Ուկրաինայի կողմից պատերազմին մասնակցած երկու բրիտանացիներին և մարոկկացուն ԴԺՀ-ում մահապատժի են դատապարտել
17:44 - 10 հունիսի, 2022

Ուկրաինայի կողմից պատերազմին մասնակցած երկու բրիտանացիներին և մարոկկացուն ԴԺՀ-ում մահապատժի են դատապարտել

Ինքնահռչակ ԴԺՀ Գերագույն դատարանը հունիսի 9-ին մահապատժի է դատապարտել երեք օտարերկրացիների, որոնք կռվել են Ուկրաինայի կողմից։ Դատարանն այսպիսի վճիռ է կայացրել Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացիներ 48-ամյա Շոն Փիների և նրա ընկեր 28-ամյա Էյդեն Էսլինի, ինչպես նաև Մարոկկոյի 21-ամյա քաղաքացի Բրահիմ Սաադունի դեմ։ Մահապատիժը պետք է ի կատար ածվի գնդակահարման միջոցով, գրում է Meduza-ն։

Բոլոր երեքը մեղադրվում էին ԴԺՀ Քրեական օրենսգրքի «Իշխանության բռնազավթում կամ իշխանության բռնի պահպանում» և «Վարձկանություն» հոդվածներով։ Ինչպես հայտնել է դատարանում նախագահող Ալեքսանդր Նիկուլինը, դատապարտյալները խոստովանել են մեղքը մեղադրանքի բոլոր կետերով։ Նրանք մեկ ամիս ունեն՝ դատարանի վճիռը բողոքարկելու համար։ Երեքն էլ մտադիր են բողոքարկել այն։ Դատապարտվածների փաստաբաններից մեկը՝ Պավել Կոսովանն, ասել է, որ, ըստ ամենայնի, օտարերկրացիները ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինին կխնդրեն ներում շնորհել իրենց։

Դատապարտյալները դեռևս պատերազմից առաջ պայմանագիր էին կնքել Ուկրաինայի Զինված ուժերի հետ։ Ինչպես հայտնել է «Մեդիազոնան», Էդեն Էսլինն ու Շոն Փիներն ուկրաինական բանակում ծառայության են անցել 2018 թ-ին, Բրահիմ Սաադունը՝ 2021-ին։ Երեքն էլ ծառայել են Ուկրաինայի Զինված ուժերի Մարիուպոլի ծովային հետևակի 36-րդ բրիգադում։ Հայտնի է, որ երկու բրիտանացիներն ամուսնացել են Ուկրաինայում, իսկ մարոկկացին ծառայությունից առաջ սովորել է Կիևի բուհերից մեկում։ Էսլինն ու Փիներն ապրիլի կեսերին գերի են հանձնվել Մարիուպոլում, Սաադունը՝ մարտի 12-ին Վոլնովախայում, որը գտնվում է Մարիուպոլի և Դոնեցկի միջև։ ԴԺՀ-ում դատում են ևս մեկ օտարերկրացու՝ բրիտանացի Էնդրյու Հիլին։ Նրա գործով վճռի մասին չի հաղորդվել։

Սա մահապատժի առաջին վճիռն է ԴԺՀ-ում, որը կայացվել է Ուկրաինայի Զինված ուժերի զինծառայողների գործով։

Ուկրաինան հետաքննում է դատավճեռները, որոնք կայացրել է «կեղծ դատարանը», հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան։ Նրա խոսքով՝ բոլոր երեք զինծառայողները, Ժնևի կոնվենցիայի համաձայն, «կոմբատանտների իմունիտետ ունեն և, որպես ռազմագերի, չեն կարող պատասխանատվության ենթարկվել ռազմական գործողություններին անմիջականորեն մասնակցելու համար»։

Մեծ Բրիտանիայի իշխանությունը հայտարարել է, որ Էսլինն ու Փիները չպետք է դատական հետապնդման ենթարկվեն, քանի որ ռազմագերի են։ 

«Մենք անընդհատ խոսում ենք այն մասին, որ ռազմագերիները չպետք է օգտագործվեն քաղաքական նպատակներով», — ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի պաշտոնական ներկայացուցիչը։ Մեծ Բրիտանիայի արգործնախարար Լիզ Թրասն ասել է, որ «դա կեղծ դատավճիռ է, որը բացարձակ ոչ մի լեգիտիմություն չունի»։

Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարությունում ասված է, որ երկիրը «շարունակելու է աշխատել Ուկրաինայի իշխանության հետ՝ փորձելով հասնել Բրիտանիայի բոլոր քաղաքացիներին ազատ արձակելուն, որոնք ծառայում են Ուկրաինայի Զինված ուժերում»։

ԱՄՆ-ն Ռուսաստանին և նրա «խամաճիկներին» կոչ է արել հարգել միջազգային հումանիտար իրավունքը։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը կազմակերպության անունից կոչ է արել, «որ ռազմական գործողությունների բոլոր ձերբակալված մասնակիցները միջազգային պաշտպանություն ստանան, և որ նրանց հետ վարվեն՝ Ժնևի կոնվենցիայի համաձայն»։

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ԴԺՀ դատարանի վճիռը խեղկատակություն է անվանել, որը խախտում է ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիան։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով դատավճիռը, ասել է, որ այն կայացվել է ԴԺՀ օրենսդրության հիման վրա։

«Հանցագործությունները, որոնց մասին գնում է խոսքը, կատարվել են ԴԺՀ տարածքում։ Մնացածն արդեն, երևի թե, շահարկումների առարկա է։ Ես չէի միջամտի Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության իրավապահ և դատական համակարգերի գործերին», - ասել է նա։

ԴԺՀ-ում օտարերկրացիների գործով դատավճիռը կայացվել է այն բանից մի քանի շաբաթ անց, երբ Ուկրաինայում առաջին անգամ դատել են ռուսաստանցի զինվորականին՝ ներխուժման ժամանակ կատարած հանցագործությունների համար։ Մայիսի 23-ին ռուսաստանցի սպա Վադիմ Շիշիմարինը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ ռազմական հանցագործության՝ խաղաղ բնակչի սպանության համար։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել