300 հազար դրամից ավելի գործարքների դիմաց վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով
19:32 - 09 հունիսի, 2022

300 հազար դրամից ավելի գործարքների դիմաց վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով

Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ 

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը նախագծի քննարկման ընթացքում ասաց՝ այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու 2022 թ. հունվարի 18-ին ընդունված «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որի համաձայն՝ 300 հազար դրամից ավելի գործարքների դիմաց վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով: Սա վերաբերում է, մասնավորապես, գույքի օտարման, օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքներին, որոնց գինը գերազանցում է 300 հազար դրամը կամ օրինակ՝ 500 հազար դրամը, եթե դրանք այնպիսի գործարքներ են, որոնց արդյունքում գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են գրանցման: Դրանք են, օրինակ՝ անշարժ  գույքի առք ու վաճառքը կամ ֆիզիկական անձանց միջեւ փոխառությունները՝ 300 հազար դրամը գերազանցելու դեպքում  եւ այլն։ 

«Այս կարգավորումները կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ապահովել, որ նմանատիպ գործարքներն իրականում կատարվեն անկանխիկ եղանակով»,- ասաց փոխնախարարը՝ ընդգծելով, որ քննարկվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ այն դեպքում, երբ չեն պահպանվել նշված օրենքի պահանջները, տվյալ գործարքը կհամարվի առոչինչ եւ անվավեր:

Նախագիծն ընդունվեց 56 դեմ, 0 կողմ ձայներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել