Ֆրանսիայում ամփոփվել են խորհրդարանական ընտրությունների 1-ին փուլի արդյունքները. Մակրոնի գլխավորած ուժն առաջատարն է
 |hetq.am|
11:58 - 13 հունիսի, 2022

Ֆրանսիայում ամփոփվել են խորհրդարանական ընտրությունների 1-ին փուլի արդյունքները. Մակրոնի գլխավորած ուժն առաջատարն է |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների առաջին փուլը վստահ հաղթանակ չի բերել ո՛չ ընդդիմությանը, և ո՛չ էլ նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած նախագահական մեծամասնությանը։ Ուշ գիշերը Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է ընտրությունների առաջին փուլի արդյունքները։ 

Իշխող «Միասին» դաշինքը, որը ձևավորվել է նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած «Ռենեսանս» և կենտրոնամետ մյուս քաղաքական ուժերի միավորման արդյունքում, հավաքել է ձայների 25,75 %-ը, այն դեպքում, երբ նրանց հիմնական մրցակիցները՝ ձախ «Նոր ժողովրդական բնապահպանական և սոցիալական միություն»-ը (NUPES) դաշինքը ստացել է ձայների 25,66%-ը։ Երրորդ հորիզոնականն զբաղեցնում է Մարին Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցությունը (18,7%), չորրորդը՝ «Հանրապետականները» (10,4%)։ Հինգերորդ հորիզոնականում հայտնվել են Էրիկ Զեմուրի «Ռեկոնկիստա» կուսակցության ներկայացուցիչները՝ հավաքելով ձայների 4,2 %-ը, սակայն այդպիսի արդյունքը փաստացի շանսեր չի տալիս հայտնվելու խորհրդարանում։ Մյուս կուսակցություններն ու միությունները չեն հաղթահարել 4 %-անոց շեմը։

Մարին Լը Պենը, որը նախագահական մրցավազքից հետո գարնանը ժամանակավորապես ցած էր դրել «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդի լիազորությունները, հավաքելով ձայների 54 %-ը, մեծ տարբերությամբ դուրս է եկել ընտրությունների երկրորդ փուլ։ Միևնույն ժամանակ աջ քաղաքական գործիչ Էրիկ Զեմուրը, որը նախագահական ընտրություններից հետո Լը Պենին առաջարկում էր հավաքել աջերի կոալիցիա, պարտություն է կրել իր շրջանում՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը։ Նախագահական ընտրություններում Մակրոնի և Լը Պենի հիմնական մրցակիցներից մեկը՝ Ժան-Լյուկ Մելանշոնը այս ընտրություններին չէր առաջադրվել, սակայն նա ավելի հեռահար պլաններ ունի։ Իր կողմից ձևավորված NUPES միության անդամ ուժերը եկել են այն պայմանավորվածության, որ եթե ձախերը հաղթեն խորհրդարանական ընտրություններում, կաջակցեն վարչապետի պաշտոնում Մելանշոնի առաջադրմանը։

Նախօրեին տեղի ունեցած ընտրություններում գրանցվել է Ֆրանսիայի պատմության ամենացածր մասնակցությունը։ Ինչպես նշում են վերլուծաբանները, խորհրդարանական ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի նվազում է։ 

Ինչպես ավելի վաղ զգուշացրել էր Էմանուել Մակրոնը, այն նախարարները, որոնք իրենց ընտրական շրջաններում չեն հաղթի, չեն հայտնվի ապագա կառավարության կազմում։ Այս առումով անհայտ է կառավարության 15 անդամների ճակատագիրը՝ սկսած վարչապետ Էլիզաբեթ Բորնից, որը ևս կմասնակցի երկրորդ փուլին։ Առաջին փուլում նա հավաքել էր ձայների 34,3 %-ը։

«Այսօր մենք միակ քաղաքական ուժն ենք, որն ունակ է ուժեղ և ակնառու մեծամասնություն ստանալ խորհրդարանում, որը մեզ հնարավորություն կտա արձագանքելու հրատապ մարտահրավերներին, որոնք կանգնած են ֆրանսիացիների առաջ և արձագանքել ապագայի խնդիրներին»,- ասել է Բորնը։

Շարունակությունը՝ hetq.am-ում 

Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված է հաջորդ կիրակի՝ հունիսի 19-ին։

Առավել մանրամասն՝ hetq.am-ում

Լուսանկարը՝ Bob Edme/AP Photo


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել