Կուրորտաբանության ինստիտուտը կմասնավորեցվի պրոֆիլի պահպանմամբ
 |hetq.am|
13:38 - 17 հունիսի, 2022

Կուրորտաբանության ինստիտուտը կմասնավորեցվի պրոֆիլի պահպանմամբ |hetq.am|

hetq.am: Կառավարությունը դարձյալ մասնավորեցման է ներկայացրել «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն: Որոշումն ընդգրկված էր Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի շրջանակում: Ինստիտուտը կմասնավորեցվի պրոֆիլի պահպանմամբ:

Կառավարությունը ինստիտուտը մասնավորեցնելու որոշում էր ընդունել դեռ 2 տարի առաջ՝ 2020-ի դեկտեմբերին, սակայն մրցույթը չէր կայացել:

Քանի որ այն ժամանակ ընկերության բաժնետոմսերը 3 միլիարդ 497 միլիոն 947 հազար դրամ արժեքով չի վաճառվել, իսկ նոր գնահատված արժեքը 5 միլիարդ 23 միլիոն 162 հազար 620 դրամ է, գործադիրն առաջարկում է՝ ընկերության 100 տոկոս պետական բաժնետոմսերը մասնավորեցման ներկայացնել մրցույթով՝ բաժնետոմսերի վաճառքի նվազագույն գին սահմանելով գնահատված արժեքի 75 տոկոսը։ Ինստիտուտի մասնաշենքերն իրենց բակային տարածքով 1,8 հեկտար են:

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծվելու է մրցութային հանձնաժողով՝ 3-ական անդամ ընդգրկելով Պետգույքի կոմիտեից, 3 անդամ՝ Առողջապահության նախարարությունից, 1 անդամ՝ Արդարադատության նախարարությունից:

Մրցույթի մասնակցի կողմից առաջարկված գինը կարող է վճարվել 3 տարվա ընթացքում հավասարաչափ՝ ըստ տարիների։

Նշվում է, որ գնորդը պարտավորվում է պայմանագիրը կնքելուց հետո վեց ամիս պահպանել ընկերության փաստացի աշխատողների թիվը և աշխատավարձի չափը։

Նշվում է նաև, որ գնորդի կողմից վճարված գումարի 70 տոկոսն ուղղվելու է պետբյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի:

90 տարվա պատմություն ունեցող ինստիտուտը գտնվում է Արաբկիր վարչական շրջանի Օրբելի փողոցում: Երկթևանի շենքի մի մասնաշենքում հիվանդանոցն է, մյուսում` լաբորատորիան, որտեղ իրականացվում է Հայաստանի հանքային ջրերի նյութաբանական հետազոտություն: Ինստիտուտն իր նշանակությամբ Հայաստանում միակն է: Այստեղ է տեղակայված նաև Երևանի պետական բժշկական համալսարանի սպորտային բժշկության և ռեաբիլիտոլոգիայի ամբիոնը:

Նշենք, որ այս հարցը նախորդ գումարման խորհրդարանի թերևս ամենաքննարկվածներից է: Կառավարությունը մի քանի անգամ 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագրում փոփոխություններ էր հեղինակել՝ ուղարկելով խորհրդարան, որով առաջարկում էր ցանկում ընդգրկված և դեռևս չմասնավորեցված առողջապահական կազմակերպությունների պրոֆիլի պահպանումը յուրաքանչյուր դեպքով վերապահել իրեն:

Նախագիծը հանդիպեց խորհրդարանի և մասնավորապես՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների դիմադրությանը՝ չստանալով հավանություն: Պատգամավորների վրդովմունքն այն էր, որ չէր ներկայացվում, թե կոնկրետ ինչ պլաններ կան մասնավորեցվող ընկերությունների ճակատագրերի վերաբերյալ, և կա՞ն արդյոք պոտենցիալ գնորդներ, որոնք հետաքրքրություն են հայտնել:

Այսպիսով՝ ըստ ներկայացված նախագծի՝ պարտադիր պայման է ընկերության գործունեության հիմնական ուղղության պահպանումը:

 

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել