Նոյեմբերի 9-ի հայտարությունը չի անդրադառնում Լեռնային Ղարաբաղի հարցին. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը  «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը
10:18 - 14 հունիսի, 2022

Նոյեմբերի 9-ի հայտարությունը չի անդրադառնում Լեռնային Ղարաբաղի հարցին. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, ԼՂ հիմնախնդրին, հայ-թուրքական հարաբերություններին և այլ թեմաների: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը:

Հարց - «Ալ Ջազիրա» - Թույլ տվեք սկսել Ադրբեջանի հետ ստորագրած համաձայնագրից, որի պատճառով ուժեղ ճնշումների եք ենթարկվել, և ցուցարարները նույնիսկ հասան Ձեր տուն։ Ինչպե՞ս եք գնահատում այս պայմանագիրը հիմա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կարծում եմ նկատի ունեք այն եռակողմ հայտարարությունը, որ ստորագրվել է իմ, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի կողմից։ Այդ հայտարարությամբ ուժի մեջ մտավ հրադադարը և վերջ տրվեց ամեն տեսակի ռազմական գործողություններին, և կարծում եմ այդ ժամանակ դա Լեռնային Ղարաբաղում բռնությանը վերջ դնելուն միտված քայլ էր: Պետք է նշեմ, որ այդ հայտարությունը չի անդրադառնում Լեռնային Ղարաբաղի հարցին, բայց հարկավոր է անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, և մենք հույս ունենք, որ առաջիկա ժամանակներում կկարողանանք անդրադառնալ ԼՂ խնդրին:

Հարց - «Ալ Ջզիրա» - Ընդհատելով Լեռնային Ղարաբաղի մասին խոսակցությունը, ցանկանում եմ նկատել` կոնկրետ այս հարցը ենթադրում է, որ երկու երկրների միջև կա Սահմանազատման հանձնաժողով, որը կքննի այդ հարցը։ Ի՞նչն է մինչ այժմ խանգարում նրա աշխատանքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իրականում մենք Ադրբեջանի հետ բազմաթիվ հարթություններում հաղորդակցություն ունենք, և Դուք իրավացի եք, վերջերս մենք կազմել ենք Սահմանազատման հանձնաժողով Հայաստանի և Ադրբեջանի միջև, և շատ կարևոր է այդ աշխատանքը շարունակելը։ Ընդամենը մեկ հանդիպում է տեղի ունեցել, բայց արդեն համաձայնություն ունենք, որ երկրորդ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, իսկ երրորդ հանդիպումը` Բրյուսելում: Հույս ունենք, որ մեր միջազգային գործընկերների աջակցությամբ, և իհարկե երկկողմ աշխատանքի շնորհիվ, մեզ կհաջողվի դելիմիտացիայի ենթարկել մեր սահմանները։

Հարց - «Ալ Ջազիրա» - Իսկ եթե այս հանձնաժողովը որոշի, որ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը պետք է պատկանի Ադրբեջանին, ապա ինչպիսի՞ն կլինի Ձեր դիրքորոշումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իրականում Սահմանազատման հանձնաժողովը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, որովհետև ինչպես ասացի, մենք Ադրբեջանի հետ հաղորդակցության տարբեր հարթություններ ունենք, որոնցից մեկը սահմանազատման աշխատանքներին է վերաբերում: Նաև շատ կարևոր է նշել սահմանի անվտանգության հարցը, որը նույնպես այս հանձնաժողովի մանդատի ներքո է, որովհետև մենք պետք է պահպանենք կայունություն և անվտանգություն ամբողջ սահմանի երկայնքով։

Երկրորդ հարթությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն է։ Կա ևս մեկ հարթություն, որը տարածաշրջանային, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացման մասին է։ Բայց իհարկե, ամենահրատապ հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև և տարածաշրջանային խաղաղության համար Լեռնային Ղարաբաղի հարցն է։

Հարց - «Ալ Ջազիրա» - Կրկին ընդհատելով Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսակցությունը. հենց դա է զայրացնում ընդդիմությանը։ Ռուսաստանը, որը հովանավորն է այս համաձայնագրի կամ, ինչպես ասացիք, հայտարարության, համարվում է Հայաստանի դեմ դավադրության մեջ ներգրավված, և ավելի շատ աջակցում է Ադրբեջանին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, բայց Ռուսաստանը շատ մտերիմ պետություն է նաև Ադրբեջանի համար։ Եվ այս պարագայում մենք տեսնում ենք Ռուսատսնի դերը որպես եռակողմ հայտարարության երաշխավոր, որը, ինչպես նշեցի, ստորագրվել է երեք կողմերի միջև։

Հարց - «Ալ Ջազիրա» - Քանի որ անդրադարձաք Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններին և ձեզ կապող դաշինքներին, ի՞նչ դիրքորոշում ունեք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից սկսված պատերազմի վերաբերյալ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իհարկե, մենք շատ անհանգստացած ենք Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով, բայց կարծում եմ, աշխարհի բոլոր երկրներն են անհանգստացած, որովհետև ի՞նչ ենք տեսնում հիմա։ Մենք տեսնում ենք աշխարհակարգի փլուզում, և ոչ մեկ չգիտի ինչպիսին կլինի հաջորդ աշխարհակարգը, և իհարկե, մենք աջակցում ենք բոլոր խնդիրների` երկխոսության ու խաղաղ ճանապարհով լուծմանը։

Հարց - «Ալ Ջազիրա» - Այո, Դուք ասում եք, որ բոլոր երկրները ուշի ուշով հետևում են, բայց Ձեր երկրի համար մի փոքր այլ է: Ձեր տնտեսությունը սերտորեն կապված է Ռուսաստանի տնտեսության հետ, ի՞նչ ազդեցություն դա կունենա, մանավանդ, որ վերջինս ենթարկվում է Արևմտյան խիստ պատժամիջոցների:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, իրավիճակը հաճելի չէ մեզ համար տնտեսական առումով։ Բայց եթե անկեղծ լինեմ, առաջին եռամսյակում մենք արձանագրել ենք 8.6% տնտեսական աճ, և հույս ունենք կկարողանանք պահպանել այս դինամիկան։ Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերից հետո շատ մարդիկ և բիզնեսներ Ռուսաստանից տեղափոխվել են Հայաստան, քանի որ մենք չեզոք տնտեսական գոտի ունենք, և թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ են: Այս իրավիճակում մենք հույս ունենք, և կարծում եմ, ի վիճակի կլինենք կառավարել տնտեսական այս իրավիճակը։ Բայց իհարկե, ոչ միայն Ռուսաստանի տնտեսական վիճակն է ուղղակիորեն ազդեցություն ունեցել Հայաստանի տնտեսության վրա, այլ նաև գլոբալ տնտեսական լարվածությունը՝ կապված օրինակ սննդի մատակարարման, գնաճի և շատ այլ գործոնների հետ։ Բայց այս պահին Հայաստանի տնտեսական ցուցանիշները բավականին դրական են։

Հարց - «Ալ Ջազիրա» - Անդրադառնալով Հայաստանի տնտեսական ցուցանիշներին՝ Ձեր երկիրը մյուսներից ավելի լա՞վ վիճակում է։ Դուք ենթարկվո՞ւմ եք որևէ ճնշման՝ լինի դա Մոսկվայից, թե Արևմուտքից, որոնք վերաբերում են Հայաստանի հատուկ հարաբերություններին Մոսկվայի հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Չեմ ժխտի, որ մեր երկրի և կառավարության վիճակը բավականին զգայուն է, բայց մենք փորձում ենք լինել ուղիղ, ազնիվ և վստահելի գործընկեր Ռուսաստանի, մեր եվրոպական և արևմտյան գործընկերների, մեր հարևանների համար։ Դա այնքան էլ հեշտ չէ, բայց կարծում եմ ղեկավարները նախատեսված են հենց այնպիսի իրավիճակների համար, ինչպիսին մենք այժմ ունենք, և մեր պարտականությունն է` կառավարել այս իրավիճակն ու պահպանել պատշաճ հարաբերություններ մեր գործընկերների հետ և ոչ մեկին չդավաճանել։

Հարց - «Ալ Ջազիրա» - Ընդհատելով խոսակցությունը, եթե ձեր գործընկերների հետ հարաբերությունները նորմալ են, ապա ի՞նչ կասեք Թուրքիայի հետ հարաբերությունների մասին: Հայաստանն ու Թուրքիան հայտարարեցին հարաբերությունների նոր էջ բացելու մասին. ո՞րն է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջոցով սկսել ենք երկխոսություն։ Երկխոսությունն ինքնին արդեն շատ դրական է, բայց հույս ունենք, որ կարձանագրենք շոշափելի արդյունքներ։

Հարց - «Ալ Ջազիրա» - Ընդհատելով խոսակցությունը, խոսո՞ւմ եք արդյոք Թուրքիայի հետ փոխադարձ այցերի մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Չեմ կարող ասել, որ մենք դեռ ոչ մի արդյունք չենք գրանցել, որովհետև երկխոսության սկզբից հետո մենք Հայաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ չվերթներ ենք սկսել, բայց սա մի բան է, որ մենք ունեինք նաև նախկինում։ Ես հույս ունեմ, որ ի վիճակի կլինենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, որն արդեն 30 տարի է, ինչ փակ է։

Հարց - «Ալ Ջազիրա» - Ինչպիսի՞ն է Հայաստանի մոտեցումն ու դիրքորոշումն այն միջանցքի նկատմամբ, որը ենթադրաբար պետք է կապի Ադրբեջանը և Անկարան՝ անցնելով Ձեր երկրի տարածքի միջով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, մեզ համար անընդունելի են այսպես կոչված միջանցքի մասին ձևակերպումները, և դա մեզ համար կարմիր գիծ է, քանի որ մեր տարածաշրջանում, համաձայն եռակողմ հայտարարության, որի մասին նշեցի մեր խոսակցության սկզբում, մենք ունենք մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին։ Բայց մեր եռակողմ հայտարարության մեջ ունենք մեկ այլ դրույթ, որը հաղորդակցությունների բացման մասին է։ Նկատի ունեմ երկաթուղիներ, ճանապարհներ, և մենք պատրաստ ենք, իրականում արդեն քննարկում ենք տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու հարցը՝ երկուստեք ինքնիշխանության և սահմանների անքակտելիության հարգանքի սկզբունքով։

Հարց - «Ալ Ջազիրա» - Դուք դրական եք արտահայտվում, մինչդեռ Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ ընդհանուր առմամբ վատ են, բացառությամբ Իրանի: Ոմանք իրականում զարմացած են, որ Իրանը, լինելով Իսլամական Հանրապետություն, կանգնեց ձեր կողքին Ադրբեջանի դեմ: Ինչպե՞ս եք բացատրում այս կեցվածքը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք ունենք չորս հարևաններ և նրանցից երկուսի հետ ունենք շատ լավ հարաբերություններ, նկատի ունեմ Վրաստանին ու Իրանին։ Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, որը նույնպես լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, և մենք չունենք այնպիսի մտադրություն, որ չունենանք լավ հարաբերություններ այն երկրների հետ, որոնք ունեն լավ հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Բայց հիմա մենք Իրանի հետ շատ սերտ կապեր ունենք, և իմիջիայլոց, հույս ունենք, որ Իրանի հետ համագործակցությամբ ի վիճակի կլինենք ընդլայնել մեր երկկողմ հարաբերությունները նաև Քաթարի հետ։ Մենք այժմ աշխատում ենք Իրանի և Հայաստանի միջև հաղորդակցությունները զարգացնելու ուղղությամբ, և այժմ շատ ռազմավարական մի մայրուղու կառուցման փուլում ենք, որը կոչվում է Հյուսիս-հարավ և կապում է Վրաստանի հետ մեր սահմանն Իրանի հետ սահմանին։ Մենք հույս ունենք, որ այդ ծրագրի արդյունքում մեր տնտեսական հարաբերությունները Իրանի հետ կզարգանան։ Եվ իմիջիայլոց, Եվրասիական տնտեսական միությունը, ես արդեն ասացի, որ Հայաստանը դրա անդամն է, Իրանի հետ ունի ազատ առևտրի պայմանագիր, որը շատ կարևոր է մեր երկկողմ հարաբերությունների համատեքստում։

Հարց - «Ալ Ջազիրա» - Թույլ տվեք եզրափակել հարցազրույցը արաբական երկրներ Ձեր այցերի անդրադարձով: Ի՞նչ եք ակնկալում արաբական աշխարհից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Պետք է նշեմ, որ Հայաստանում շատ ջերմ վերաբերմունք կա Արաբական աշխարհի նկատմամբ, որովհետև մենք ունենք ավանդական հարաբերություններ: Այժմ ես Հայաստանի ու Քաթարի միջև երկկողմ առևտրի աճի հույս ունեմ, որովհետև այս հիասքանչ երկրի հետ մեր երկկողմ հարաբերություններում առկա է շատ դրական քաղաքական միջավայր։

«Ալ Ջազիրա» - Շնորհակալություն հարցազրույցի համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել