Խաղաղության օրակարգի հարցում հաջողությունը երաշխավորված չէ, բայց հակառակ տարբերակը տանում է ոչ միայն ԼՂ-ի, այլ ՀՀ-ի կործանման․ Փաշինյան
15:53 - 15 հունիսի, 2022

Խաղաղության օրակարգի հարցում հաջողությունը երաշխավորված չէ, բայց հակառակ տարբերակը տանում է ոչ միայն ԼՂ-ի, այլ ՀՀ-ի կործանման․ Փաշինյան

Ցանկացած կարգավիճակ, որ իրապես երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները, ազատությունները, պետք է լուծում համարվի մեր համար։  Այս մասին այսօր՝ ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Հայոց պետականության մեր նավը հայտնվել է խռովահույզ փոթորիկի հորձանուտում, որովհետև ամբողջ աշխարհն է հայտնվել խռովահույզ փոթորիկի հորձանուտում։ 2021 թ․-ին էր մեզ թվում, որ մենք ենք հայտնվել խռովահույզ փոթորիկի հորձանուտում, բայց կարելի էր կռահել, որ համաշխարհային փոթորիկ է սկսվում մեզանով»։

Նրա խոսքով՝ ոչ մեծ, ոչ փոքր պետությունների գոյությունը երաշխավորված չէ, և միակ երաշխիքը, որ կարող է լինել պետության համար,  համապարփակ խաղաղությունն է, երբ հարևանների հետ հարցերը լուծված են, սահմանները սահմանազատված են, սահմանագծված, խաղաղությունն էլ դե յուրե հաստատված․

«Մենք հիմա փորձում ենք գնալ այս ճանապարհով, կկարողանա՞նք, կստացվի՞։ Ոչ ոք չի կարող երաշխավորել, որովհետև խաղաղությունը միակողմանի շարժում չէ։ Մենք իլյուզիաներ չունենք  և տեսնում ենք, որ մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է, ավելի մեծ, քան կարելի է ենթադրել և խաղաղության օրակարգը մեզ ոչնչացնելու՝ աշխարհում գոյություն ունեցող ցանկությունները կառավարելու և չեզոքացնելու փորձ է»։

Փաշինյանը նաև նշեց, որ խաղաղության օրակարգի հարցում հաջողությունը երաշխավորված չէ, բայց հակառակ տարբերակը տանում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի կործանման։ «Մենք իհարկե սա թույլ տալ չենք կարող։ Հայաստանի ժողովրդին և հայ ժողովրդին կոչ եմ անում համախմբվել խաղաղության օրակարգի շուրջ, հայոց պետականության, հայ պետականության և նրա շահերի շուրջ, որովհետև չկա ավելի կարևոր ու բարձր բան, քան ՀՀ-ն ու նրա պետական շահերը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել