Պարենային ապրանքների գների աճը՝ ցույցերի պատճառ զարգացող երկրներում․ Reuters
20:18 - 10 հունիսի, 2022

Պարենային ապրանքների գների աճը՝ ցույցերի պատճառ զարգացող երկրներում․ Reuters

Պատերազմն Ուկրաինայում և կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացած երաշտը հանգեցրել են հացահատիկի, ձեթի, վառելիքի և պարարտանյութերի համաշխարհային գների աճի, գրում է Reuters-ը, որի հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․

«Սննդամթերքի գների աճը ցույցերի պատճառ է դարձել աշխարհի տարբեր երկրներում՝ Ինդոնեզիայից մինչև Իրան։

Եվրոպայում ցորենի գներն աճել են 52%-ով, իսկ արմավենու յուղի ֆյուչերսների գինը հունվարից հետո աճել է 25%-ով։

Այս միտումը շարունակվում է և տագնապ առաջացնում քաղաքական գործիչների շրջանում․ ՄԱԿ-ը զգուշացնում է, որ գների բարձրացումը կվատթարացնի առկա պարենային ճգնաժամն Աֆրիկայում՝ երեխաների մոտ «աղետալի» թերսնման բերելով։

Ներկայացնում ենք այն երկրների ցանկը, որտեղ վերջին մի քանի ամսում բողոքի ցույցեր են սկսվել պարենային ապրանքների գների աճի պատճառով։

 

Արգենտինա

Հազարավոր ֆերմերներ ցույցի են դուրս եկել Բուենոս Այրեսում ապրիլի 23-ին՝ բողոքելով նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի կառավարման դեմ, որի՝ գնաճի դեմ պայքարի համար սննդամթերքի գների զսպմանն ուղղված քաղաքականությունը քննադատության է արժանացել երկրի գյուղատնտեսական հատվածի կողմից։

 

Չիլի

Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում մարտի 25-ին հազարավոր ուսանողներ երթ են անցկացրել՝ պահանջելով ավելացնել սննդամթերքի համար նպաստները։

 

Կիպրոս

Կիպրոսի ֆերմերները մայիսի 18-ին տոննաներով կաթ են թափել և այրել ծղոտի դարսակները Նիկոսիայում՝ նախագահական պալատի առջև՝ բողոքելով բարձր գներից և արտադրական խնդիրներից։

 

Հունաստան

Հազարավոր հույն աշխատավորներ Աթենքում Աշխատավորների օրը ցույցեր են անցկացրել՝ էներգակիրների և սննդամթերքի գների աճի դեմ։ Հունաստանում տարեկան սպառողական գնաճը մարտին հասել է 8,9%-ի, որը վերջին 27 տարում ամենաբարձր ցուցանիշն է։

 

Գվինեա

Գվինեայի մայրաքաղաքում հունիսի 2-ին մեկ մարդ է սպանվել վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ցույցերի ժամանակ։ Սրանք ամենալուրջ հուզումներն են այն պահից ի վեր, երբ անցյալ տարի երկրում իշխանության է եկել ռազմական խունտան: Կոնակրիում գիշերը կրակոցներ էին հնչել, երբ մարդիկ փակել էին փողոցները, անվադողեր այրել՝ որպես բողոքի նշան բենզինի գների 20% տոկոս աճի դեմ։

 

Ինդոնեզիա

Մայիսի 17-ին ինդոնեզացի ֆերմերները բողոքի ցույց են անցկացրել Ջակարտայում՝ արմավենու յուղի արտահանման արգելքի դեմ։ Ֆերմերների APKASINDO ասոցիացիայի տվյալներով՝ արգելքի սահմանումից հետո արմավենու յուղ արտադրողների նվազագույնը 25%-ը դադարել է արմավ գնել անկախ ֆերմերներից։ Արդյունքում՝ արմավի գները սահմանված նվազագույն արժեքից 70%-ով ավելի ցածր են։

 

Իրան

Գների աճի դեմ ցույցերն Իրանում քաղաքական երանգ են ստանում՝ դրանց տարածմանը զուգահեռ։ Ցույցերը սկսվել են մայիսի սկզբին այն բանից հետո, երբ կառավարությունը որոշում է ընդունել կրճատել սուբսիդիաները։ Այս որոշման  հետևանքով Իրանում 300%-ով աճել են հացաբուլկեղենի գները։ Աճել են նաև որոշ առաջին անհրաժեշտության ապրանքների՝ ձեթի և կաթնամթերքի գները։

Թոշակառուներն Իրանում բողոքի ցույց են անցկացրել հունիսի 6-ին՝ ընդդեմ գների աճի։ Շուրջ 1000 թոշակառուներին ուղեկցել է ոստիկանությունը։

 

Քենիա

Նայրոբիում ցուցարարները հանրահավաք են անցկացրել մայիսի 17-ին՝ կառավարությանը խնդրելով իջեցնել ապրանքների, հատկապես՝ սննդամթերքի գները։

 

Լիբանան

Լիբանանում բեռնատարների և ավտոբուսների վարորդները հունվարին փակել են ճանապարհները՝ բողոքելով գների աճի դեմ։ Ցուցարարները քաղաքական գործիչներին մեղադրում էին 2019 թ-ից սկսված տնտեսական ճգնաժամը հաղթահարելու անկարողության համար։

 

Պաղեստին

Պաղեստինի ոստիկանությունը հունիսի 6-ին մի շարք անձանց է ձերբակալել սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ։ Պաշտոնական տվյալներով՝ սննդամթերքի աճը կազմել է 15-18%։

 

Պերու

Պերուում նույնպես գրանցվել է գնաճի ամենաբարձր ցուցանիշը վերջին 25 տարում։ Սննդամթերքի և վառելիքի գների աճը բնակչության շրջանում զայրույթ է առաջացրել, ապրիլին նրանք փակել են ճանապարհները, կառավարությունը ստիպված է եղել դիմել բանակի օգնությանը։

 

Շրի Լանկա

Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան մայիսին արտակարգ դրություն էր հայտարարել ահագնացող տնտեսական ճգնաժամի պատճառով անցկացված հակակառավարական ցույցերից և գործադուլներից հետո։ Տնտեսական ճգնաժամը Շրի Լանկայում աննախադեպ է՝ 1948 թ-ին անկախություն ձեռք բերելուց ի վեր։ Դրա պատճառը կորոնավիրուսի համավարակն է ու նավթի գների աճը։

 

Սուդան

Սուդանում նախորդ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո ազգային արժույթը մեկ երրորդով արժեզրկվել է։ Սա հանգեցրել է վառելիքի, սննդամթերքի և այլ ապրանքների գների աճի։ Մարդիկ դժգոհ են և մարտին երթեր են անցկացրել՝ բողոքելով ռազմական հեղաշրջման և որպես դրա հետևանք՝ տնտեսական ճգնաժամի դեմ»։

 

Նորա Վանյան

Լուսանկարը՝ reuters-ի, Պերուի ցույցերից 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել