Ներհամայնքային փոխադրումների մրցույթների համար կսահմանվի հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության պարտադիր պահանջ

 |armenpress.am|
13:31 - 14 հունիսի, 2022

Ներհամայնքային փոխադրումների մրցույթների համար կսահմանվի հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության պարտադիր պահանջ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ներհամայնքային փոխադրումների համար մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր միջոցների համար նախատեսվում է սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պարտադիր պահանջ: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց նախագծի հեղինակ, ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը:

Գործող օրենքով սահմանված է, որ մրցույթին ներկայացվող տրանսպորտային միջոցներում պետք է ներառվեն հաշմանդամություն ունեցող անձանց նստեցման և իջեցման համար հարմարեցված ավտոբուսներ, որոնց նվազագույն քանակը սահմանում է ՀՀ կառավարությունը: Իսկ կառավարության 2020 թվականին դեկտեմբերի որոշմամբ սահմանվել է, որ մրցույթներին ներկայացվող կազմակերպությունների համար սահմանված մատչելի տրանսպորտային միջոցների քանակը կազմում է ընդհանուր քանակի առնվազն 10 տոկոսը: Ըստ Բաթոյանի,  սակայն, այս պայմանը չի բխում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի սկզբունքներից և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՀՀ օրենքի պահանջից:

«Առաջարկում եմ ներհամայնքային փոխադրումների համար մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր միջոցների համար սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պարտադիր պահանջ, կարգավորել երթուղիների կազմակերպման ընթացքում հաշմանդամություն ունեցող ուղևորների կողմից աջակցվող միջոցների տեղափոխման գործընթացը, հստակեցնել ավտովարորդների պարտականությունները՝ հաշմանդամություն ունեցող ուղևորների փոխադրումը կազմակերպելու ընթացքում, սահմանել մատչելիության նորմերի պահպանման պահանջ ավտոկայարանային գործունեության կազմակերպման համար, ինչպես նաև սահմանել մատչելիության պարտադիր պահանջ՝ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն արդեն գործող ներհամայնքային երթուղիները նոր տրանսպորտային միջոցներով համալրման կամ փոխարինման դեպքում»,-ասաց Բաթոյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել