Մակրոնի, Շոլցի և Դրագիի պատմական այցը Կիև․ Politico
14:56 - 17 հունիսի, 2022

Մակրոնի, Շոլցի և Դրագիի պատմական այցը Կիև․ Politico

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին օրերս Կիև են ժամանել Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո առաջին անգամ։ Politico-ն այս այցը «պատմական» է անվանում և մանրամասներ ներկայացնում։ Հոդվածը հրապարակում ենք կրճատումներով․

«Առաջնորդները գիշերը գնացքով Կիև են ուղևորվել, որտեղ նրանց «դիմավորել է» օդային տագնապի ազդանշանը՝ շարունակվող ռուսական ներխուժման ֆոնին։ Նրանք Ուկրաինայի սահմանը հատել են Լեհաստանի կողմից։

«Մենք պատրաստվում ենք հանդիպել նախագահ Զելենսկուն և այցելել ռազմական գործողությունների վայր, որտեղ զանգվածային սպանություններ են տեղի ունեցել, այնուհետև պլանավորված շփումներ ենք ունենալու նախագահ Զելենսկու հետ», - լրագրողներին ասել էր Մակրոնը Կիևի երկաթուղային կայրանում։

Այս այցը «եվրոպական միասնության և աջակցության ուղերձն է ուկրաինացիներին», հավելել էր Ֆրանսիայի նախագահը։

Եվրոպացի առաջնորդներն այցելել են Կիևից դեպի հյուսիս-արևմուտք տեղակայված Իրպեն քաղաք, որտեղ ռուսաստանցի զավթիչներն ավերել են շենքեր և ենթադրաբար խոշտանգել և սպանել են խաղաղ բնակիչներին շաբաթներ տևած օկուպացիայի ընթացքում՝ նախքան այն պահը, երբ ուկրաինական  ուժերը նրանց դուրս են մղել այդ տարածքից։

Երկրների առաջնորդները քաղաքի վերականգնման հարցերը քննարկել են Ուկրաինայի տարածքային զարգացման նախարար Ալեքսեյ Չեռնիշովի հետ։

«Մենք ամեն ինչ կվերականգնենք», - ասել է Դրագին մամուլի ներկայացուցիչներին։

Մակրոնն Իրպենում ասել է․ «Սա միաժամանակ հերոսական քաղաք է, որովհետև հենց այստեղ, ի թիվս այլ վայրերի, ուկրաինացիները կանգնեցրել են Կիևը գրոհող ռուսական բանակը»։

Շոլցը հավելել է, որ Իրպենը «ռուսական ագրեսիվ պատերազմի դաժանության օրինակն է, որը պարզապես ուղղված է ոչնչացմանը և զավթմանը»։

Ֆրանսիացի դիվանագետներից մեկը լրագրողներին հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո Մոսկվայի և Կիևի միջև «անհրաժեշտ է երկխոսություն՝ պարզելու համար, թե ինչպես ենք կառուցելու կայուն խաղաղություն»՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներով և Ուկրաինա-ՆԱՏՕ հարաբերությունների բնույթի որոշմամբ։

Նա հավելել է․ «Զելենսկին պետք է որոշի, թե ինչն է իր համար ռազմական հաղթանակ համարվելու․․․ մենք կողմ ենք լիակատար հաղթանակին և [Ուկրաինայի] տարածքային ամբողջականության վերականգնմանը, ներառյալ այն տարածքները, որոնք գրավել են ռուսաստանցիները, այդ թվում՝ Ղրիմը»։

Եվրամիության երեք առաջատար երկրների առաջնորդների համատեղ այցը կարևոր խորհրդանշական կշիռ ունի, հատկապես՝ հաջորդ շաբաթ ԵՄ առաջնորդների կայանալիք հանդիպման նախաշեմին, որի ընթացքում նրանք որոշելու են Ուկրաինային անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հարցը։ Թե ինչ կասեն այս հարցի մասին Մակրոնը, Շոլցն ու Դրագին, դեռևս հայտնի չէ։

«Թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ փոխհամաձայնություն չկա, թեկնածուի կարգավիճակ չշնորհելու շուրջ նույնպես փոխհամաձայնություն չկա։ Բայց, կարծես, երրորդ տարբերակի շուրջ կա՝ թեկնածուի կարգավիճակ՝ որոշակի պայմաններով», - ասել է թեմային լավատեղյալ դիվանագետներից մեկը։

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը միացել էր երեք երկրների առաջնորդներին արդեն Կիևում»։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել