«Ժողովուրդ» օրաթերթը սխալվում է․ գլխավոր դատախազի թեկնածուի համար չկա կոչում ունենալու պահանջ
15:55 - 17 հունիսի, 2022

«Ժողովուրդ» օրաթերթը սխալվում է․ գլխավոր դատախազի թեկնածուի համար չկա կոչում ունենալու պահանջ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հոդված է հրապարակել այն մասին, որ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը չի համապատասխանում գլխավոր դատախազին ներկայացվող պահանջներին։ Վարդապետյանը, հիշեցնենք, իշխող խմբակցության՝ գլխավոր դատախազի թեկնածուն է։ Ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու է սեպտեմբեր ամսին։

Թերթը, մասնավորապես, գրել է․ «Հետաքրքիր է, որ նա որեւէ կոչում չունի, որը համապատասխանում է այդ պաշտոնին, այնինչ նախկին բոլոր դատախազներն ունեցել են: Նկատենք՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է եղել, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական, Աղվան Հովսեփյանը եղել է իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ վաստակավոր իրավաբան, արդարադատության պետական խորհրդական: Նախկին գլխավոր դատախազ Արամ Թամազյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, Արդարադատության պետական խորհրդական է: Ասել է թե՝ բոլոր դատախազները կոչումներ են ունեցել, սակայն Աննա Վարդապետյանը չունի, ինչը ենթադրել է տալիս, որ նրան կընտրեն դատախազ ու նոր կոչում կտան»։

Նախ նշենք, որ եթե խոսքը գիտական կոչումների եւ աստիճանների մասին է, ապա Աննա Վարդապետյանի կենսագրությունն ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ նա ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (2012 թ․ հոկտեմբերի 5-ին պաշտպանել է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու քրեաիրավական հիմնախնդիրները» վերտառությամբ թեկնածուական ատենախոսություն) եւ դոցենտի գիտական կոչում։

Ինչ վերաբերում է դասային աստիճաններին, ապա դրանց առկայությունը պարտադիր պայման չէ դատախազ, այդ թվում՝ գլխավոր դատախազ նշանակվելու համար։ 

Գլխավոր դատախազին ներկայացվող պահանջները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով։ Ըստ այդմ, Սահմանադրության 177-րդ հոդվածի համաձայն՝ գլխավոր դատախազ կարող է ընտրվել 35 տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը: Գլխավոր դատախազի համար օրենքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածն էլ, որպես լրացուցիչ պահանջներ, սահմանում է, որ գլխավոր դատախազ կարող է ընտրվել ՀՀ այն քաղաքացին, որը տիրապետում է հայերենին եւ ՀՀ-ում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը ՀՀ-ում իրականացվել են օրենքով սահմանված կարգով։ 

Սրանից բացի, օրենքի 34-րդ հոդվածը նախատեսում է նաեւ դատախազ նշանակվելու սահմանափակումները, որոնց մեջ եւս դասային աստիճանի բացակայությունը ներառված չէ։

Ավելին, «Դատախազության մասին» օրենքը հստակ սահմանում է Դատախազության դասային աստիճանները, դրանց շնորհման կարգն ու ժամկետները։ Ըստ 46-րդ հոդվածի՝ երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը սկզբնական դասային աստիճան է, որը շնորհվում է դատախազությունում նույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված պաշտոնի առաջին անգամ նշանակվելիս։ Խոսքը վերաբերում է Երևան քաղաքի, Երեւան քաղաքի վարչական շրջանների, մարզերի եւ կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներ եւ դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ավագ դատախազներ եւ դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության դատախազ նշանակվելու դեպքերին։

Դատախազության մյուս պաշտոններում նշանակվելիս, ըստ նույն հոդվածի, դատախազին շնորհվում է օրենքով տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն դասային աստիճանը, իսկ գլխավոր դատախազի նվազագույն դասային աստիճանը արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է։ Այսինքն՝ թերթի այն ենթադրությունը, թե Վարդապետյանին կընտրեն դատախազ եւ նոր միայն կոչում կտան, բնականոն գործընթաց է։

Թեեւ թերթը մեջբերել է նախկին գլխավոր դատախազների դասային աստիճանները՝ այն համատեքստում, որ նրանք, որպես գլխավոր դատախազ, ունեցել են դրանք, սակայն այդ աստիճանները եւս նրանց շնորհվել են պաշտոնի նշանակվելուց հետո։

Մասնավորապես, Գեւորգ Կոստանյանը գլխավոր դատախազ է ընտրվել 2013 թ․ հոկտեմբերի 1-ին, իսկ թերթի մեջբերած՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանը ստացել է նույն թվականի դեկտեմբերի 29-ին։ Երկու տարի անց՝ 2015 թ․ դեկտեմբերի 28-ին էլ, նրան շնորհվել է արդեն արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

Աղվան Հովսեփյանը որպես գլխավոր դատախազ պաշտոնավարել է երկու անգամ՝ 1998-1999թթ եւ 2004-2013թթ։ Պետական խորհրդականի դասային աստիճանը Հովսեփյանին շնորհվել է 1999 թ․ մարտի 23-ին, իսկ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչումը՝ 2003 թ․ հուլիսի 1-ին։

Արամ Թամազյանն էլ գլխավոր դատախազ է նշանակվել 2001 թ․ փետրվարի 20-ին եւ պաշտոնավարել մինչեւ 2004 թթ։ Արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճան նրան շնորհվել է 2003 թ․ մայիսի 27-ին, իսկ իրավաբանի պատվավոր կոչումը՝ 2012 թ․ հունիսի 29-ին։

Նշված դասային աստիճաններից առաջ նախկին գլխավոր դատախազները, իհարկե,  ունեցել են  այլ, ավելի ցածր դասային աստիճաններ, սակայն դա պայմանավորված է նրանով, որ նրանք մինչ այդ էլ իրավապահ համակարգում պետական ծառայություն իրականացրել են։ Իսկ Վարդապետյանը, թեպետ դասային աստիճաններ ենթադրող պաշտոններ չի զբաղեցրել, սակայն ունի մասնագիտական՝ օրենքով պահանջվող առնվազն 10 տարվա փորձառությունը։ Այնուհանդերձ նշենք նաեւ, որ Վարդապետյանի թեկնածությունը միանշանակ չի ընդունվել, եւ շատերը հիշատակել են այն աղմկահարույց դեպքը, երբ նա,  վարչապետի օգնական լինելով, խմբագրումներ էր արել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին եւ նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանին մեղադրանք առաջադրելու քննիչի որոշման տեքստում, ինչի իրավունքը չուներ։ Այդ դեպքի առթիվ Ազգային անվտանգության ծառայությունում նյութեր էին նախապատրաստվել, որից հետո քրեական գործի հարուցումը մերժվել էր։ 

Մեջբերելով Սահմանադրության հիշյալ 177-րդ հոդվածը՝ թերթը նաեւ գրել է․ «Ո՞վ է գնահատել Աննա Վարդապետյանի մասնագիտական որակները, որտե՞ղ են դրսեւորվել դրանք. դատախազի նշանակման համար նրա մասնագիտական որակները պետք է գնահատեն մասնագետները, այլ ոչ թե ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը»։ 

Իրականում, սակայն, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածը նախատեսում է, որ յուրաքանչյուր խմբակցություն կարող է առաջարկել գլխավոր դատախազի մեկական թեկնածու, հետեւաբար բնական է, որ խմբակցությունը առաջարկել եւ գնահատել է իր թեկնածուի մասնագիտական որակները։

Խմբակցությունների առաջարկած թեկնածուների ցանկից ի վերջո ԱԺ իրավասու հանձնաժողովն է ընտրելու այն անձին, որի թեկնածությունը պետք է առաջադրվի ԱԺ-ում։ Իսկ ԱԺ-ն գլխավոր դատախազին ընտրելու է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

Հավելենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ թեկնածու առաջարկելու մասին խմբակցությունների որոշմանը պետք է կցվեն Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը, իսկ գլխավոր դատախազի թեկնածուի դեպքում՝ նաեւ թեկնածուի լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը։ Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը որոշումը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է խմբակցությանը` նշելով պատճառների մասին, իսկ համապատասխանելու դեպքում՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում գլխավոր դատախազի թեկնածուի  բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ երկշաբաթյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:

 

Լուսանկարում՝ Աննա Վարդապետյանը

 

Միլենա Խաչիկյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել