Եվրահանձնաժողովը մտադիր է ԵՄ-ին հորդորել՝ Ուկրաինային անդամակցության թեկնածուի կարգավճակ շնորհել․ Politico
20:18 - 15 հունիսի, 2022

Եվրահանձնաժողովը մտադիր է ԵՄ-ին հորդորել՝ Ուկրաինային անդամակցության թեկնածուի կարգավճակ շնորհել․ Politico

Եվրահանձնաժողովը հորդորելու է Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածու երկրի պաշտոնական կարգավիճակ շնորհել, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով հանձնաժողովում կայացած քննարկումներին լավատեղյակ իր աղբյուրները։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․

«Եվրահանձնակատարների կոլեգիայում դեբատներն անցկացվել են այն բանից հետո, երբ հունիսի 11-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն անակնկալ այց է կատարել Կիև, որտեղ Ուկրաինայի անդամակցության հարցը քննարկել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Սա ֆոն դեր Լյայենի երկրորդ այցն էր Ուկրաինայի մայրաքաղաք այն բանից հետո, երբ փետրվարի վերջին սկսվել է Ռուսաստանի լայնածավալ ներխուժումը։

Զելենսկին և ուկրաինացի մյուս պաշտոնյաները կողմ են արտահայտվել երկիրը՝ որպես ԵՄ անդամակցության թեկնածու ճանաչելուն՝ նշելով, որ դա կբարձրացնի բարոյական ոգին պատերազմի ժամանակ։

Եվրահանձնակատարների միջև տեղի ունեցած քննարկումներին ծանոթ պաշտոնյաներն ասել են, որ հստակ գիտակցում կա, թե ինչ զոհողությունների են գնացել ուկրաինացիները, հանձնակատարները նաև լավ հասկանում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պետք է աներկբա ազդակ ուղարկել․ նա կորցրել է Ուկրաինան իր ազդեցության հնարավոր գոտի վերադարձնելու բոլոր հնարավորությունները։

Ուկրաինային թեկնածու երկրի կարգավիճակի տրամադրումը պահանջում է Եվրամիության 27 անդամ պետությունների ղեկավարների միաձայն հաստատումը։ Նրանք այս հարցն, ինչպես ակնկալվում է, քննարկելու են հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։ Որոշ պաշտոնյաներ և դիվանագետներ հայտնել են, որ նվազագույնը երեք երկիր նախկինի պես դեմ է այդ  կարգավիճակի շնորհմանը։

Կողմ արտահայտվողները նշել են, որ այս կարգավիճակի տրամադրման ձգձգումը խորապես կարող է բարոյալքել Ուկրաինան, քանի որ նրա տարածք ներխուժած ռուսական զորքերը շարունակում են ավելի մեծ տարածքներ զբաղեցնել երկրի հարավում և արևեմլքում՝ ձգտելով գրավել ողջ Դոնբասը։

Վերջին շաբաթների ընթացքում որոշ առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել են, որ օգտակար կլիներ Ուկրաինային որևէ ժամանակավոր կարգավիճակ շնորհել, որը կամրապնդեր նրա հարաբերությունները ԵՄ հետ։ Մակրոնն ասել է, որ, անգամ եթե Ուկրաինան թեկնածու երկիր ճանաչվի, ԵՄ-ին միանալու առկա ընթացակարգերի համաձայն՝ ավելի քան տասը տարի կպահանջվի անդամակցման համար։

Մոլդովան ու Վրաստանը նույնպես թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտեր են ներկայացրել, և որոշ աղբյուրների պնդմամբ, եվրահանձնակատարներն, ընդհանուր առմամբ, սատարել են Մոլդովային, որի ներկայիս կառավարությունը կողմ է եվրաինտեգրմանը։ Սակայն նրանք պակաս վստահ են Վրաստանի հարցում, որտեղ քաղաքական շարժառիթներով հուզումներ են տեղի ունենում, իսկ վերջին տարիներին ժողովրդավարական հարցերում զգալի նահանջ կա։

Ելիսեյան պալատի պաշտոնական ներկայացուցիչը կրկնել է Մակրոնի խոսքերն այն մասին, որ թեկնածուի կարգավիճակը, եթե այն տրամադրվի, միայն շատ ավելի երկար գործընթացի մեկնարկն է։

«Եթե Ուկրաինան թեկնածուի կարգավիճակ ստանա, մենք պետք է հասկանանք, թե երբ են սկսվելու բանակցությունները։ Դուք գիտեք, որ ԵՄ անդամակցության մեթոդաբանությունը ենթադրում է բանակցություններ՝ ըստ կետերի։ Եվ կան պահանջներ, որոնք համապատասխանում են ԵՄ չափանիշներին, սակայն դրանք շատ բան կպահանջեն Ուկրաինայից», - ասել է նա։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան հայտարարել է, որ ուկրաինացի պաշտոնյաներն աշխատում են ուժեղացված ռեժիմով, որպեսզի իրենց կողմ տրամադրեն ԵՄ երկրների այն ղեկաարներին, որոնք դեռևս համոզված չեն, որ Կիևին պետք է թեկնածուի կարգավիճակ տալ հաջորդ շաբաթ։

«Մենք իրոք արժանի ենք հաջորդ տրամաբանական քայլին՝ թեկնածուի կարգավիճակին, - ասել է Ժովկվան Politico-ին։ - Անդամակցությանը դեռ շատ կա։ Սա նույնիսկ անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկ չէ։ Մենք արժանի ենք գոնե սրան»։

«Մենք չենք ընդունի որևէ այլընտրանք կամ փոխզիջում, ինչպես մեզ ասում են որոշ առաջնորդներ, կամ որևէ շեղում թեկնածուի կարգավիճակից», - ընդգծել է նա»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել