Եթե մենք ցանկանանք, դա կանենք առանց դիմելու․ Դումանյանը՝ ռուսական դպրոցներ բացելու վերաբերյալ Լավրովի հայտարարության մասին
13:33 - 17 հունիսի, 2022

Եթե մենք ցանկանանք, դա կանենք առանց դիմելու․ Դումանյանը՝ ռուսական դպրոցներ բացելու վերաբերյալ Լավրովի հայտարարության մասին

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Վահրամ Դումանյանը այսօր՝ կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ռուսական դպրոցների թվի ավելացման վերաբերյալ քննարկումներին։ 

«Դավադիր, գաղտնի, դարակազմիկ ոչինչ տեղի չի ունենում։  Գաղափարը հետևյալն է, եթե կա զուտ կրթական անհրաժեշտությունը անհրաժեշտությունը․ ապա երկու տարբերակ կա ընդհանրապես։ Կա ռուսական դպրոց, որը գործում է Ռուսաստանի Դաշնության կարգով և կան ռուսերեն լեզվով ուսուցանում․ ՀՀ դպրոցի  նույն ծրագիրը, բայց ռուսերենով։ Եթե խնդիր լինի, անհրաժեշտություն լինի, կարող ենք շատացնել այդ դասարանների քանակը։ Այսօր մենք սեղանին դրված, ձևակերպված լրջագույն խնդիր այդ հարցով չունենք»։

Դումանյանն ասաց՝ ռուսական դպրոց բացելու որոշում չկա, բայց նման հարց կարող է քննարկվել։
Անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ըստ որի՝ հայ գործընկերները դիմել են իրենց Հայաստանում ռուսական դպրոցների թիվը ավելացնելու համար, Դումանյանն ասաց․ «Տեղյակ չեմ, ես չեմ դիմել։ Ինձ թվում է՝ դա այլ ձև է մատուցվում։ Ոչ թե ՀՀ-ն պաշտոնապես դիմել է, դրա համար պետք չի որ դիմենք, եթե մենք ուզենք, դա կանենք առանց դիմելու։ Եթե ֆրանսերեն լեզվով դպրոց բացենք, դա չի նշանակում, որ ՀՀ կառավարությունը պետք է դիմի Ֆրանսիայի կառավարությանը, դրա անհրաժեշտությունը չկա»։

Դումանյանը առաջարկեց չկենտրոնանալ ռուսերենի վրա՝ նշելով, որ օտար լեզուների դասավանդումը օգտակար է, այդ թվում՝ հարևան երկրների լեզուներին տիրապետելը․ «Պլանավորում ենք Վրաստանի հետ սահմանամերձ գոտում նաև վրացերենի ուսումնասիրությունը, դա նորմալ է, լեզուն շփման միջոց է։ Ինչքան շատ լեզու իմանանք, այդքան մեր օգուտն է»։

«Եթե նույն Ռուսաստանը, ենթադրենք,  պատրաստ է որոշակի աջակցություն տալ, որպեսզի, այո, ռուսերեն լեզուն ավելի պոպուլյար լինի և դրա համար պատրաստ են աջակցել թե՛ ֆինանսապես, թե՛ ուսումնական նյութով, որովհետև դա բարդագույն պրոցես է և միջոցներ է պահանջում։ Եթե իքս երկիր ցանկություն ունի իր լեզուն մեր մոտ պոպուլյարիզացնել և դա չի հակասում մեր ընդհանուր մոտեցումներին, ինչու՞մն է հարցը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել