Տպավորություն է՝ Փաշինյանը և իր թիմը մերժել են ՀՀ-ԵՄ համաձայնագիրը՝ համարելով այն նախկինների ժառանգություն. Թովմասյան
10:42 - 15 հունիսի, 2022

Տպավորություն է՝ Փաշինյանը և իր թիմը մերժել են ՀՀ-ԵՄ համաձայնագիրը՝ համարելով այն նախկինների ժառանգություն. Թովմասյան

Տպավորություն է, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը և իր թիմը մերժել են նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ դիտարկելով այն որպես նախկինների ժառանգություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Նա նաեւ նշել է. «Օրերս Ազգային ժողովում հանդիպել եմ «Աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը` ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող օրենսդրության մոտարկման գործընթացում» ծրագրի ղեկավար Միկելե Դինելիի և ծրագրի փորձագետների հետ:

Ողջունել եմ, որ ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է համաձայնագրի իրականացման հարցը, քայլեր է ձեռնարկում այն կյանքի կոչելու համար, քանի որ դրա իրականացումը շատ կարևոր է Հայաստանի համար: Համաձայնագիրը կնքվել է դեռ 2017 թվականի նոյեմբերին  և տարիներ է, ինչ փոշոտվում է դարակներում: Տպավորություն է, որ ներկա իշխանությունը, նախկիններին մերժելով, մերժել է նաև մինչ հեղափոխությունը կնքված միջազգային այս համաձայնագիրը:

Այս համաձայնագրով նոր օրենքները պետք է մշակվեն համաձայնագրի պահանջներին համապատասխան, մինչդեռ, ինչպես նշել եմ հանդիպման ընթացքում, այսօր ընդունվում են այնպիսի օրենքներ, որոնք չեն բխում համաձայնագրի սկզբունքներից: Այդպիսիններից է օրինակ հենց ծանր վիրավորանքը քրեականացնող օրինագիծը:

Այս համաձայնագրում հստակ նշված է նաև, որ կողմերն ընդունում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրությունում և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի սպառնալիքից կամ գործադրումից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքների վրա՝ հաշվի առնելով նաև կարգավորման գործընթացին աջակցելու Եվրամիության հանձնառությանը: Իսկ այս ուղուց մենք ինքներս վաղուց շեղվել ենք:

Հավելել եմ, որ անհրաժեշտ է ոչ թե ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համաձայնեցնել Հայաստանի իրավիճակին, այլ Հայաստանում առկա իրավիճակը փորձել համաձայնեցնել ժողովրդավարության սկզբունքներին. պետք է ոչ թե փորձել հարմարվել հայաստանյան իրականությանը, այլ՝ Հայաստանը տանել ժողովրդավարացման ճանապարհով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել