Եվրոպան ավելացրել է հարավաֆրիկյան ածխի ներմուծումը՝ փորձելով այլընտրանք գտնել ռուսականին․ Reuters
20:28 - 15 հունիսի, 2022

Եվրոպան ավելացրել է հարավաֆրիկյան ածխի ներմուծումը՝ փորձելով այլընտրանք գտնել ռուսականին․ Reuters

Եվրոպական երկրները, որոնք փորձում են այլընտրանք գտնել ռուսական ածխին, այս տարվա առաջին հինգ ամսում 40%-ով ավելի շատ ածուխ են ներկրել հարավաֆրիկյան արտահանման գլխավոր հանգույցից, քան 2021 թ-ին, հայտնում է Reuters-ը, որի հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․

«Այս տարվա մայիսի վերջի տվյալներով՝ Ռիչարդս Բեյ հարավաֆրիկյան ածխային տերմինալը (RBCT) 3 մլն 240 հազար 752 տոննա ածուխ է արտահանել եվրոպական երկրներ, որը կազմում է RBCT-ի արտահանման ընդհանուր ծավալի 15%-ը, 2021 թ-ին այն կազմել է 2 մլն 321 հազար 190 տոննա (4%)։

Օգոստոսի երկրորդ կեսից սկսած՝ Եվրամիությունն արգելելու է ռուսական ածխի ներկրումը, դա Մոսկվայի դեմ լայնամասշտաբ պատժամիջոցների մի մասն է։

RBCT-ն դեռ չի պատասխանել մեկնաբանություն տալու հարցմանը։ Այն սովորաբար ցուցանիշները ներկայացնում է տարեկան կտրվածքով և արտահանման ուղղությունների վերաբերյալ մանրամասն տվյալներ չի տրամադրում։

Այս տարի RBCT-ից ածուխ են գնել Նիդերլանդներն, Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան, Դանիան, Լեհաստանը, Գերմանիան և Ուկրաինան։ Նրանցից ոմանք սկսել են ածուխ ներկրել RBCT-իц միայն փետրվարի 24-ից հետո, երբ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա։

Նիդերլանդները RBCT-ից ածուխ չի գնել այս տարվա հունվարին և փետրվարին, սակայն 1,27 մլն տոննա ներկրել է մարտին, ապրիլին և մայիսին, ընդ որում՝ ծավալներն ավելանում են յուրաքանչյուր ամիս։ RBCT-ից ածխի ներկրման ծավալներով այն չորրորդն է, նրան բաժին է ընկել տերմինալի արտահանման ընդհանուր ծավալի 5,76%-ը։

Ֆրանսիան RBCT-ից յոթնապատիկ ավելի շատ ածուխ է գնել այս տարի՝ 464 հազար 432 տոննա՝ ի տարբերություն անցյալ տարվա 68 հազար 5 տոննայի։

Իսպանիան, Լեհաստանն ու Գերմանիան անցյալ տարի նույնպես ածուխ չեն ներկրել տերմինալից։ Այս տարվա առաջին հինգ ամսվա ընթացքում Իսպանիան գնել է 355 հազար 250 տոննա ածուխ, Լեհաստանը՝ 181 հազար 515 տոննա, Գերմանիան՝ 157 հազար 383 տոննա։

Ճապոնիան, որը նույնպես հայտարարել է, որ արգելելու է ռուսական ածխի ներկրումը, հունվարից ի վեր RBCT-ից գնել է 388 հազար 249 տոննա ածուխ, ինչը գրեթե կրկնակի ավելին է նախորդ տարվա ցուցանիշից։

Չինաստանը՝ 2021 թ-ին RBCT-ից ամենաշատ ածուխ ներկրած երրորդ երկիրը (6,09 մլն տոննա), այս տարի տերմինալից ածուխ չի գնել, սակայն ավելացրել է ռուսական ածխի ներկրման ծավալները։

Եվրոպական երկրներ արտահանման աճը տեղի է ունեցել՝ չնայած RBCT-ի աշխատանքի ցածր ցուցանիշներին։

Տեխնիկական վատ սպասարկումը, գնացքաքարշերի պակասն ու պղնձե մալուխների գողությունը խաթարել են հարավաֆրիկյան պետական երկաթուղային բեռնափոխադրումները, որոնց միջոցով ածուխը տեղափոխվում էր RBCT և մյուս տերմինալներ։ Որոշ հանքափորներ ածուխը տեղափոխում են բեռնատարներով։

2022 թ-ի հինգ ամսում RBCT-ն արտահանել է 22 մլն 057 հազար 587 տոննա ածուխ։ Այս տեմպերով տերմինալում կրկին կգրանցվի տարեկան արտահանման անկում այն դեպքում, երբ 2021 թ-ին արտահանման ծավալներն ամենացածրն են եղել 1996 թ-ից ի վեր»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել