Գնել Սանոսյանը և KFW բանկի ներկայացուցիչները անդրադարձել են Կապսի ջրամբարի կառուցման մրցութային գործընթացին
19:36 - 16 հունիսի, 2022

Գնել Սանոսյանը և KFW բանկի ներկայացուցիչները անդրադարձել են Կապսի ջրամբարի կառուցման մրցութային գործընթացին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է KFW գերմանական բանկի ներկայացուցիչներին։

Պատվիրակության կազմում էին KFW բանկի կոմունալ ենթակառուցվածքների ծրագրերի ղեկավար Ենս Հագենը, կոմունալ ենթակառուցվածքների ծրագրերի պորտֆոլիոյի համակարգող Ռոբերտ Ռոթը և KFW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը։

Երկուստեք արձանագրվել է, որ համագործակցության բոլոր ուղղություններով աշխատանքները բավարար ընթացք ունեն, դժվարությունները հաղթահարված են և հույս է հայտնվել, որ ծրագրերը ժամանակին և ամբողջ ծավալով առաջ կընթանան։

KFW բանկի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել ՏԿԵ նախարարության, Տարածքային զարգացման հիմնադրամի, Ջրային կոմիտեի հետ աշխատանքներից։

Նախարար Սանոսյանը ևս նկատել է, որ KFW բանկի հետ համագործակցության ուղղություններով առկա է դրական դինամիկա և իր հերթին ընդգծել բանկի մասնագիտական թիմի շահագրգիռ և արդյունավետ համագործակցությունը ՀՀ պետական կառույցների հետ։

Հանդիպման ժամանակ քննարկվել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, հատկապես շեշտադրվել է Համայնքային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը։ Արձանագրվել է ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքների ավարտից հետո խրամուղիների և ճանապարհների պատշաճ և ամբողջական ծավալով վերականգնման կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել նաև Կապսի ջրամբարի կառուցման մրցութային գործընթացին։ Կարևորվել են ընթացակարգերը հնարավորինս արագ ավարտելն ու բուն շինարարական աշխատանքների մեկնարկը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել