի․ «Մենք խոսեցինք օրենքից, օրենքից, օրենքից, մինչդեռ  նշվում է, որ օրենքի գերակայությունը պետք է բխի բնական իրավունքից, իսկ մեր բնական իրավունքներից ամենաառաջինը արժանապատիվ ապրելու, մեր ընտանիքի պաշտպանության իրավունքն է, որի մասին ցավոք ոչ մի խոսք չասվեց»,- նշեց նա՝ հավելելով, որ այս տարիների ընթացքում իրենց պատկերացումը արդարության մասին որոշակի փոխակերպումների էր ուզում ենթարկվել, սակայն իրենք չեն հուսահատվում եւ չեն հիասթափվում․ «Բայց երբ քաղաքացու իրավունքները ոտնահարվում են, դրա մասին պետք է հիշել ոչ թե այն ժամանակ, երբ նա դիմի, այլ պետությունը դա պետք է տեսնի, ոորվհետեւ այդ իրավունքները մեզ տրված են, երաշխավորված են, ինչ-որ տեղ գրված չէ, որ այդ իրավունքները աշխատում են այն ժամանակ, երբ քաղաքացին փաստաբանի միջոցով դիմում է համապատասխան մարմիններին»։

Խոսելով կոնկերտ գործի փաստական հանգամանքներից՝ Դավիթ Պետրոսյանն ասաց, որ ցավոք սրտի, այդպես էլ չբացահայտվեցին այն մարդիկ, ովքեր իսկապես ներկա էին դեպքի ժամանակ․ «Այն ոստիկանները, որոնց հղում է կատարվում, եկել են դեպքից հետո, իսկ այն մարդիկ, ովքեր այդտեղ են եղել քաղաքացիական հագուստով եւ ներկայացել որպես «քրեական», չկան»,- ասաց նա՝ հավելելով, որ չբացահայտվեց նաեւ այն մարդկանց ինքնությունը, որոնք նկարում էին միջադեպը։ Պետրոսյանը ցավով նշեց նաեւ, որ ոչ նախաքննության, ոչ դատաքննության ժամանակ տուժողի վարքագիծը չփոփոխվեց «Եվ այս 4 տարիների ընթացքում ոչ ոք այդպես էլ չկարողացավ բացատրել, թե «Ռեստարտ»-ի գործունեության մեջ հակաազգային, հակապետական ինչ երեւույթ կա»,- եզրափակեց նա։

Ամբաստանյալ Հրաչյա Խլղաթյանն էլ կրկնեց, որ իրենք ոչ մեկի չեն առեւանգել, եւ իրենց նպատակը եղել է սոսկ ակցիան՝ հայհոյանքի դեմ․ «Մեղադրանքը անհիմն է, ես այն չեմ ընդունում եւ չեմ հասկանում, թե այս պահին ինչու եմ այս հոդվածով այստեղ»,- ասաց նա։

Լուսանկարում՝ աջից՝ դատախազ Սեւակ Պողոսյանը, փաստաբան Տիգրան Աթանեսյանը

Պաշտպանական կողմի ճառերի ավարտից հետո հայտարարություն արեց տուժող Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Հիշեցնելով, որ մեղադրող դատախազը նախորդ նիստին միջնորդել էր ամբաստանյալներին դատապարտել 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել՝ Աթանեսյանն ասաց, որ պատիժը չի կարող պայմանականորեն չկիրառվել, եթե ամբաստանյալները չեն զղջում․ «Իհարկե, դա դոգմա չէ, սակայն պրակտիկա է, որը առկա է մեր դատական համակարգում շատ վաղուց»,- ասաց նա՝ խնդրելով դատարանին դատավճիռ կայացնելիս դա հաշվի առնել։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 20-ին։

 

Միլենա Խաչիկյան

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել