Տեղի է ունեցել Արցախի բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի անդրանիկ նիստը
12:01 - 14 հունիսի, 2022

Տեղի է ունեցել Արցախի բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի անդրանիկ նիստը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ հունիսի 13-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի անդրանիկ նիստը:
 
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծված պետական խորհրդի անհատական կազմում ընդգրկվել են ինչպես Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, օրենսդիր, գործադիր իշխանությունների համապատասխան ներկայացուցիչներ, այնպես էլ Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների ներկայացուցիչներ և ոլորտի առաջատար փորձագետներ, որոնք նիստին մասնակցել են հեռավար ձևաչափով:
 
«Հատկապես պատերազմից հետո Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության շուրջ աշխատանքների համակարգման անհրաժեշտությամբ է խորհուրդը ձևավորվել՝ միավորելու հայկական զույգ պետությունների պետական մարմինների և փորձագիտական շրջանակների ջանքերը:
 
Խորհրդի գործառույթներից են մեր մշակութային ժառանգության նկատմամբ տեղի ունեցող ոտնձգությունների ու հանցագործությունների մշտադիտարկումն ու արձանագրումը, միջազգային տարբեր հարթակներում իրավաքաղաքական, գիտական ու տեղեկատվական մեխանիզմներով փաստերի ներկայացումը՝ կանխարգելման և պատասխանատվության միջոցների կիրառման նպատակով»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:
 
Հաշվի առնելով բռնազավթված տարածքներում մշակութային ցեղասպանության պետական քաղաքականությունն Ադրբեջանի կողմից, ինչպես նաև փաստերի քողարկման, խեղաթյուրման ու մշակութային ժառանգության յուրացման հետևողական գործունեությունը՝ Բեգլարյանն ընդգծել է, որ խորհրդին սպասում է ծավալուն ու համակարգված աշխատանք՝ նպատակ ունենալով օգտագործել պետական, փորձագիտական ու հանրային բոլոր կարողունակ շրջանակների ներուժը դրված նպատակների համար:
 
Նիստում ընդունվել է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի միջոցառումների ծրագիրն ու հստակեցվել աշխատանքային առանձին ուղղությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել